ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գառնիկ Սվազլյան. ներգաղթի մեջ է սփյուռքահայության փրկությունը, ինչպես հայրենիքի մեջ է հայության ապագան

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունում ապրիլի 16-ին տեղի ունեցավ եգիպտահայ հայրենադարձ գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, երգիծանկարիչ, Գառնիկ Սվազլյանի ծննդյան 110-ամյակին նվիրված միջոցառում և նրա երգիծանկարների ցուցահանդես:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով անչափ բարձր գնահատեց Գառնիկ Սվազլյանի հայրենանպաստ գործունեությունը. մի մարդու, ով Ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթել էր նախ Հունաստան, ապա՝ Եգիպտոս, սակայն, լինելով մեծ հայրենասեր, հայրենադարձության տարիներին վերադարձել էր Հայաստան: Մշակույթի նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրեց հատկապես Սվազլյանի «Ներգաղթ» թատերախաղի վրա՝ նշելով, որ այն իր ուրույն դերն է ունեցել շատ ու շատ հայերի հայրենիք վերադառնալու գործում:

Միջոցառմանը իրենց խոսքով հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալակիր Սարգիս Նաջարյանը, ով համառոտ ներկայացրեց Գառնիկ Սվազլյանի կենսագրականը, պատմական գիտությունների թեկնածու, սփյուռքահայ, Գառնիկ Սվազլյանի թոռնուհի Քնարիկ Ավագյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Աղամյանը և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վրադանյանը: Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Գառնիկ Սվազլյանի դուստրը՝ Վերժինե Սվազլյանը:

Սվազլյանի թոռնուհին՝ Քնարիկ Ավագյանը, մեծ գնահատանքով խոսելով իր պապի ողջ գործունեության մասին, նշել է, որ իր հնարավորությունների ներածին չափով Գ. Սվազլյանը փորձել է ուժ տալ հայրենիքին, Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) եգիպտահայ մասնաճյուղի միջոցներով, որի հիմնադիրներից է եղել նաև հենց ինքը, կառուցվել են Երևանում մի շարք շինություններ, որոնցից շատերը առ այսօր կանգուն են: Քնարիկը նաև մեծ կարևությամբ է խոսել «Սևան» մշակութային միության մասին, որի ղեկավարը լինելով՝ պապը իր սաներին նախապատրաստել է վերադառնալու Հայաստան:  

Գառնիկ Սվազլյանի դուստրը՝ Վերժինե Սվազլյանը իր շնորհակալությունը հայտնեց Հրանուշ Հակոբյանին հոր գործն ու վաստանը ըստ արժանավույն գնահատելու համար և կարևորեց իր հոր գործունեության գաղափարախոսական արժեքը, որը ամփոփված է նրա հետևյալ խոսքերում. «…Մենք սփիւռք մը ունենալու համար չէ, որ աշխարհի ամէն կողմը ցրուած ենք, այլ՝ բռնութիւնից ու հալածանքից ստիպուած…: Այժմ ունինք մեր Հայրենիքը: …Պէտք է գործի լծուինք բոլորս ալ մէկ գաղափարի շուրջ, որ է Հայրենիքի օժանդակութեան գործը, մէկ մտասեւեռում ունենալով՝ Հայրենիքի վերականգնումը, եւ մէկ կարգախօս մեր բոլորին շրթունքներուն ծայրը՝ Դէպի Հայրենիք»: Քանի որ «Ներգաղթին մէջ է սփիւռքահայութեան փրկութիւնը, ինչպէս հայրենիքի մէջն է ամբողջ հայութեան ապագան», իսկ «Հայրենասիրութիւնը` արժանապատւութեան խնդիր է»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: