ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գալիք խորհրդարանական ընտրությունները ԼՂՀ-ում կարող են ձևավորել քաղաքական նոր մշակույթ

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է հարցազրույց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Գրետա Ավետիսյանի հետ:

 

 

 -Ի՞նչ կարևորություն ունեն խորհրդարանական ընտրությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար։

- Ընդհանրապես, ընտրությունները կարևոր են ցանկացած երկրի համար, հատկապես նրանց, որոնք ձգտում են կառուցել ժողովրդավարություն և առաջնորդվել ժողովրդավարական արժեքներով։ Ժողովրդի համար ընտրությունները գործիք են` ուղղակիորեն մասնակցելու կառավարության ձևավորմանը, ինչը հետագայում դառնում է ժողովրդի ձայնը։ Ընտրությունների դերը ավելի մեծ է, երբ մենք խոսում ենք միջազգայնորեն չճանաչված երկրների մասին։ Նման պետությունների համար, հատկապես նրանց, որոնք ներքաշված են եղել հակամարտության մեջ, ընտրությունները կայունացման և ժողովրդավարացման նշանակություն ունեն, եթե իհարկե անց են կացվում պատշաճ ձևով։

Ինչպես ասում է ՄԱԿ-ը, «ընտրությունները ժողովրդավարության սիրտն են, որոնք հնարավոր են դարձնում ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված ինքնորոշման իրավունքի կիրառումը»։ Չճանաչված պետությունների համար, որոնք սահմանափակ հարաբերություններ ունեն դրսի աշխարհի հետ և զրկված են բազմաթիվ հնարավորություններից, որոնք կնպաստեին նրանց զարգացմանը, ընտրությունները դարձել են պետության կյանքի կազմակերպման միջոց՝ ձևավորելով տվյալ երկրի համար քաղաքական առանձնահատկություններ և ամրապնդելով ժողովրդավարությունը։

Սա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։ Պետք է նշեմ, որ իր անկախության 24 տարիների ընթացքում, չլինելով միջազգայնորեն ճանաչված և մշտապես գտնվելով «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակում, Լեռնային Ղարաբաղը կարողացել է մեծ ձեռքբերումներ գրանցել իր ներքին քաղաքական կյանքում։ Այն դարձել է պետություն, որն իր քաղաքական կյանքը կառուցում է ժողովրդավարական չափանիշների վրա՝ ժողովրդավարության և քաղաքացիական ազատությունների բարձր մակարդակով, նույնիսկ ավելի բարձր, քան հարևան Ադրբեջանում (Freedom House-ի 2014 թվականի զեկույցը հավաստում է այս տեղեկությունը)։

Այս ամենը խոսում է երկրում  ժողովրդավարության բարձր մակարդակի մասին։ Ընտրությունները ԼՂՀ-ում ժողովրդի միավորման միջոց են՝ միասին կառուցելու ժողովրդավարություն և միասին դիմակայելու արտաքին սպառնալիքներին։ Սա, իհարկե, ընտրությունների ժամանակ չի բացառում կուսակցությունների միջև մրցակցությունը։

ԼՂՀ-ում ընտրությունները տեղի կունենան մայիսի 3-ին։ Ընտրություններին մասնակցում են 7 կուսակցություններ, որոնք ունեն տարբեր գաղափարախոսություններ։ Ուստի, ես մեծ կարևորություն եմ տալիս ԼՂՀ ընտրություններին, քանի որ դա ժողովրդավարության կառուցման գործիքներից մեկն է, որով կարելի է ցույց տալ աշխարհին, որ չճանաչված լինելով հանդերձ՝ այստեղի ժողովուրդը լիարժեք իրավունք ունի քվեարկելու և իր կամքը արտահայտելու՝ բարձրացնելով ընտրված պաշտոնյաների լեգիտիմությունը։

-  Ի՞նչ սպասումներ կան նոր ընտրվող խորհրդարանից։

-  Սա առաջին անգամն է, որ այսքան շատ կուսակցություններ են մրցելու, ինչը նշանակում է, որ նորընտիր խորհրդարանում բազմակարծությունն ապահովված կլինի։ Դա, անկասկած, շատ կարևոր է։

Բայց ես կուզենայի շեշտել, որ սա առաջին անգամն է, որ ԼՂՀ-ում կընտրվի պրոֆեսիոնալ խորհրդարան։ Եթե նախկինում պատգամավորների միայն մի մասն էր ընդգրկվում մշտական հանձնաժողովներում և վարձատրվում, ապա այժմ 33 պատգամավորներն էլ կաշխատեն մշտական հիմունքերով և նրանց աշխատանքը կսահմանափակվի միայն խորհրդարանական գործունեությամբ։

Բացի այդ, 33 պատգամավորներից 22-ն ընտրվելու են համամասնական, իսկ 11-ը՝ մեծամասնական ընտրական համակարգերով՝ նախկին 17 և 16-ի փոխարեն։ Հույս ունեմ, որ սա քաղաքական նոր մշակույթ կձևավորի ԼՂՀ-ում՝ պատգամավորների աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելով։ Պատգամավորների համար հնարավորություն կստեղծվի իրենց ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացնել խորհրդարանում իրենց աշխատանքի վրա՝ նրանք կարող են ակտիվացնել «խորհրդարանական դիվանագիտությունը»՝  խորհրդարանական բարեկամության խմբերի հետ աշխատանքը, ինչպես նաև «հանրային դիվանագիտությունը»  քույր քաղաքների միջև, ԼՂՀ անկախությունը ճանաչած նահանգների հետ հարաբերությունները։

ԼՂՀ նորընտիր Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը կլինի շատ հաջող, եթե այն ակտիվացնի  իր հարաբերությունները բարեկամական խմբերի և քույր քաղաքների հետ, կազմակերպի փոխայցելություններ՝ առավելագույն օգուտ քաղելով առկա համագործակցության ներուժից, ինչպես նաև հանդես գալով որպես նախաձեռնող։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: