ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Առաջին տպավորության» ազդեցությունն ԱՄՆ նախագահական ընտրություններում

ԱՄՆ-ում արդեն մեկնարկել է 2016 թվականի նախագահական ընտրությունների առաջին փուլը՝ փրայմերիզը, որի ժամանակ նահանգներից յուրաքանչյուրի բնակիչներն ընտրում են պատվիրակների, ովքեր ներկայացնում են  իրենց նախընտրած թեկնածուին (ԱՄՆ-ում բնակիչները անմիջապես չեն ընտրում թեկնածուին, նրանք իրենց ձայնը տալիս են պատվիրակների, ովքեր նոր միայն ընտրում են թեկնածուին): Ընտրությունների հիմնական փուլին՝ համազգային ընտրություններին, միմյանց դեմ կպայքարեն ընտրությունների առաջին փուլը հաղթահարած երկու կուսակցությունների (դեմոկրատներ և հանրապետականներ) ներկայացուցիչները:

Առայժմ, ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել երկու նահանգում՝ Այովայում և Նյու-Հեմփշիրում:  Այովայի ընտրությունների արդյունքում հանրապետական թեկնածուներից հաղթել է Տեխասի սենատոր Թեդ Քրուզը, իսկ դեմոկրատներից՝ Հիլարի Քլինթոնը: Նյու-Հեմփշիրի ընտրություններում հաղթել է դեմոկրատներից Բերնի Սանդերսը՝ պարտության մատնելով Հիլարի Քլինթոնին, իսկ հանրապետականներից՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփը:

Հիմնվելով ընտրությունների այս նախնական արդյունքների վրա,  որևէ կանխատեսում անելուց առաջ պետք է հաշվի առնել, որ լինելով փոքր,  ունենալով փոքրաթիվ, միևնույն ժամանակ  ոչ բազմազան  բնակչություն այս երկու նահանգներում, գրանցված արդյունքները չեն կարող լինել ներկայացուցչական և օբյեկիտվորեն  կանխատեսել ընտրությունների հետագա ընթացքը:

Սակայն, կարող ենք մատնանաշել չորս հիմնական հանգամանք, որոնք կարող են իրենց կողմնակի ազդեցությունն ունենալ ընտրությունների վերջնական արդյունքի վրա:

Առաջին. Այովան  և Նյու-Հեմփշիրն ավանդաբար լինելով առաջին նահանգները, որտեղ տեղի են ունենում ընտրություններ՝ հոգեբանական տեսանկյունից գործում են «առաջին տպավորության» ազդեցություն` որոշակիորեն փոխելով ընտրությունների վերաբերյալ ընտրողների պատկերացումները: Այս նահանգներում հաղթանակ թեկնածուների կողմից ընկալվում է՝ որպես իրենց կողմնակիցներին համախմբելու կարողության ապացույց:

Բացի այդ, այս նահանգներում ընտրությունները, լինելով առաջինը, ամենաշատն են լուսաբանվում մեդիայի կողմից, ինչի արդյունքում ավելի ցածր վարկանիշ ունեցող, բայց ընտրությունների արդյունքում լավ արդյունքներ գրանցած թեկնածուին հաջողվում է բարձրացնել իր վարկանիշն ամբողջ երկրում:

Երկրորդ. Ամերիկյան տեսաբանների կողմից ԱՄՆ  նահանգները բաժանվում են երեք խմբի. «կապույտ» նահանգները պատկանում են դեմոկրատներին, «կարմիրները»՝ հանրապետականներին, իսկ «մանուշակագույնները» տատանվող նահանգներն են:  Եթե առաջին երկուսի դեպքում ընտրության ելքը գրեթե միշտ հայտնի է, ապա երրորդի արդյունքներն անկանխատեսելի են և կարող են լինել վճռական: Թե′ Այովան և թե′ Նյու-Հեմփշիրը հանդիսանում են այսպես կոչված տատանվող կամ «մանուշակագույն» նահանգներ, ինչով էլ պայմանավորված է այդ նահանգներում կայացած ընտրությունների նկատմամբ հանրային մեծ ուշադրությունը:

Երրորդ. Փորձը ցույց է տվել, որ եթե հիմնական թեկնածուներին չի հաջողվում գրանցել դրական արդյունքներ առաջին երկու նահանգներում՝ Այովայում  և Նյու-Հեմփշիրում, ապա ընտրարշավի համար հովանավորների կողմից նրանց տրվող գումարը նվազում է, իսկ հովանավորների թիվը՝ պակասում:  

Չորրորդ. ԱՄՆ-ում կա նախորդ ընտրությունների փորձով հաստատված մոտեցում, որի համաձայն՝ Նյու-Հեմփշիրում գրանցված արդյունքները սովորաբար ազդանշան են լինում Նոր Անգլիա տարածաշրջանի նահանգների համար, իսկ Այովայում գրանցված արդյունքները՝ Միջին Արևմուտքի նահանգների համար:

Ուստի, եթե հաշվի առնենք  նշված գործոնները, ապա կարող ենք փաստել, որ Այովայում  և Նյու-Հեմփշիրում տեղի ունեցած ընտրությունների առաջին փուլերը, եթե ունենան որևէ ազդեցություն ընտրությունների հետագա ընթացքի վրա, ապա դա կլինի միայն միջանկյալ: Սակայն, թե որքանով այդ միջանկյալ ազդեցությունը կունենա համապետական ընտրությունների ելքի վրա, դեռ վաղ է կանխատեսել:

 

 

 



այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: