ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստան - Ղազախստան տնտեսական համագործակցության հնարավորությունները

Ղազախստանի տնտեսությունը ԵԱՏՄ երկրների շրջանակում առավել արագ զարգացողն է: Երկիրը ծրագրում է մինչև 2050թ. համալրել աշխարհի ամենազարգացած 30 երկրների շարքը:  Ստորև դիտարկված են Ղազախստանի հետ Հայաստանի տնտեսական համագործակցության հնարավոր մի շարք ոլորտներ: Թեև երկու երկրների միջև տնտեսական համագործակցություն ծավալելու տեսանկյունից առկա են մի շարք խոչընդոտներ, որոնցից են օրինակ` երկաթուղային հաղորդակցության  և ընդհանուր սահմանի բացակայությունը և այլն, այնուամենայնիվ ստորև ներկայացվող առաջարկները կարող են դիտարկվել որպես համագործակցության հնարավոր եզրեր:      

Սույն հետազոտության նպատակն է պարզել Հայաստանի և Ղազախստանի միջև հնարավոր տնտեսական համագործակցության եզրերը՝ նպաստելու համար երկու երկրների շուկայական հարաբերությունների սերտացմանն ու զարգացմանը:

Ուշադրությունը Ղազախստանի նկատմամբ պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում նրանով, որ այս երկրի, ինչպես և Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին համագործակցության հավելյալ հնարավորություններ է ստեղծում: Ղազախստանի հետ տնտեսական կապերի ակտիվացումը կարող է նպաստել   Հայաստանում  ներդրումների ոլորտի զարգացմանը և առևտրային կապերի ակտիվացմանը: Այսպիսով, այս հետազոտության խնդիրն է պարզել երկու երկրների միջև համագործակցության հնարավոր եզրերը:

Ստորև համեմատական կարգով ուսումնասիրված և ներկայացված են Հայաստանի և Ղազախստանի տնտեսությունները՝ բացահայտելու համար, թե համագործակցության ինչ հնարավորություններ կան: Այս մոտեցումը թույլ է տալիս պարզել, թե երկրներից յուրաքանչյուրն ինչ ապրանքատեսակի կարիք ունի: Այդ նպատակով յուրաքանչյուր երկրի համար հաշվարկված է Հարաբերական առավելությունների գործակիցը (ՀԱԳ) մոտ 100 տեսակ ապրանքների համար:

Աշխատությունը բաղկացած է հետևյալ մասերից.

  1. Ղազախստանի տնտեսական ցուցանիշները
  2. Հայաստանի տնտեսական ցուցանիշները
  3. Ղազախստան – Հայաստան  տնտեսական հիմնական ցուցանիշների համեմատություն
  4. Հայաստան – Ղազախստան տնտեսական համագործակցության հնարավոր եզրերի դուրս բերում
  5. Հայաստանում ղազախական հնարավոր ներդրումային ոլորտները

1. Ղազախստանի տնտեսական ցուցանիշները

1.1 Ղազախստանի տնտեսական նկարագիրն՝ ըստ Համաշխարհային Բանկի 

Ըստ Համաշխարհային Բանկի տվյալների՝ Ղազախստանը համարվում է միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր: 2013 թվականին երկրի  ՀՆԱ-ն կազմել է 224.9 միլիարդ դոլար, ընդ որում մեկ շնչի հաշվով այն կազմել է 13 հազ. դոլար: Տնտեսական աճը դանդաղել էր 2014 թվականի առաջին կեսին`  նախորդ տարվա 6 տոկոսի համեմատությամբ իջնելով 3.9 տոկոսի: Պատճառը նավթի արդյունաբերության ոլորտում խոչընդոտներն էին, շուկայական ոչ բարենպաստ պայմանները և մի շարք այլ գործոններ:

Այնուամենայնիվ Ղազախստանը 2001 թ.-ից մինչ 2013թ.-ը գրանցել է հսկայական առաջընթաց  բնակչության եկամուտների գծով: Աղքատության մակարդակը 2001թ.-ին կազմել է 47 տոկոս, մինչդեռ 2013 թ.-ին այն հասել է ընդամենը 3 տոկոսի՝ ըստ տեղական կառույցների գնահատման: Ըստ Համաշխարհային Բանկի՝ երկրում մեկ շնչին ընկնող սպառման ծավալները 2006-2010 թվականներին ավելացել են՝ կազմելով 40 տոկոս[1]:

Ինչ վերաբերում է Ղազախստանի առևտրային քաղաքականությանը, ապա երկիրն աչքի չի ընկնում համաշխարհային շուկաներում իր ընդգրկվածությամբ: Այնուամենայնիվ, երկիրը ԵԱՏՄ Մաքսային միության համահիմնադիր անդամ է 2010 թվականից, իսկ 2015թ. հուլիսից նաև Առևտրի Համաշխարհային Կազմակերպության անդամ է: Այսպիսով, Ղազախստանը հնարավորություն է ստացել ընդլայնելու իր միջազգային առևտրային կապերը:

Գյուղատնտեսությունը Ղազախստանի ՀՆԱ-ի միայն 4.5 տոկոսն է ապահովում, սակայն տնտեսական  այս ոլորտում ներգրավված է աշխատող բնակչության ¼-րդ մասը: Այս ցուցանիշը խոսում է տնտեսությունը դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության մասին:

Համաշխարհային Բանկը Ղազախստանի տնտեսական աճի տեմպերը գնահատում է դրական: Բանկը կանխատեսում է, որ միջնաժամկետ հեռանկարում երկրի տնտեսությունը կզարգանա նավթարդյունաբերության ոլորտի ընդլայման հաշվին, սակայն մյուս ոլորտները կտուժեն դրանից` ներքին պահանջարկի ցածր լինելու պատճառով: Եվ քանի որ Ղազախստանը նպատակ ունի մինչև 2050 թվականը համալրել աշխարհի 30 գերզարգացած երկրների շարքը, այն պետք է հավասարաչափ զարգացնի տնտեսության բոլոր ոլորտները՝ դառնալով համասեռ տնտեսություն: Այդ նպատակին հասնելու համար Ղազախստանը պետք է մի շարք ուղղություններով` ստեղծի բարձր հմտություններ ունեցող մարդկային կապիտալ, բարելավի նյութական կապիտալի և ինստիտուցիոնալ կապիտալը:

1.2 Ղազախստանի օգտակար հանածոները

Երկիրը հարուստ է օգտակար հանածոներով: Ղազախստանում հանդիպում են Մենդելեևի աղյուսակի 105 տարրերից 99-ը, ավելի քան 60 տարրեր արտահանվում են: Տնտեսական նշանակությամբ առավել կշիռ ունեն քարածուխը, նավթը, պղինձը, երկաթը, ծծումբը, ցինկը, քրոմիտները, ոսկին, մանգանը: ԱՊՀ երկրներում Ղազախստանը գրավում է առաջին տեղը քրոմի կապարի պաշարներով, երկրորդը՝ նավթի, արծաթի, պղնձի, մանգանի, ցինկի, նիկելի և ֆոսֆորի պաշարներով, երրորդը՝ գազի, քարածխի, ոսկու և անագի պաշարների ծավալով:

Գազի հետազոտված պաշարները կազմում են 2.7 մլրդ տոննա, ինչը համաշխարհային պաշարների 1.5 տոկոսն է, ուրանինը՝ 1.69 մլն տոննա,  ինչը համապատասխանաբար կազմում է 21 տոկոս: Նավթի պաշարներով երկիրն աշխարհում գրավում է 7-րդ տեղը, գազի պաշարներով՝ 6-րդը, ուրանի պաշարներով՝ 2-րդ: Եվրասիական մայրցամաքի կենտրոնում գտնվելը բարենպաստ է երկրի տրանասպորտի և հաղորդակցման առումներով, ինչը տարանցիկ փոխադրումների բնագավառում մեծ հետաքրքրություն է առաջացնում աշխարհի տարբեր երկրների մոտ:

1.3 Ղազախստանի տնտեսական վիճակը. վիճակագրական տվյալներ

Աղյուսակ 1-ում (տե′ս հավելվածում) պատկերված են  Ղազախստանի տնտեսությանը վերաբերող հիմնական վիճակագրական տվյալները 2013 թվականի դրությամբ: Տվյալները նկարագրում են Ղազախստանի տնտեսության հիմնական հատվածները: ՀՆԱ-ն հիմնականում ձևավորվում է ծառայությունների ոլորտի հաշվին (ՀՆԱ-ի 56.9%): Սա նշանակում է, որ երկրի տնտեսությունը զարգացման ուղու վրա է: Ինչ վերաբերում է աշխատուժի տեղաբաշխվածությանը, ապա ծառայությունների ոլորտը կրկին գերակայում է, քանի որ գործունակ աշխատուժի 50 տոկոսից ավելին ներգրավված է ծառայությունների ոլորտում: Ինչպես երևում է արտահանման և ներմուծման գործընկերներից, Ղազախստանը հիմնականում առևտրային հարաբերություններ է հաստատել եվրոպական երկրների հետ՝ Ֆրանսիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Ավստրիա, Ռուսաստանի Դաշնություն, իսկ արևելքում հիմնական գործընկերը Չինաստանն է: Հատկանշական են ՌԴ-ի հետ առևտրային հարաբերությունները. Ղազախստանը դեպի Ռուսաստան արտահանում է իր արտադրանքի ողջ ծավալի միայն 7.3%-ը, սակայն ներմուծման մեջ հիմնականում տեսակարար կշիռը բաժին է ընկնում ՌԴ-ին՝ 38.42%: Ընդհանուր առմամբ, Ղազախստանի առևտրային հաշվեկշիռը  դրական է, քանի որ արտահանումը մոտ 40%-ով գերազանցում է ներմուծմանը:

 2.    Հայաստանի տնտեսական ցուցանիշները

2.1 Հայաստանի տնտեսական նկարագիրն՝ ըստ Համաշխարհային Բանկի 

Ըստ Համաշխարհային Բանկի՝ Հայաստանի տնտեսությունը բավական զարգացում է ունեցել անկախացումից ի վեր: Կայուն տնտեսական աճը, հսկայական բարեփոխումները երկրի ներսում, ինչպես նաև կապիտալ ներհո և արտերկրյա ֆինանսական ներհոսքերը Հայաստանը դարձրել են շուկայական տնտեսություն ունեցող երկիր: Սակայն համաշխարհային ֆինանսկան ճգնաժամը իր բացասական ազդեցությունն է թողել երկրի տնտեսության վրա:

Մինչև ճգնաժամը արձանագրված տնտեսկան աճի երկնիշ ցուցանիշը դարձել է միանիշ: 2013թ.-ի դրությամբ այն կազմել է 3.2 տոկոս, իսկ 2014թ.-ին՝ միայն 2.6 տոկոս: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ կազմել է 3830 ԱՄՆ դոլար 2014թ.-ին: Սակայն երկրի տարբեր միջոցներ է ձեռնարկում տնտեսական և սոցիալակն ոլորտները համաշխարհային ճգնաժամի հետևանքներից զերծ պահելու համար:

2.2 Հայաստանի տնտեսական վիճակը. վիճակագրական տվյալներ

Հայաստանի տնտեսական ցուցանիշները ներկայացված են Աղյուսակ 2-ում (տե′ս հավելված), ըստ որի՝ 2013թ.-ին ծառայությունների ոլորտը կազմել է ՀՆԱ-ի 42.1 տոկոս, արդյունաբերությունը՝ 37.3  տոկոս և գյուղատնտեսությունը ՝20.6 տոկոս: Ծառայությունների ոլորտը բավական մեծ մաս է կազմում երկրի համախառն ներքին արդյունքի ձևավորման վրա, ինչը հուշում է այն մասին, որ տնտեսությունը բավական դիվերսիֆիկացված է: Աշխատուժի 44.2 տոկոսը զբաղված է գյուղատնտեսության ոլորտում, մոտ 40 տոկոսը՝ ծառայությունների ոլորտում և շատ քիչ տոկոսն է միայն, որ ներգրավված է արդյունաբերական ոլորտում:

Հայսատանը արտահանում է հիմնականում հանքահումք՝ թուջ, անմշակ պղինձ, գունավոր մետաղներ, վերամշակված ադամանդ, սննդամթերք, էներգիա: Արտահանման ոլորտում հիմնական գործընկերներըն են Ռուսաստանը, եվրոպական մի շարք երկրները, ԱՄՆ և Կանադան: Հայաստանը ներմուծում է բնական գազ, նավթ, ադամանդ և այլն: Այս ոլորտի հիմնական գործընկերներն են Ռուսաստանը, եվրոպական երկրները, Իրանը, ԱՄՆ և Կանադան: Ակսպիսով, Հայաստանի առևտրաշրջանառության գծով հիմնական գործըները Ռուսաստանն է, քանի որ արտահանման և ներմուծման մեծ մասը բաժին է ընկնում հենց այս երկրին: Այս առումով ԵԱՏՄ մաքսային միության ստեղծումը բավական կնպաստի այս ոլորտի զարգացմանը և առավել շահութաբեր կդարձնի արտահանուման ու ներմուծման պայմանները անդամ երկրների միջև:

 3.    Ղազախստան – Հայաստան  հիմնական տնտեսական ցուցանիշների համեմատություն

Ըստ վիճակագրական ցուցանիշների՝ երկու երկրների համար էլ ՀՆԱ աճը գրեթե նույնն է, կապիտալ ներդրումները նույնպես հավասար են:

Հատկանշական է այն, որ գյուղատնտեսական ապրանքների գծով արտադրությունն  իր տեսակով տարբեր է երկու երկրների համար: Հայասատանի գյուղատնտեսության մեջ հիմնական ոլորտներն են խաղողագործութունը և անասնապահությունը, որոնց կարիքն ունի Ղազախստանը, իսկ վերջինս արտադրում է հացահատիկ և կարտոֆիլ, որոնք էլ Հայաստանի համար հանդիսանում են ներմուծվող ապրանքներ:

Արդյունաբերության ոլորտում նույնպես փոխլրացնող արտադրատեսակներ կան: Հայաստանը արտադրում է տրիկոտաժ, գործած հագուստ, կոշիկ, ինչպես նաև համակարգչային ծրագրեր (software), որոնց  նկատմամբ  Ղազախստանը պահանջարկ ունի:

 

3.1 Ղազախստան - Հայաստան տնտեսական հնարավոր համագործակցության հիմքերը

Ցանկացած երկրի հետ տնտեսական համագործակցություն սկսելուց առաջ կողմերը բացի վերը նշված վիճակագրական տվյալներից հաշվի են առնում նաև տնտեսական մի շարք ցուցանիշներ: Խոսքը վերաբերում է մասնավորապես տնտեսական ազատության ցուցանիշին (Economic Freedom Index), որի մասին մանրակրկիտ տեղեկություն է հաղորդում ամերիկյան Heritage վարկանիշային հիմնադրամը: Ուսումնասիրությունները կատարվում են 186 երկրների համար: Երկրի տնտեսական ազատության ցուցանիշը ներառում է 10 ենթացուցանիշ, որոնք գնահատվում են 10-100 միավոր սանդղակով:

 2015թ. Ղազախստանի տնտեսական ազատությունը գնահատվել է 63.3 միավոր, որով այն զբաղեցնում է 69-րդ տեղը  ամենազատ երկրների շարքում: Ղազախստանի տնտեսական ազատության ցուցանիշները մանրամասն ներկայացված են Աղյուսակ 3-ում: Անցյալ տարվա համեմատ Ղազախստանն իր դիրքերը բարելավել է 0.4 միավորով, ինչը տեղի է ունեցել սեփականության իրավունքի ազատության և գործարար ոլորտի ազատության ցուցանիշների բարձրացման հաշվին:

Սակայն չնայած հեռանկարային բարեփոխումներին`  անցումը դեպի շուկայական տնտեսության այդքան էլ ճկուն չէ: Ղազախստանն իր ներդրումային և առևտրային ռեժիմով հիմնականում բավականին փակ է օտարերկրյա ներդրողների համար, սակայն իրավիճակը փոքր-ինչ այլ է, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային ընկերություններին:  

Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսական ազատության ցուցանիշին, ապա այն կազմում է 67.1 միավոր, որով  Հայաստանը զբաղեցնում է 52-րդ տեղը աշխարհում, իսկ Եվրոպական տարածաշրջանի 43 երկրների ցանկում Հայաստանը 23-րդ տեղում է: Հայաստանն իր ցուցանիշով  համարվում է միջինից բարձր տնտեսական ազատություն ունեցող երկիր  ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում (տե′ս հավելվածում, աղյուսակ 3):

Չնայած որ Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսը 3.8 միավորով գերազանցում է Ղազախստանին,  ըստ առանձին ենթացուցանիշների` երկու երկրների գնահատականները տարբեր են: Այսպես օրինակ` սեփականության ազատության ցուցանիշով Հայաստանը 5 միավորով զիջում է Ղազախստանին, մինչդեռ ազատություն կոռուպցիայից ինդեքսը 10 միավորովգերազանցում է Ղազախստանին: Վերջինս նշանակում է, որ իրավանքների պաշտպանվածության առումով Հայաստանն ավելի ապահով միջավայր է ստեղծել: Ինչ վերաբերում է հարկաբյուջետային ազատությանը, ապա Ղազախստանը մի քանի միավորով առաջ է անցում մեզանից, ինչը դրական է  առևտրային կապեր հաստատելու տեսակետից: Բիզնես ազատության ինդեքսով Հայաստանը 11 միավորով առաջ է անցել Ղազախստանից, սա նշանակում է, որ մեր երկրում պետության միջամտությունը  մասնավոր հատվածում շատ ավելի քիչ է, քան Ղազախստանում: Ինչ վերաբերում է շուկայի ազատության ցուցանիշին, որը ցույց է տալիս սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների աստիճանը արտահանող և ներմուծող ապրանքների և ծառայությունների նկատմամբ, Հայաստանը 6.4 միավորով գերազանցում է Ղազախստանին: Սա շատ կարևոր ցուցանիշ է, ինչը դրական է դիտվում երկրների հետ նոր առևտրային հարաբերություններ հաստատելու հարցում: Մյուս կարևոր գործոնը ներդրումային ազատության ինդեքսն է, որը 35 միավորով բարձր է Ղազախստանից: Սա նշանակում է, որ ղազախստանցի շատ ներդրողներ կարող են շահագրգռված լինել Հայաստանի որոշակի ոլորտներում ներդրումներ կատարելու մեջ: Նեդրումների հարցում շատ կարևոր դեր ունի նաև ֆինանասական ազատության ինդեքսը, որով Հայաստանը 20 միավորով նորից գերազանցում է Ղազախստանին: Այս ցուցանիշը վկայում է, որ ֆինանսական շուկան անկախ է պետական միջամտություններից, այսպիսով այս ոլորտը բավականին անկախ է գործում:

Երկու երկրների տնտեսական ազատության ինդեքսները վկայում են, որ Հայաստանն ավելի նպաստավոր պայմաններ է առաջարկում օտարերկրյա ներդրողներին:

4.    Հայաստան – Ղազախստան տնտեսական համագործակցության հնարավոր եզրերի դուրս բերում

4.1. Հարաբերական առավելությունների գործակիցները (ՀԱԳ) երկու երկրների համար

Որպեսզի հասկանալի լինի, թե Հայաստանի ու Ղազախստանի միջև ինչպիսի հնարավոր շուկայական հարաբերություններ կարող են զարգանալ, երկու երկրի համար հաշվարկվել են հարաբերական առավելությունների գործակիցները (ՀԱԳ)  : Նշենք` որքան գործակիցը մոտ է (-1)-ին, այնքան տվյալ երկիրը շատ է ներմուծում տվյալ ապրանքատեսակից, իսկ որքան մոտ է (1)-ին, այնքան շատ արտահանում է կատարում տվյալ ապրանքեսակի գծով: Հավելվածում Աղյուսակ 4-ը ներկայացնում է մոտ 100 ապրանքատեսակի համար հաշվարկված ՀԱԳ երկու երկրների համար: Սա հնարավորություն է տալիս պարզելու, թե ինչ ապրանքատեսակի կարիք ունի Հայաստանը, որը կարող է ներմուծել Ղազախստանից կամ ինչ ապրանքատեսակի գծով կարող է արտահանում կատարել դեպի Ղազախստան: Ապրանքախմբերն ավելի մանրամասն ներկայացված են ստորև:

4.2. Հայաստանից Ղազախստան արտահանման ենթակա ապրանքներ

Ստորև բերված են այն բոլոր հնարավոր ապրանքային խմբերը, որոնք Հայաստանից կարող են արտահանվել դեպի Ղազախստան: Կամ այլ խոսքով` Ղազախստանն այս ապրանքների գծով ներմուծում է իրականացնում, իսկ Հայաստանի համար տվյալ տեսակների մոտ կամ գրանցված է դրական սալդո կամ տվյալ տեսակից ավելի քիչ է ներմուծում, քան Ղազախստանը: Ապրանքային խմբերը հետևյալներն են.

  • Հանքաքար, խարամ, մոխիր
  • Կաշվե իրեր, կենդանիների աղիքից պատրաստված իրեր, ճամփորդական իրեր
  • Տրիկոտաժե հագուստ  
  • Իրեր քարից, գիպսից, ցեմենտից
  • Ապակի և ակնոցներ
  • Ալյումին և ալյումինե իրեր
  • Այլ ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր և մետաղակերամիկա
  • Ինքնաթիռների, տիեզերագնացության սարքերի դետալներ և դրանց առանձին մասեր
  • Ժամացույցներ և դրանց մասեր
  • Արվեստի գործեր և հնաոճ իրեր

4.3 Ղազախստանից Հայաստան արտահանման ենթակա ապրանքներ

Քանի որ սույն աշխատության նպատակը հանդիսանում է Ղազախստանի հետ հնարավոր համագործակցության եզրեր գտնելը և սերտ առևտրային կապեր հաստատելը, ապա ՀԱԳ-երի միջոցով նաև դիտարկված են այն բոլոր ապրանքատեսակները, որոնց կարիքն ունի Հայաստանը: Այլ կերպ ասած` Ղազախստանի ՀԱԳ-երը տվյալ ապրանքախմբերի գծով ավելի բարձր են, քան Հայասանինը: Այդ ապրանքատեսակների են պատկանում.

  • Կենդանական ծագման ապրանքներ
  • Հացահատիկ
  • Ալրաղացային, ձավարեղենային արտադրանք, ածիկ, օսլա, ինուլին և այլն
  • Ձիթատու սերմեր և պտուղներ, դեղաբույսեր և տեխնիկական օգտագործման բույսեր
  • Բուսական նյութեր հյուսվածքային արտադրանքների պատրաստման համար, այլ բուսական արտադրանքներ
  • Հանքային վառելանյութեր, նավթ և նավթամթերք, բիտումային միջոցներ, մոմանյութեր
  • Անօրգանական քիմիական միացություններ, ռադիոակտիվ էլեմենտներ և իզոտոպեր
  • Պարարտանյութեր
  • Չմշակված մորթիներ և մշակված կաշի
  • Բամբակ
  • Բնական կամ արհեստական մարգարիտ, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ
  • Երկաթ և պողպատ
  • Ապրանքներ այլ ոչ թանկարժեք մետաղներից և մետաղակերամիկա
  • Արվեստի գործեր և հնաոճ իրեր

Այս ապրանքների գծով Հայաստանը ներմուծում է կատարում, իսկ Ղազախստանը հիմնականում արտահանում է սրանք: Երկու կողմերի համար սա կարող է ծառայել համագործակցության համար բավակականին արդյունավետ եզր:

 

5.  Հայաստանում ղազախական հնարավոր ներդրումային ոլորտները

Ի լրումն առևտրային կապերի` Հայաստանի և Ղազախստանի  տնտեսական համագործակցության մեջ ոչ պակաս կարևոր է նաև ներդրումային փոխհարաբերությունների ամրապնդումը: Օտարերկրյա ներդրումները կարևորագույն պայման են երկրի տնտեսության զարգացման համար, և այս համատեքտում ԵԱՏՄ-ն նպաստավոր հարթակ է հանդիսանում անդամ երկրների համար:

Այսպիսով, Ղազախստանը Հայաստանի համար կարող է դառնալ պոտենցիալ գործընկեր ներդրումների ոլորտում, քանի որ գոյություն ունեն դրան նպաստող մի շարք պայմաններ: Տնտեսության ազատության գործակցով ՀՀ մոտ 4 կետով առավելություն ունի Ղազախստանի նկատմամբ (մյուս բոլոր ցուցանիշները տես 3.1 ենթաբաժնում): Տնտեսության ազատության ենթացուցանիշների համեմատությունը երկու երկրների միջև փաստում է այն մասին, որ Հայաստանը Ղազախստանի համեմատությամբ ունի ավելի բարենպաստ պայմաններ ներդրումային ոլորտում, ինչը կարող է հետաքրքրություն առաջացնել ղազախ գործարարների շրջանում: Ստորև ներկայացված են այն ոլորտներն ու ապրանքնատեսակները, որոնց արտադրությունը համատեղ ջանքերով երկուստեք շահավետ կարող է լինել: Այլ կերպ ասած, Ղազախստանն իր ուղղակի ներդրումների միջոցով կարող է աջակցել տվյալ արտադրատեսակների կամ արտադրության ոլորտների զարգացմանը, այնուհետև ներմուծել այդ ապրանքներն իր ներքին շուկա, քանի որ դրանք հիմնականում այնպիսի ապրանքներ են, որոնց առումով Ղազախստանի ՀԱԳ-երը բացասական են:

Առաջնահերթ տեղում է գտնվում գյուղատնտեսության ոլորտը: Այստեղ համագործակցության դաշտը բավականին լայն է: Կենդանի կենդանիների (1), մսի և մսամթերքի (2), կաթնամթերքի, ձվամթերքի, բնական մեղրի և այլ կենդանական ծագման սննդամթերքի (4) գծով Ղազախստանն ունի բացասական սալդո(տես Աղյուսակ 4): Ղազախստանը կարող է Հայաստանի գյուղատնտեսության համապատասխան ոլորտում ներդրումներ կատարելով, մեծացնել վերոնշյալ ապրանքատեսակների արտադրության ծավալները և այստեղից արտահանել իր երկիր՝ համեմատաբար ցածր գներով, քանի որ ԵԱՏՄ Մաքսային միության ներսում ստեղծված են առավել բարենպաստ շուկայական պայմաններ:

Ինչ վերաբերում է ցորենից, ալյուրից, օսլայից և կաթից պատրաստված ապրանքներին և հրուշակեղենին (19), ապա այստեղ նույնպես համագործակցության հնարավոր եզրեր կան: Քանի որ Ղազախստանը հացահատիկ արտահանող երկիր է, իսկ Հայաստանը՝ ներմուծող, միևնույն ժամանակ Ղազախստանը հրուշակեղեն ներմուծող է, իսկ Հայաստանը` արտահանող, ապա նպատակահարմար կլինի, որ Հայաստանում հացահատի ներմուծումը կատարի նաև և փոխարենը պատրաստի հրուշակեղեն արտահանի Ղազախստան:

Քիմիական արդյունաբերության ոլորտում նույնպես առկա են համագործակցության լայն հնարավորություններ: Հետևյալ ապրանքների գծով Ղազախստանն ունի բացասական սալդո: Մյուս կողմից Հայաստանում կան քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալներ: Հետևաբար, Ղազախստանի կողմից ներդրումները տվյալ ոլորտում կարող են փոխշահավետ լինել երկու երկրների համար: Ապրանքախմբերը հետևյալներն են.

  • օրգանական քիմիկատներ
  • դեղագործական արտադրանք (Ղազախստանը վերջերս բավականին ներդրումներ է արել տեղական շուկայում այս ոլորտը զարգացնելու համար)
  • եթերայուղեր, հարդարանաքի և լոգարանային միջոցներ
  • օճառ, հարթեցնող միջոցներ, քսուքներ, մաքրող միջոցներ, մոմեր, հարդարանքի այլ պարագաներ
  • սպիտակուցային նյութեր, սոսինձ, մոդիֆիկացված օսլա, ֆերմենտներ
  • բռնկվող նյութեր, լուցկի, այլ վառվող նյութեր
  • պլաստմասա և պլաստմասային ծագման իրեր

Հայաստանը պետք է հատկապես օգտագործի ռետինե ապրանքների, անվադողերի և իհարկե կաուչուկի արտադրության մասով իր հսկայական պոտենցիալը:  Այստեղ արժե նշել, որ «Նաիրիտի» կրկին շահագործումը խիստ կարևոր է Հայաստանի տնտեսության համար: Այն աննկարագրելի մեծ տնտեսական ներուժ է, որը երկրի համար կարող է լուծել արտադրանքի, զբաղվածության և եկամտի հիմնախնդիրները: Այս առումով Ղազախստանը կարող է դիտարկվել որպես պոտենցիալ գործընկեր, որը կարող է հնարավորություն և ցանկություն կունենան ներդրումներ անելու կաուչուկի արդյունաբերության մեջ:

 

Ներդրումների տեսանկյունից հաջորդ նպատակահարմար ոլորտն է կաշվե և մորթյա ապրանքների արտադրությունը: Ղազախստանը մեծ քանակությամբ կաշվե իրեր, ճամփորդական իրեր (42), բնական և արհեստական մորթուց իրեր (43) և կոշկեղեն (64) է ներկրում: Մյուս կողմից սրանք արհեստագործական այն ոլորտներն են, որոնք բավականին լավ են զարգացած եղել Հայաստանում: Ներդրումների շնորհիվ կարելի է վերակագնել այս ոլորտների պոտենցիալը և օգտագործել երկու երկրների միջև որպես առևտրային հարթակ:

Թեթև արդյունաբերության ոլորտում մի շարք ապրանքների արտադրության գծով Հայաստանը և Ղազախստանը համագործակցության բազմաթիվ եզրեր կարող են գտնել: Ստորև ներկայացված են այն բոլոր արպրանքատեսակները, որոնց արտադրության համար Հայաստանում ներդրումներ են պահանջվում, մյուս կողմից` այս ապրանքների գծով Ղազախստանը գրանցել է բացասական սալդո: Հետևաբար ինչպես վերը թվարկված ապրանքախմբերում, այստեղ ևս առկա է փոխշահավետ համագործակցության դաշտ` ղազախ գործընկերների կողմից ներդրումներ կատարելու համար:

Ապրանքատեսակները հետևյալներն են.

  • մետաքս
  • բուսական հիմքով մանածագործական գործվածք, թղթյա հումքից գործվածք և կտոր
  • սինթետիկ թելեր
  • առաջին անհրաժեշտության սինթետիկ ապրանքներ
  • թաղիք, բամբակե հատուկ գործվածք, ճոպան, պարան
  • գորգեր և տեքստիլ ծածկոցներ
  • հատուկ կտորներ, ասեղնագործ կտորներ, գոբելեն և այլն
  • տեքստիլ, կրկնագործվածք հարստացված ծածկույթով
  • գործած և հելունագործ տեքստիլ
  • տրիկոտաժե հագուստ և հագուստի պարագաներ
  • տրիկոտաժե պաստառ
  • գլխարկներ, դրանց մասեր

Ամփոփելով հետազոտությունների տվյալները՝  կարելի է նկատել, որ Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության հարթակները բազմաթիվ են: Որպես հաջորդ քայլ պետք է կազմակերպել բիզնես ֆորումներ և հանդիպումներ երկու երկրների գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ, որպեսզի հետազոտության արդյունքում համագործակցության համար պարզ դարձած հնարավորությունների մասին տեղյակ լինեն հենց իրենք` գործարարները:

 

 



[1] Սա նշանակում է, որ ամեն մի տնային տնտեսություն իր եկամուտների միայն 40 տոկոսն է ծխասում, իսկ մնացած մասը կարող է ներդնել կամ կուտակել:

 

 

Հավելված

 

Նկար 1. Ղազախստանի ստատիկ տվյալներ

ՀՆԱ

$ 243.6 մլդ

ՀՆԱ աճը

5%

Գնողունակության համարժեքություն

$ 14.1

Համախառն ազգային խնայողություններ

ՀՆԱ –ի 28.8 %

ՀՆԱ-ի բաղադրիչերը

ՏՏ* սպառում

51%

Պետական սպառում

12.4%

Ներդրումներ ամրագրված կապիտալում

22.1%

Ներդրումներ գույքագրման մեջ

2.5%

Ապրանքների և ծառայությունների արտահանում

44.6%

Ապրանքների և ծառայությունների ներմուծում

-32.6%

ՀՆԱ կազմող ոլորտները

Գյուղատնտեսություն

5.2%

Արդյունաբերություն

37.9%

Ծառայություններ

56.9%

Աղքատության շեմը անցած բնակչության թիվը

5.3%

Աշխատուժն ըստ ոլորտների

Գյուղատնտեսություն

25.8%

Արդյունաբերություն

11.9%

Ծառայություններ

63.3%

Գործազրկության մակարդակը

5.3%

Բյուջեյի պակասորդը

ՀՆԱ –ի -2.3%

Սպառողական գների աճ

5.8%

Գյուղատնտեսական արտադրանք

Հացահատիկ, կարտոֆիլ, բանջարեղեն, սեխ, ընտանի անասուններ

Արդյունաբերական ոլորտների աճը**

2.1%

Արդյունաբերություն

Նավթ, քարածուխ, մետաղ, մանգան, քրոմիտ, ցինկ, պղինձ, այլումինի հանքաքար, տիտան, ոսկի, արծաթ, ֆոսֆատ, պողպատ, տրակտորներ և գյուղատնտեսական այլ սարքավորումներ, էլեկտրական շարժիչներ, շինարարական նյութեր

Արտահանվող ապրանքներ

Նավթ և նավթամթերք, բնական գազ, երկաթի պարունակությամբ մետաղներ (ferrous), քիմիական նյութեր, սարքավորումներ, հացահատիկ, բուրդ, միս, քարածուխ

Արտահանում

$ 87.23 մլդ

Արտահանման գործընկերները

Չինաստան 19.3%, Իտալիա 18.1%, Նիդերլանդներ 8.8%, Ֆրանսիա 6.6%, Շվեյցարիա 5.8%, Ավստրիա 5.8%

Ներմուծում

$ 52.03 մլդ

Ներմուծվող ապրանքներ

Մեքենաներ և սարքավորումներ, մետաղական ապրանքներ, մթերք

Ներմուծման գործընկերներ

Չինաստան 28%, Ուկրաինա 10.9%, Գերմանիա 8.5%, ԱՄՆ 7.9%

 

Աղբյուրը՝ indexmundi.com

* Տնային Տնտեսություններ

**Վերևում նշված են արդյունաբերական ոլորտները

 

 

Աղյուսակ 2. Հայաստանի ստատիկ տվյալներ

ՀՆԱ

$ 20.61 մլդ

ՀՆԱ աճը

4.6 %

Գնողունակության համարժեքություն

$ 6.3

Համախառն ազգային խնայողություններ

ՀՆԱ –ի 16.2 %

ՀՆԱ-ի բաղադրիչերը

ՏՏ* սպառում

84.7%

Պետական սպառում

13%

Ներդրումներ ամրագրված կապիտալում

22.7%

Ներդրումներ գույքագրման մեջ

-0.9%

Ապրանքների և ծառայությունների արտահանում

23.6%

Ապրանքների և ծառայությունների ներմուծում

-43.1%

ՀՆԱ կազմող ոլորտները

Գյուղատնտեսություն

20.6%

Արդյունաբերություն

37.3%

Ծառայություններ

42.1%

Աղքատության շեմը անցած բնակչության քանակը

35.8%

Աշխատուժն ըստ ոլորտների

Գյուղատնտեսություն

44.2%

Արդյունաբերություն

16.8%

Ծառայություններ

39%

Գործազրկության մակարդակը

17.3%

Բյուջեյի պակասորդը

ՀՆԱ –ի -0.3%

Սպառողական գների աճ

6.2%

Գյուղատնտեսական արտադրանք

Միրգ՝ մասնավորապես խաղող, անասուններ

Արդյունաբերական ոլորտների աճը**

3.9%

Արդյունաբերություն

Ադամանդի մշակում, մետաղահատ գործիքներ, դարբնագործական և ճզմող մեքենաներ, էլեկտրական շարժիչներ, անվադողեր, գործած հագուստ, գուլպեղեն, կոշկեղեն, մետաքս, քիմիական նյութեր, տրակտորներ, սարքավորումներ, միկրոէլեկտրոնիկա, զարդեր, կոմպյուտերային ծրագրեր, մթերքի մշակում, կոնյակ, լեռնահանքային արդյունաբերության ապրանքներ

Արտահանվող ապրանքներ

Չուգուն, անմշակ պղինձ, գունավոր մետաղներ, ադամանդ, հանքային ապրանքներ, սննդամթերք, էներգիա

Արտահանում

$ 1.653 մլդ

Արտահանման գործընկերներ

Ռուասատան 19.6%, Գերմանիա 10.7%, Բուլղարիա 9.1%, Բելգիա 8.9%, ԱՄՆ 6.1%, Կանադա 6%, Վրաստան 5.7%, Նիդեռլանդներ 5.6%, Շվեյցարիա 5%

Ներմուծում

$ 3.459 մլդ

Ներմուծվող ապրանքներ

Բնական գազ, նավթ, ծխախոտային ապրանքներ, ադամանդ

Ներմուծման գործընկերներ

Ռուասատան 20%, Գերմանիա 11%, Բուլղարիա 9%, Բելգիա 9%, Իրան 6.5%, ԱՄՆ 6.1%, Կանադա 5.6%, Նդեռլանդներ 5.6%, Վրաստան 5.6%,  Շվեյցարիա 5.2%

Աղբյուրը՝ indexmundi.com

* Տնային Տնտեսություններ

**Վերևում նշված են արդյունաբերական ոլորտները

 

Աղյուսակ 3. Ղազախստանի և Հայստանի տնտեսական ազտության ցուցանիշները բնութագրող տարրերը

Բազադրիչի անվանումը

Ցուցանիշը 

ՀՀ / ՂՀ

Սահմանում-բացատրություն

Սեփականության իրավունք

20.0 / 25.0

Չափում է երկրի՝ օրենքի շրջանակներում սեփականություն կուտակելու անհատի իրավունքի աստիճանը:

Ազատություն կոռուպցիայից

36.0 / 26.0

Կոռուպցիան սահմանափակում է տնտեսական ազատությունը:   

Պետական ծախսեր

82.2 / 85.0

Այս ցուցանիշը ցույց է տալիս կառավարության պարտադիր ծախսերի ծանրությունը, որը ներառում է պետական սպառումը:

Հարկաբյուջետային ազատություն

84.4 / 93.2

Վերաբերում է  կառավարության կողմից պարտադրված հարկերի կշռին ՀՆԱ-ի մասնաբաժնում՝ արտահայտած տոկոսներով:

Բիզնեսի ազատություն

82.7 / 73.7

Ցույց է տալիս գործարար ոլորտում կառավարության միջամտության արդյունավետությունը:

Աշխատուժի ազատություն

64.3 / 87.0

Վերաբերում է երկրի աշխատուժի շուկայի իրավական եւ կարգավորիչ շրջանակի տարբեր  ասպեկտներին, ներառյալ` նվազագույն աշխատավարձ, աշխատանքային ժամաքանակ եւ այլն:

Դրամավարկային ազատություն

70.6 / 74.6

Վերաբերում է գների կայունությանը` գների վերահսկման հետ միասին:

Շուկայի ազատություն

85.4 / 79.0

Ցույց է տալիս սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների աստիճանն արտահանող և ներմուծող ապրանքների և ծառայությունների նկատմամբ:

Ներդրումային ազատություն

75.0 / 40.0

Ցույց է տալիս երկրի տնտեսական ազատության չափը, որտեղ ներդրված կապիտալի հոսքի համար չկան խոչընդոտներ:

Ֆինանսական ազատություն

70.0 / 50.0

Սա բանկային արդյունավետության ինդիկատոր է, ինչպես նաև չափում է ֆինանսական հատվածի անկախությունը պետական հսկումներից և միջամտությունից:

 

 

 

 

Աղյուսակ 4. ՀԱԳ Հայաստանի և Ղազախստանի համար

Կոդ 

Ապրանքախումբ 

ՀԱԳ- Հայաստան

ՀԱԳ - Ղազախստան

1

Կենդանիներ

-0.189

-0.98359

2

Միս և մսամթերք

-0.997

-0.97642

3

Ձուկ, խեցգետնավորներ, կակղամորթներ և ծովային այլ անողնաշարավորներ

0.803

0.128934

4

Կաթնամթերք, հավկիթ, բնական մեղր և կենդանական ծագման այլ սննդամթերք

-0.711

-0.9046

5

Կենդանական ծագման այլ ապրանքներ

-0.897

0.048939

6

Կենդանի ծառեր, թփեր և այլ բույսեր

-0.176

-0.47937

7

Բանջարեղեն, այլ արմատապտուղներ և ելապտուղներ

-0.056

-0.91799

8

Մրգեր և ընկույզներ, ցիտրուսային կամ բոստանային մշակաբույսերի կեղևներ

-0.178

-0.94805

9

Սուրճ, թեյ, անանուխ, համեմունքներ

-0.713

-0.90747

10

Հացահատիկներ

-1.00

0.962153

11

Ալրաղացային-ձավարեղենային արտադրանք, ածիկ, օսլա, ինուլին և այլն

-0.970

0.895982

12

Ձիթատու սերմեր և պտուղներ, դեղաբույսեր և տեխնկիական նշանակության բույսեր, ծղոտ

-0.960

0.491821

13

Դոճխեժ, բուսաձյութ, խեժ և այլ բուսական հյութեր և հյութահանուկներ

-0.989

-0.81564

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը:


    Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական վերահրապարակման դեպքում հղումը «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալությանը պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետների հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
    Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Վարդանանց 28/2-34, ինդ. 0070 Հեռ.՝ +374 10 537259 Էլ-փոստ՝ [email protected]
    Հետեվեք մեզ
    Բաժանորդագրվել
    Բաժանորդագրվեք և առաջինը տեղեկացված եղեք մեր թարմացումներին
    © 2006 -2024 «Արմեդիա» ՏՎԳ: Բոլոր իրավունքները պաշտպանված են: