ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալեքսանդր Քեմուրջյան` առաջին մոլորակագնացների հեղինակը

Ալեքսանդր Քեմուրջյան` ականավոր ինժեներ-կոնստրուկտոր, տիեզերական տրանսպորտային մեքենաշինության խորհրդային գիտական դպրոցի հիմնադիր, առաջին մոլորակագնացների հեղինակ:

Նա ավելի քան 200 գիտական աշխատությունների հեղինակ է, այդ թվում` 5 մենագրությունների և ավելի քան 50 հայտնագործությունների: Քեմուրջյանի կյանքի գխավոր գործը դարձավ տիեզերական տեխնիկայի ստեղծումը և մասնակցությունը լուսնի մակերևույթի հետազոտման` աշխարհում առաջին ավտոմատ ինքնագնաց սարքի ստեղծմանը: Նա եղել է լուսնագնացի ինքագնաց շասսիի գլխավոր կոնստրուկտորը, որն էլ դարձրեց «Լուսնագնացը» լուսնագնաց:

Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 4-ին Վլադիկավկազում: Նրա հայրը սերում էր Տրապիզոնի հայերի ընտանիքից: Նրա մանկության և պատանեկության տարիներն անցել են Բաքվում:

1940թ. Ալեքսանդրը մեկնել է Մոսկվա և ընդունվել Մոսկվայի` Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան, իսկ 1942-ին ինքնակամ գնացել է ռազմաճակատ: Նա Կուրսկի  ճակատամարտի, Դնեպր, Վիսլա, Դեսնա և Օդրա գետերի համար մղված մարտերի մասնակից է, պատերազմի ավարտը դիմավորել է 1945 թվականին Պոմերանիայում:

1951թ. գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի` Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանը և գործուղվել է աշխատելու համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտ: 1951-ի սեպտեմբերից Ալեքսանդր Քեմուրջյանի ողջ կյանքը անքակտելիորեն կապվեց այդ կազմակերպության հետ, որտեղ նա դարձել է ինժեներից մինչև ինստիտուտի տնօրենի տեղակալ և գլխավոր կոնստրուկտոր:

1959-1963 թթ. Քեմուրջյանը զբաղվել է օդային բարձիկներով ցամաքային տրանսպորտային միջոցների ստեղծմամբ: Օդային բարձիկներով մարտական պարեկա-հետախուզական մեքենայի մակետները հասցվել են բնության մեջ փորձարկումների մակարդակի: Այդ մեքենան ունակ էր տեղափոխելու 12 դեսանտայիններից կազմված խմբի ՝ հաղթահարելով ճահիճներ, ջրային տարածություններ ու անանցանելի ճանապարհներ: Մշակվում էր նույնիսկ Անտարկտիդայում այդ մեքենայի օգտագործման տարբերակը:

1963թ. Քեմուրջյանը նշանակվել է «Լուսնագնացի» ինքնագնաց շասսիի ստեղծման աշխատանքների ղեկավար: 1963-1973թթ. նա գլխավորել է լուսնագնացների ավտոմատ ինքնագնաց շասսիների և փոքր մարսագնացի ստեղծման և նախագծման աշխատանքները: Նրա ղեկավարությամբ մշակվել են մոլորակագնացների` որպես տիեզերական նշանակության տրանսպորտային մեքենաների նախագծման հիմունքները, ինչպես նաև ստեղծվել են աշխարհում առաջին մոլորակագնացները` «Լուսանգնացները», մարսագնացները, Մարսի և իր արբանյակ Ֆոբոսի մակերևույթին թռիչքաձև տեղաշարժվելու համար ստեղծված ապարատներ: Քեմուրջյանի ղեկավարությամբ նախագծված սարքերի օգնությամբ են ստացվել տվյալներ Լուսնի և Վեներայի մակերևույթի ֆիզիկա-մեխանիկական հատկությունների մասին:

Քեմուրջյանը մասնակցել է  Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքների վերացմանը: 1986 թվականի մայիսին գործուղվել է վթարի վայր՝ տրանսպորտային տեխնիկայի աշխատանքի պայմանների գնահատման համար: Նրա ղեկավարությամբ սեղմ ժամկետներում ստեղծվեց  հեռակառավարվող մասնագիտացած տրանսպորտային ռոբոտ՝ СТР-1, որն էական օգնություն ցուցաբերեց վթարի հետևանքների վերացման  գործում: 

Քեմուրջյանի  ծառայություններն ըստ արժանվույն գնահատվել են. նա տեխնիկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր, Լենինյան մրցանակի դափնեկիր, պարգևատրվել է Լենինի, Արիության, Կարմիր Աստղի, Հայրենական պատերազմի, Պատվո շքանշաններով, ինչպես նաև ԽՍՀՄ  Տիեզերագնացության Ֆեդերացիայի մեդալով և մարտական մեդալներով: Իսկ 2006 թվականին Տիեզերագնացության Ֆեդերացիայի կողմից որոշում ընդունվեց սահմանել պարգև՝ Քեմուրջյանի անվան մեդալ:

Նա միջազգային մի քանի գիտական ընկերությունների անդամ էր` Մոլորակային միության (ԱՄՆ) և Եվրոպայի երկրաֆիզիկական միության (Գերմանիա), Տիեզերական տարածության հետազոտությունների հանձնաժողովի թղթակից-անդամ (Ֆրանսիա):

Քեմուրջյանի անունը գրանցված է Մեծ Բրիտանիայում հրատարակված «20-րդ դարի նշանակալից մարդիկ» գրքում:

Ալեքսանդր Լեոնի Քեմուրջյանը կյանքից հեռացել է 2003 թվականի փետրվարի 24-ին, նրա աճյունն ամփոփված է Սանկտ-Պետերբուրգի հայկական գերեզմանոցում:

1997 թվականին Միջազգային աստղագիտական միության որոշմամբ Ալեքսանդր Լեոնի Քեմուրջյանի անունով է կոչվել Արևային համակարգի փոքր մոլորակներից մեկը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: