ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը. ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել Արցախյան կարգավորման հարցում մեր դիրքորոշման մեջ

2020 թվականի հուլիսի 10-ին Հայաստանի Անվտանգության խորհուրդն ընդունեց Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Ցանկացած երկրի՝ այդ թվում նաև Հայաստանի դեպքում անվտանգության ռազմավարարությունը հանդիսանում է շատ կարևոր և առանցքային փաստաթուղթ, քանի որ ամրագրում է անվտանգային, արտաքին, ներքին, տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները, երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանք հաղթահարելու ուղիները: Եվ չնայած փաստաթղթի նման կարևորությանը՝ այն ընդունվել է առանց պատշաճ մակարդակով հանրային քննարկումներ անցկացնելու:

Նոր փաստաթղթի հետ կապված մյուս մտահոգությունը վերաբերում է կառուցվածքին և բառակազմին: Պետք է նկատել, որ անվտանգության նոր ռազմավարությունը չունի նման փաստաթղթերին բնորոշ համակարգային կառուցվածք և բառակազմ, ինչը փաստաթղթին որոշակի անլրջություն է հաղորդում, իսկ երբեմն էլ խառնաշփոթ առաջացնում:

Ինչ վերաբերում է փաստաթղթի բովանդակությանը՝ մասնավորապես դրանում արտաքին քաղաքականությանը վերաբերյալ անդրադարձերին, ապա այստեղ կարիք կա դիտարկելու արտաքին քաղաքական հիմնական ուղղություններն առանձին-առանձին՝ հասկանալու թե ուղղություններց յուրաքանչյուրի դեպքում մեր մոտեցումներում ինչ փոփոխություններ են ամրագրվել նոր փաստաթղթում և որքանով են դրանք ամրապնդում մեր դիրքերը: Այս նպատակով անհրաժեշտ է նաև դիտարկել 2007 թվականին ընդունված նախկին ռազմավարությունը:

Արցախյան հակամարտություն 

Այսպես, ինչպիսի՞ն էր Հայաստանի Հանրապետության մոտեցումը Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ և ի՞նչ փոփոխություններ է այն կրել:

Ինչպես 2007 թվականին ընդունված Ազգային անվտանգության ռազմավարության մեջ, այս նոր փաստաթղթում ևս ամրագրվում է, որ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքն է: Երկու փաստաթղթում էլ ռազմական գործողությունների դեպքում Թուրքիան դիտվում է որպես հնարավոր սպառնալիք, սակայն 2007 թվականի փաստաթղթում Թուրքիայի հարցում ավելի կոշտ գնահատականներ կան, քան նոր ռազմավարության մեջ: Մասնավորապես, այն ժամանակ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը դիտվում էր որպես ուժի կիրառում, այժմ՝ ոչ բարիդրացիական քաղաքականություն, թեև այսօր Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունն անհամեմատ ավելի ագրեսիվ և թշնամական է:

Ինչպես նախորդ ռազմավարությունում, նոր ընդունված փաստաթղթում ևս ընդգծվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող խաղաղ կարգավորման գործընթացին հավատարմությունը: Միևնույն ժամանակ 2007 թվականի ռազմավարությունում ամրագրված էր, որ «Հայաստանի Հանրապետությունը նպատակահարմար չի համարում խնդրի կարգավորման վերաբերյալ այլ կառույցների կողմից հայտարարությունների քննարկումն ու ընդունումը, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների ներգրավումը կարգավորման գործընթացներին»:

Այս հարցը բավականին արդիական է նաև այսօր՝ հաշվի առնելով Ադրբեջանի համառ փորձերը Ղարաբաղյան կարգավորման գործընթացը միջազգային այլ կառույցների օրակարգ տանելու ուղղությամբ, համանախագահության ձևաչափ փոխելու անհրաժեշտության մասին Բաքվի հայտարարությունները: Սակայն նոր ռազմավարությունում նման  ամրագրում չկա, ինչը կարող է մեկնաբանվել նաև, որ դա մեզ համար այլևս սկզբունքային չէ:

Նոր ընդունված փաստաթղթում ևս կարևորվում է հակամարտության բոլոր կողմերի միջև վստահության կառուցման միջոցներով խաղաղության համար բարենպաստ միջավայրի ստեղծումը: Միևնույն ժամանակ 2020 թվականին ընդունված ռազմավարության մեջ ամրագրվում է, որ «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ջանքերը պետք է գործադրվեն հակամարտության բոլոր կողմերում հավասարապես»: Սա շատ կարևոր է, քանի որ վերջին շրջանում Ադրբեջանը ցույց է տվել, որ չնայած ստանձնած հանձնառություններին, որևէ կերպ իր հանրությանը խաղաղության չի նախապատրաստում:

Հայաստանն այսուհետ կարևորում է կարգավորման բոլոր փուլերում Արցախի մասնակցությունը. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունների կողմից որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը ճանաչված ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հիմք է հանդիսանում Արցախի բնակչության համար՝ իր կողմից ընտրված իշխանությունների միջոցով բանակցությունների բոլոր փուլերում լիարժեքորեն մասնակցելու իր իսկ ճակատագրի որոշմանը»:

2007 թվականին ընդունված ռազմավարության մեջ նշվում էր, որ «ցանկացած վերջնական համաձայնություն կամ վերջնական փաստաթուղթ պետք է ստանա նաև ղարաբաղյան կողմի հավանությունը»:

Եվ չնայած սրան՝ նոր ռազմավարության մեջ բավականին մեծ հարված է հասցվում Արցախի սույեկտայնությանը: Մասնավորապես, ռազմավարության մեջ նշվում է ուղղակի Արցախ, ոչ թե Արցախի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, խոսվում է ոչ թե Արցախի ժողովրդի, այլ ազգաբնակչության մասին: Արցախի Հանրապետությանը վերաբերող հարցերը երբեմն արհեստականորեն ներառված են Հայաստանին վերաբերող կետերում, ինչպես օրինակ 3.1 կետում (Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Արցախի անվտանգության ապահովումը. Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հայ ժողովրդի անվտանգության, զարգացման և նրա նպատակների իրագործման նախապայմանն են): Խոսելով Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային  ամողջականության մասին բացառապես Արցախի անվտանգության ապահովման հարցը նշելը հարվածում է Արցախի սուբյեկտայնությանը:

2007 թվականի ռազմավարության մեջ Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մեր դիրքորոշումն արտահայտված էր առանձին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ենթավերնագրի ներքո:

Ռազմաբավորության մեջ բավականին մտահոգիչ է հետևյալ ձևակերպումը. « Մենք շարունակելու ենք սատար կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը առանց սահմանափակման և հարկադրանքի: Հակամարտության կարգավորման գործընթացում և հետկարգավորման փուլում արցախահայության անվտանգության ապահովումը գերակա պայման է և ենթակա չէ զիջման: Արցախը պետք է ունենա անվտանգության համար անհրաժեշտ պաշտպանական գծեր և արտաքին աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ ապահով, անվտանգ և բազմազանեցված փոխկապակցվածության համակարգ»: Այս ձևակերպումները, ինչպես նաև ռազմավարության մեջ պարբերաբար հանդիպող միտք, որ Ադրբեջանն Արցախի բնակչության համար ներկայացնում է գլխավորապես գոյութենական սպառնալիք, կարող է մեկնաբանվել նաև, որ մեր գլխավոր խնդիրը կարգավորման գործընթացում Արցախում ինքնորոշման նոր հանրաքվեի անցկացումն է և Արցախի հայության անվտանգության ապահովումը, որը կյանքի կոչելու համար չի պահանջում Արցախի Հանրապետության անկախության ճանաչում Ադրբեջանի և միջազգային հանրության կողմից:

2007 թվականի ռազմավարության մեջ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման  հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հետևյալն էր. «Հայաստանն ընդունելի է համարում կարգավորման միայն այն տարբերակները, որոնք ուղղված կլինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի գոյության անշրջելի իրողությունն ամրագրելուն: Լեռնային Ղարաբաղը պետք է աշխարհագրական կապ ունենա Հայաստանի հետ: Անվտանգությունը պետք է երաշխավորված լինի»:

Նկատենք, այն ժամանակ խոսվում էր Արցախի ժողովրդի կողմից արդեն իսկ իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչման և Արցախի Հանրապետության, այլ ոչ թե Արցախի հայ բնակչության անվտանգության երաշխավորման մասին:

Այն, որ Հայաստանի կարմիր գծերը Ղարաբաղյան հակամարտության հարցում տեղափոխվել են ոչ ի նպաստ Հայաստանի և Արցախի ազգային և պետական շահերի երևում է նաև հետևյալ ձևակերպումից. «Հայաստանի Հանրապետությունն անհրաժեշտ օժանդակություն կցուցաբերի Արցախին վերջինիս միջազգային հարաբերությունների ընդլայման և խորացման գործում, որպեսզի նրա բնակչությունն իր ներուժն ու իրավունքներն իրացնելու համար կարողանա օգտվել միջազգային համագործակցության առավելություններից»:

Նկատենք, որ մենք խնդիրր ենք դնում ոչ թե Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, այլ Արցախի միջազգային համագործակցության ընդլայնման:

Որպես կանոն Ազգային անվտանգության ռազմավարության փոփոխություն պահանջն առաջանում է պայմանավորված երկրում կամ վերջինիս շուրջ տեղի ունեցած փոփոխություններով, որոնք այլևս չեն համապատասխանում նախինում ամրագրված մոտեցումներին: Սա հաշվի առնելով, ենթադրվում է, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում մեր դիրքորոշման մեջ տեղ գտած այս հետընթացը պայմանավորված է վերջին երկու տարվա ընթացքում կարգավորման գործընթացում մեր ունեցած արդյունքներից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: