ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վերադառնում են, օրակարգն այսօր է ձևավորվում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունն ու համանախագահող երկրներից եկող ազդակները ցույց են տալիս, որ այս ձևաչափն ակտիվանում է: Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցից հետո հայտարարվեց, որ լինելու են նոր նախաձեռնություններ: Սա, իր հերթին, նշանակում է, որ այսօր է ձևավորվում այդ ձևաչափի ներքո գործընթացի օրակարգը և հետագայում մեզ համար կարևոր հարցերի ներառումը մեծապես կախված է լինելու այսօր տարվող աշխատանքից:

Ցավոք, Հայաստանի գործող իշխանություններից նման աշխատանք ակնակալելն իրատեսական չէ՝ դա ցույց է տվել և՛ վերջին երեք տարվա գործընթացը, և՛ նրանց ներկայիս բացառապես ներքաղաքական օրակարգը: Այդ է վկայում նաև երեկ համանախագահության տարածած հայտարարությունը:

Հայտարարությամբ համանախագահները ողջունել են երեք հայ ռազմագերիների վերադարձն ու կոչ արել «երկու կողմերին էլ» լիարժեք և արագ ավարտել «բոլոր բանտարկյալների, պահվող անձանց և աճյունների փոխանակման գործընթացը»: Այս ձևակերպումը հատկապես ուշագրավ է, քանի որ ցույց է տալիս, որ համանախագահների նախորդ՝ ապրիլի 13-ի հայտարարության համեմատ փոխվել է բառակազմը:

Նախորդ հայտարարության մեջ նշված էր «բոլոր ռազմագերիների և այլ պահվող անձանց» վերադարձի մասին:  Այս անգամ համանախագահները խուսափել են «ռազմագերիներ» եզրույթի օգտագործումից, ինչն ակնհայտորեն ադրբեջանական կողմի աշխատանքի արդյունք է: Ուշագրավ է նաև «երկու կողմերին էլ» ուղղված կոչը, ինչը կարող է ցմահ ազատազրկման դատապարտված երկու ահաբեկիչների վերադարձի շուրջ գործընթացի առաջին նշույլը լինել:

Համանախագահների հայտարարության մեջ կոչ կա նաև տրամադրելու անհրաժեշտ տեղեկատվությունը հակամարտության գոտու ականազերծման համար, ինչպես նաև վերացնելու ԼՂ մուտքի խոչընդոտները: Հատուկ շեշտվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդությամբ հնարավորինս շուտ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը վերկսկելու անհրաժեշտությունը և հղում կատարվում ապրիլի 13-ի հայտարարության վրա: Այսինքն, այս անգամ համանախագահները զերծ են մնում երեք հիմնարար սկզբունքների և տարրերի հիմքով քաղաքական կարգավորման հասնելու անհրաժեշտության հիշատակումից, ինչը նույնպես կարող է նախորդ հայտարարությանն Ադրբեջանի սուր արձագանքի հետևանք լինել:

Կարելի է արձանագրել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն ակտիվացման քայլեր է կատարում և արդեն իսկ սահմանել է հիմնական այն հարցերը, որոնք պետք է լուծվեն առաջին հերթին՝ ի դեմս գերիների վերադարձի, ականազերծման և ԼՂ մուտքի ապահովման, և գլոբալ օրակարգը՝ ի դեմս քաղաքական բանակցությունների վերսկսման՝ բոլոր հարցերին լուծում տալու համար:

Այս օրակարգն,  մեծամասամբ, այսօր համահունչ է հայկական կողմերի շահերին, սակայն դա ոչ թե տարված աշխատանքի արդյունք է, այլ քաղաքական գործընթացի տրամաբանություն: Հնարավոր չի հակամարտությունը կարգավորված համարել, քանի դեռ չի կարգավորված վիճելի հիմնական հարցը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչումը: Զուգահեռ, ակնհայտ է, որ Ադրբեջանն ակտիվ աշխատում է՝ միջնորդների բառակազմից դուրս բերելով իր համար ոչ ցանկալի ձևակերպումները և, վստահաբար, նաև ջանալու է հետաձգել և մեղմել անդրադարձն իր համար ոչ ցանկալի հարցերին:

Այս ասիմետրիկ գործընթացի շարունակումը կարող է Հայաստանի և Արցախի համար ոչ միայն զրոյացնել առկա հնարավորությունները, այլև նոր մարտահրավերներ ստեղծել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: