ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սրեբրենիցա. ինչու՞ Ռուսաստանը դեմ քվեարկեց ՄԱԿ-ի բանաձևին

Ռուսաստանի Դաշնությունը կրկին թեժ քննարկման ու սուր քննադատության առարկա է դարձել ողջ աշխարհում՝ օրերս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հերթական բանաձևին վետո դնելու պատճառով:

Բանն այն է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ը պատրաստվում էր 1995 թվականի Սրեբրենիցայի բոսնիացի մահմեդականների կոտորածները ցեղասպանություն ճանաչող բանաձև ընդունել:  ԱԽ-ի 10 անդամները կողմ են քվեարկել բանաձևին, 4-ը ձեռնպահ, իսկ Ռուսաստանը՝ հավատարիմ մնալով իր բազմամյա դաշնակցին՝ Սերբիային, վետո է դրել բանաձևի վրա, և այն չի ընդունվել:

Անցյալ դարի 90-ական թվականներին Հարավսլավիայի փլուզվելու ժամանակ տեղի ունեցած պատերազմի միջէթնիկական բախումներից ամենաարյունալին ու սարսափելին 1995 թվականի հուլիսին Սրեբրենիցայի կոտորածն էր: Սրեբրենիցան մահմեդական քաղաք էր, որը գրավեցին Բոսնիայի սերբերը Բելգրադի աջակցությամբ: Սերբական ջոկատները գեներալ Ռատկո Մլադիչի գլխավորությամբ առանձնացրին արական սեռի ներկայացուցիչներին ողջ մահմեդական համայնքից և սպանեցին մոտ 8000 հոգու, որոնցից 1200-ի դիակները մինչ այժմ էլ չեն գտնվել և չեն ճանաչվել:

Այս շաբաթ օրը նշվելու է այդ ողբերգական իրադարձությունների 20-րդ տարելիցը, ինչի առիթով էլ ՄԱԿ-ը որոշել էր այն որպես «ցեղասպանություն» որակող ու դատապարտող բանաձև ընդունել, իսկ սերբական կողմը կատարվածը պարզապես ընդունում է որպես «ծանր հանցագործություն», և 2010-ին այն դատապարտող պաշտոնական հայտարարություն էր հրապարակել: Սերբիական իշխանությունները նույնիսկ ձերբակալել էին այն ժամանակ ռազմական գործողությունների մեջ ներգրավված մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, բայց ցեղասպանություն եզրույթի հետ Բելգրադը միևնույն է ոչ մի կերպ չի համաձայնում: Եվ քանի որ Սերբիան ՄԱԿ ԱԽ-ի անդամ չի հանդիսանում, երկրի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը խնդրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պաշտպանել իր շահերը ՄԱԿ-ում և թույլ չտալ, որպեսզի Սերբիան «վարկաբեկվի և հեղինակազրկվի»:

Սերբիան միշտ էլ Բալկաններում համարվել է Ռուսաստանի «փոքր եղբայրը» և թե՜ ռազմավարական, թե՜ տնտեսական հետաքրքրություն է ներկայացրել Կրեմլի համար, որը ձգտել է հաստատել իր գերիշխանությունը հարավեվրոպական այս տարածաշրջանում: Մոսկվան ու Բելգրադն ամուր կապեր են ունեցել դեռևս Ռուսական կայսրության դարաշրջանում, որպես սլավոնական երկրներ, ովքեր երկուսն էլ հարում են ուղղափառ քրիստոնեական եկեղեցուն: Սակայն բացի էթնիկ, կրոնական, մշակութային և այլ հզոր կապերից, երկու երկրները սկսել են նաև ռազմական առումով սերտ համագործակցել:

«Ռուսաստանն ապացուցեց, որ իրական և անկեղծ ընկեր է», - Ռուսաստանի վետոյից հետո նման կերպ է արտահայտվել Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, իսկ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը արդարացրել է իրենց վետոն՝ հայտարարելով, որ բանաձևը չի օգնի Բալկաններում խաղաղության հաստատմանը, այլ տարածաշրջանում ավելի կբարձրացնի լարվածությունը:

Ռուսաստանի նման քայլը դատապարտվել է թե՜ ԱՄՆ-ի, թե՜ Եվրոպական միության կողմից:

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը, ով Բոսնիական պատերազմի ժամանակ լրագրող է աշխատել, Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ «Ռուսաստանի վետոն կոտրեց այդ ընտանիքների սրտերը, և սա ևս մեկ բիծ է այս Խորհրդի պատմության մեջ»:

Իսկ ԵՄ-ն՝ ի դեմս Եվրոպական խորհրդարանի, հայտարարություն է հրապարակել, համաձայն որի այն շատ է ափսոսում ու զղջում, որ ՄԱԿ-ը ձախողել է նման կարևոր բանաձևի ընդունումը, և որ ի սրտե ցավակցում է Սրեբրենիցայի զոհերի ընտանիքի անդամներին, ում հույսերը չարդարացան բանաձևի ընդունման հետ կապված:

«Ռուսաստանն արդարության փոխարեն պաշտպանում է հանցագործությունը», - նշել է «Սրեբրենիցայի խմբի մայրեր» կազմակերպության ղեկավար Մոնիրա Սուբասիչը, իսկ Սրեբրենիցայի քաղաքապետ Ջամիլ Դուրկովիչն նշել է, որ սա արդարության պարտությունն էր:

Ամեն դեպքում, պետք է նշել, որ միայն Սերբիայի հետ ունեցած բարիդրացիական հարաբերությունները չէին պատճառը, որ Ռուսաստանը նման քայլի դիմեց ՄԱԿ-ում, ինչը միջազգային մամուլը համարում է Անվտանգության խորհրդի մութ էջերից մեկը: Արևմուտքի հանդեպ ունեցած լարվածությունն ու բացասական տրամադրությունները ռուսական պատժամիջոցների հետ կապված ևս մեծ դեր խաղացին: Ռուսաստանն, ըստ էության, նման կերպ փորձում է վրեժխնդիր լինել ԱՄՆ-ից և ԵՄ-ից իր հանդեպ վարած հակառուսական քաղաքականության համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: