ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանին 3-րդ շանսը կտրվի՞

Հունաստանում այս օրերին իսկական քաոս է տիրում: Ինչպես հայտնի է, հունական խորհրդարանը վերջնականապես հաստատեց երկրում հուլիսի 5-ին հանրաքվե անցկացնելու որոշումը, որով պետք է վճռեն` արդյո՞ք երկիրն ընդունում է իր վարկատուների պահանջներն՝ անցնելով տնտեսական նոր պլանի, թե՞` ոչ: Այդպես էլ որևէ համաձայնության չգալով վերջիններիս հետ, Հունաստանը փաստորեն այդ մեծ պատասխանատվությունը ժողովրդի վրա է թողնում:

Եթե հույները համաձայնեն պահանջների հետ, ստիպված կլինեն որոշ ժամանակ շատ ծանր պայմաններում ապրել, որպեսզի երկիրը հանեն ճահճից, իսկ եթե չհամաձայնեն, ապա երկիրը ենթադրաբար պետք է լքի եվրագոտին և հրաժարվի եվրոպական կառույցների օգնությունից:

Երկու տարբերակի դեպքում էլ, այնուամենայնիվ, պարտքերը ոչ կսառեցվեն, ոչ էլ չեղյալ կհայտարարվեն:

Հիշեցնենք, որ միայն եվրագոտու երկրներին Հունաստանը պարտք է շուրջ 200 միլիարդ եվրո, 32 միլիարդ եվրո ԱՄՀ-ին է պարտք, և մոտ 20 միլիարդ էլ Եվրոպական կենտրոնական բանկին:

Պարտքերը մարելու և ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու հարցում օրերս Հունաստանին իր աջակցությունն է առաջարկել հարևան Թուրքիան, ինչի մասին հայտնել է Թուրքիայի վարչապես Ահմեդ Դավութօղլուն: Նա նշել է, որ Անկարան այս հարցի շուրջ Աթենքի հետ քննարկումներ կսկսի Թուրքիայի նոր կառավարության ձևավորումից անմիջապես հետո՝ ավելացնելով, որ Թուրքիան կարող է օգնել Հունաստանին հաղթահարելու ֆինանսական ճգնաժամը՝ նրա հետ էներգետիկայի, զբոսաշրջության և առևտրային ոլորտներում համագործակցության միջոցով:

Օգնության ձեռք են մեկնել Հունաստանին նաև ինտերնետային մի շարք կայքեր, որոնք սրտացավ օգտատերերից գումար են հավաքում երկրին ծանր դրությունից հանելու ու խրախուսելու նպատակով:

Ամեն դեպքում Հունաստանի քաղաքացիների մոտ արդեն իսկ խուճապ է սկսվել, հաշվի առնելով, որ այս երկու օրը նրանք բանկոմատների մոտից չեն հեռանում՝ կանխիկացնելով իրենց գումարները: Կառավարությունը նույնիսկ ստիպված է եղել սահմանափակում մտցնել՝ արգելելով օրական 60 եվրոյից ավել գումար հանել բանկոմատից: Սնանկացումից խուսափելու նպատակով մեկ շաբաթով փակվել են երկրի բանկերն ու բորսաները, երկրի ֆինանսական համակարգն իսկական աղետի եզրին է կանգնած:

Իսկ հունիսի 30-ին լրանում էր ԱՄՀ-ին հերթական 1.6 միլիարդ եվրոյի պարտքը մարելու վերջնաժամկետը:

Այս ամենի ֆոնին, անելանելի վիճակից դուրս գալու համար, իսկ գուցե անճարությունից դրդված, Հունաստանի իշխանությունները սպառնացել են ԵՄ դեմ հայց ներկայացնել Եվրոպական դատարան՝ արգելափակելու Հունաստանի դուրս գալը եվրոգոտուց և թույլ չտալու ԵԿԲ-ին ոչնչացնել երկրի բանկային համակարգը:

«Հունական կառավարությունը կօգտագործի իր բոլոր իրավունքները: Մենք խորհրդակցում ենք Եվրոպական դատարան հայց ներկայացնելու շուրջ, քանի որ ԵՄ պայմանագրերը չեն նախատեսում եվրոյի գոտուց դուրս գալ»,- հայտարարել է Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը:

Ամեն դեպքում երեկ ողջ օրվա ընթացքում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հեռախոսազրույցներ է ունեցել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և խորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցի հետ: Չնայած այս զրույցների արդյունքներն առայժմ չեն հրապարակվում, Ցիպրասը ենթադրաբար հերթական հնարավորությունն է ձեռք բերել, կամ ինչպես միջազգային ԶԼՄ-ներն են նշում ՝ «3-րդ շանսը ստացել» այս ծայրահեղ իրավիճակից դուրս գալու համար:

Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին չի հավատում, որ մոտ օրերին կհաջողվի առաջընթաց գրանցել Հունաստանի հետ բանակցություններում, սակայն կողմ է արտահայտվել բանակցային գործընթացը վերամեկնարկելուն՝ Հունաստանը եվրոյի գոտում պահպանելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելուց հետո: 

Մերկելը քննադատությամբ է հանդես եկել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հասցեին, որը հրաժարվել է վարկատուների առաջարկից:

«Միասնական Եվրոպան կարող է գոյություն ունենալ միայն այն դեպքում, եթե ընդունակ լինի գնալ փոխզիջումների»,- ասել է Մերկելը:

 

 

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: