ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ ազգային արժեքների վերաբերյալ ձևակերպումները մտահոգիչ են

2020 թվականի հուլիսի 10-ին Հայաստանի Անվտանգության խորհուրդն ընդունեց Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Ցանկացած երկրի՝ այդ թվում նաև Հայաստանի դեպքում անվտանգության ռազմավարարությունը հանդիսանում է շատ կարևոր և առանցքային փաստաթուղթ, քանի որ ամրագրում է անվտանգային, արտաքին, ներքին, տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները, երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու և դրանք հաղթահարելու ուղիները: Եվ չնայած փաստաթղթի նման կարևորությանը՝ այն ընդունվել է առանց պատշաճ մակարդակով հանրային քննարկումներ անցկացնելու:

Նոր փաստաթղթի հետ կապված մյուս մտահոգությունը վերաբերում է կառուցվածքին և բառակազմին: Պետք է նկատել, որ անվտանգության նոր ռազմավարությունը չունի նման փաստաթղթերին բնորոշ համակարգային կառուցվածք և բառակազմ, ինչը փաստաթղթին որոշակի անլրջություն է հաղորդում, իսկ երբեմն էլ խառնաշփոթ առաջացնում:

Փաստաթղթին վարչապետի ուղերձը կցելն իր հերթին տարընթերցումների տեղիք է տալիս. անհասկանալի է՝ ուղերձը պաշտոնապես դիտվում է որպես ռազմավարության մա՞ս, թե՞ ոչ: Եվ եթե ուղերձում տեղ գտած մտքերն ունեն նման կարևորություն, որ այն կցվում է պաշտոնական փաստաթղթին, ինչո՞ւ չեն ներառվել բուն ռազմավարության մեջ:

Ինչ վերաբերում է ուղերձի բովանդակությանը, ապա վարչապետի կողմից ներկայացված ազգային արժեքների շարքում ներառվել են որոշները, որոնք ուղղակի տարակուսանք են առաջացնում: Այսպես, Նիկոլ Փաշինյանը որպես հայ ժողովրդի ազգային արժեք է ներկայացնում հեղինակային և էստրադային երաժշտությունը՝ ի թիվս հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական երաժշտության: Նկատենք, որ հայ ժողովրդի կողմից հայկական էստրադային և հեղինակային երաժշտությունը չի ընկալվում որպես ազգային արժեք, նույնիսկ ամենամեծ ժողովրդականություն վայելող էստրադային կատարողներին ժողովրդական կամ վաստակավոր արտիստի կոչում շնորհելը վերջին տարիներին հասարականության կողմից լուրջ քննադատության է արժանացել, ուստի վարչապետի կողմից հեղինակային և էստրադային երաժշտությունը որպես ազգային արժեք ներկայացնելը շատ կասկածելի է:

Ավելի մտահոգիչ է եկեղեցուն վերաբերող կետը: Այսպես, ուղերձում որպես ազգային արժեք է ներկայացվում Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին: 

Հայ ավետարանական եկեղեցին, ի տարբերություն Հայ կաթողիկե եկեղեցու, Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողմից ոչ միայն չի դիտվում որպես քույր եկեղեցի, այլև ճանաչվել է որպես աղանդ, հերձվածություն:

 Աղանդը որպես ազգային արժեք ներկայանցելը, հայ ժողովրդի կյանքում Հայ առաքելական սուրբ եկեղեցու արժեքի նվազեցման փորձը՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու և կաթողիկե ու ավետարանական եկեղեցիների միջև հավասարության նշան դնելով, վերջին երկու տարվա ընթացքում Հայ առաքելական սուրբ եկեղեցու շուրջ տեղի ունեցող բավականին մտահոգիչ զարգացումներն, ըստ էության, միտված են ստվերելու առաքելական եկեղեցու դերը ժողովրդի կյանքում: Աղանդի և Հայ առաքելական եկեղեցու մեծ հավասարության մեջ դնելը ստեղծում է վտանգավոր նախադեպ անկախ նրանից, որ հայ առաքելական եկեղեցին սփյուռքի հետ կապված հարցերում համագործակցում է ավետանական կառույցների (ոչ թե եկեղեցի) հետ:

Նկատենք, որ նոր ռազմավարության մեջ հայապահպանության խնդիրը մեծ հաշվով շրջանցված է. անդրադարձ արվում է բացառապես Սփյուռքի հետ համագործակցության համատեքստում, այնինչ 2007 թվականի ռազմավարության մեջ  հայագիտական ճյուղերի` հայոց լեզվի, գրականության, պատմության ու մշակույթի` որպես ազգային հոգևոր ժառանգության հարատևությունն ապահովող և ազգային ինքնությունը մարմնավորող գործոնների զարգացումը, ազգային մշակույթի համակողմանի զարգացումը դիտվում էր որպես ազգային անվտանգության ապահովման գործոն:

Նոր ռազմավարության մեջ այս հարցերին անդրադարձի բացակայությունն, ըստ էության, արտահայտում է այսօր իշխանության կողմից իրականացվող քաղաքականությունը: Վերջին երկու տարիներին հանրային մեծ դժգոհություն են առաջանցում կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները, որոնց արդյունքում վերանայվում է հայագիտական առարկաների դասավանդումն ուսումնական հասատատություններում:

Ռազմավարության մեջ և դրան կցված վարչապետի ուղերձում տեղ գտած այս ձևակերպումները և վերջին երկու տարիներին նշված ուղղություններում տեղի ունեցող զարգացումներն ակնհայտորեն չեն կարող դրական ազդեցություն ունենալ հայ ժողովրդի ազգային գիտակցության ամրապնդման տեսանկյունից, ինչն էլ իր հերթին ունի անվտանգային նշանակություն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: