ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ ընտրություններում երիտասարդները չեն աջակցում Քլինթոնին

Նախորդ շաբաթ տեղի ունեցած դեմոկրատ թեկնածուների ընտրությունների առաջին փուլի (փրայմերիզի) արդյունքում Հիլարի Քլինթոնն,  ով մինչ այդ թվում էր թե հաստատակամ առաջ է անցել իր հիմնական մրցակից Բերնի Սենդերսից, պարտվեց ԱՄՆ երեք նահանգներում` Վաշինգտոնում, Հավայիում և Ալյասկայում: Հասկանալու համար, թե ինչով է պայմանավորված Քլինթոնի պարտությունը միաժամանակ երեք նահանգներում, պետք է անդրադառնալ երկու հիմնական գործոնների:

Առաջինը գործոնը պայմանավորված է  նրանով, որ ընտրությունները մինչ այս ընթանում էին ԱՄՆ ավելի պահպանողական նահանգներում` Ալաբամա, Արկանզանս և այլն, որտեղ  Քլինթոնը հիմնականում ավելի մեծ աջակցություն է վայելում: Փոխարենը՝ Վաշինգտոնը, Ալյասկան և Հավային համարվում են ավելի լիբերալ նահանգներ և այստեղ  առաջադեմ երիտասարդները հիմնականում  դեմ են Քլինթոնին:  Վերջիններիս  գրավում է Քլինթոնի հակառակորդ Բերնի Սենդերսի նախընտրական պայքարում օգտագործվող հիմնական թեզերը, որոնց հիմքում դրված է սոցիալական հավասարությունը:

Սանդերսն իր ընտրական քարոզարշավում բազմիցս բարձրաձայնել է Քլինթոնների ընտանիքի՝ Wall Street-ի հետ ունեցած մութ կապերի մասին՝ առաջարկելով բարձրացնել ԱՄՆ ունևոր խավի հարկերը, ինչը երիտասարդներին անվճար կրթություն ստանալու հնարավորություն կընձեռի: Այս առումով թերևս պատահական չէ, որ Քլինթոնը 2008 թվականի ընտրությունների առաջին փուլում նույնպես  վերը նշված երեք նահանգներում պարտվեց Օբամային:

Երկրորդ,  մինչ այս գրանցված ընտրությունների արդյունքները փաստում են, որ ի տարբերություն Քլինթոնի, Սենդերսին ավելի դյուրին է տրվում հաղթանակը  կոկուսներում (երբ թեկնածուների աջակիցները չեն քվեարկում փակ ընտրատեղամասերում, այլ հավաքվում են հանրային տարբեր հաստատություններում և այնքան ժամանակ են բանավիճում, մինչև թեկնածուներից որևէ մեկի ներկայացուցիչներին հաջողվում է հակառակ ճամբարից իրենց կողմը գրավել ընտրողների մեծամասնությանը): Մինչ այս տեղի ունեցած դեմոկրատների երեք կոկուսներից 2-ում հաղթել է հենց Սենդերսը:

Սա կարելի է բացատրել երկու հիմնական հանգամանքով. առաջին, ինչպես նշեցինք, Սենդերսի աջակիցների բանակում հիմնականում երիտասարդ ընտրողներն են, ովքեր չեն զլանում և կարողանում են մի քանի ժամ շարունակ բանավիճել: Բացի այդ,  ի տարբերություն Քլինթոնի, Սենդերսն ավելի քիչ է ճանաչված ԱՄՆ նահանգներում և կոկուսները նրան հնարավորություն են տալիս ճանաչում ձեռք բերել, ինչն էլ օգնում է նրան հաղթել:

Եզրափակելով՝ եթե փորձենք կանխատեսումներ անել, ապա պետք է փաստենք, որ չնայած վերջին հաղթանակներին՝ ընտրությունների առաջին փուլում Սենդերսի հաղթելու  հնարավորությունները դեռևս այդքան մեծ չեն: Ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար դեմոկրատ թեկնածուին անհրաժեշտ է 2,383 ձայն, մինչդեռ Սեդերսը դեռևս ունի 1.011 ձայն, իսկ Քլինթոնը՝ 1,712:  Հետևաբար,  առաջին փուլում դեմոկրատների թեկնածու նշանակվելու համար,  Սենդերսը պետք է հաջողություն գրանցի  մնացած 23 նահանգների կեսից ավելիում:

Եթե փորձենք կանխատեսումները կապել վերը նշված երկու գործոնների հետ, ապա այստեղ ևս առկա իրավիճակը չի բխում Սենդերսի շահերից:  Մնացած  23 նահանգներից միայն 6 են դասվում ԱՄՆ այսպես կոչված միանշանակ լիբերալ նահանգների շարքին: Ինչ վերաբերում է մյուս գործոնին՝ ընտրության անցկացման կարգին,  23 նահանգներից միայն երեք նահանգներում են անցկացվելու կոկուսներ, մյուս նահանգներում ընտրությունները լինելու է փակ քվեարկությամբ:

Այնուամենայնիվ, սխալ կլինի ասել, որ դեմոկրատների դեպքում ամեն ինչ արդեն հստակ է, քանի որ ինչպես ցանկացած երկրում, ԱՄՆ-ում տեղի ունեցող ընտրություններում հնարավոր են անկանխատեսելի զարգացումները և դրանից բխող կտրուկ շրջադարձերը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: