ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանն, Իրանն ու Թուրքիան հետևողականորեն կյանքի են կոչում իրենց նպատակները Սիրիայում

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մայիսի 3-4-ը կայացած սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների չորրորդ փուլն ավարտվեց շոշափելի արդյունքներով: Ի տարբերություն նախորդ փուլի՝ այս անգամ հաջողվեց ապահովել ընդդիմության պատվիրակության մասնակցությունը բանակցություններին՝ թեև բովանդակային առաջընթաց սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունների միջև բանակցություններում արձանագրել չհաջողվեց: Բայց գլխավոր արդյունքը, թերևս, Սիրիայում այսպես կոչված «լարվածության թուլացման գոտիներ» ստեղծելու մասին հուշագրի ստորագրումն էր Աստանայի գործընթացի միջնորդ երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի կողմից: Հատկանշական է, որ Աստանայում բանակցություններին մասնակցող կողմերը՝ սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունները, փաստաթուղթն անմիջականորեն չեն ստորագրել, թեև, ռուսական կողմի հավաստմամբ, ընդունել են այն (բացառությամբ ընդդիմադիր պատվիրակության մի շարք ներկայացուցիչների):

Եռակողմ հուշագիր Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև 

Հուշագիրն ուժի մեջ է մտնում մայիսի 6-ից: Լարվածության թուլացման գոտիները հաստատվելու են 6 ամսով, այնուհետև հուշագիրը կարող է երկարացվել ևս 6 ամսով, ավելին՝ այն կարող է անժամկետ գործել, եթե երաշխավոր երկրների կողմից այլ որոշում չընդունվի: TASS-ի տվյալներով՝ լարվածության թուլացման 4 գոտիներն ընդգրկելու են Իդլիբ նահանգը և որոշ հատվածներ հարևան նահանգներից (Հալեպ, Լաթաքիա, Համա), Հոմսից հյուսիս ընկած շրջանը, Դամասկոսի Արևելյան Ղուտա արվարձանը և մի շարք շրջաններ Սիրիայի հարավային հատվածում՝ Դերաան և Ալ-Կունեյտրան: Լարվածության թուլացման գոտիների թիվը հետագայում կարող է ավելանալ: Այս գոտիներում ռազմական գործողությունների դադարեցմանը զուգահեռ արգելվում են ռազմական ավիացիայի (այդ թվում նաև սիրիական և ամերիկյան) թռիչքները: Ընդ որում, երաշխավոր երկրները պարտավորվում են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այս գոտիներում և դրանց սահմաններից դուրս ահաբեկչության դեմ պայքարելու համար: Լարվածության թուլացման շրջանների սահմանների երկայնքով անվտանգության գոտիներ են ստեղծվելու, որտեղ անցակետեր են տեղադրվելու քաղաքացիական անձանց և մարդասիրական օգնության մուտքի համար, ինչպես նար հիմնվելու են կրակի դադարեցման ռեժիմը վերահսկող կետեր: Լարվածության թուլացման գոտիները վերահսկվելու են երաշխավոր երկրների (Ռուսաստան, Իրան, Թուրքիա) ուժերի կողմից:

Պաշտոնապես հայտարարվում է, որ ծրագրի նպատակն է տարանջատել ընդդիմադիր ուժերին ահաբեկչական խմբավորումներից, ամրապնդել Սիրիայում 2016 թվականի դեկտեմբերի 30-ից ուժի մեջ մտած  կրակի դադարեցման ռեժիմը և կանխել հետագա միջադեպերը, թեև ծրագիրն, ըստ էության չի տարածվում ողջ երկրի տարածքում (համենայն դեպս այս փուլում): Հուշագրի երաշխավոր երկրները հույս են հայտնում, որ ծրագրի իրականացումը հիմք կստեղծի սիրիական հակամարտության շուրջ բովանդակային քաղաքական բանակցություններ սկսելու համար:

Ռուսաստանը համաձայնության է եկել ոչ միայն Իրանի և Թուրքիայի, այլ նաև ԱՄՆ-ի հետ

Ռուսական այս նախաձեռնությունն (որոշ տվյալների համաձայն՝ ծրագիրն իրականացվել է անձամբ ՌԴ նախագահի հրահանգով), ըստ էության, նոր մոտեցում է, և տպավորություն է ստեղծվում, որ այս հարցում Մոսկվան նախնական համաձայնության է եկել ոչ միայն Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների (Իրան, Թուրքիա), այլ նաև սիրիական հակամարտության մեկ այլ առանցքային դերակատարի՝ Միացյալ Նահանգների հետ: ԱՄՆ-ի հետ որոշակի համաձայնության ձեռքբերման օգտին է խոսում նաև Աստանայում ԱՄՆ ներկայացվածության մակարդակի բարձրացումը (այս անգամ ԱՄՆ-ը Աստանայում ներկայացնում է ԱՄՆ պետքարտուղարի՝ Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Սթյուարթ Ջոնսը, մինչդեռ նախորդ փուլերին ԱՄՆ-ն ներկայացված էր Ղազախստանում իր դեպանի մակարդակով): Այսինքն, կարելի է ենթադրել, որ որոշակի կոնսենսուս այս հարցի շուրջ վերոնշյալ ուժերի միջև, այնուամենայնիվ, առկա է: Բացի այդ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ Սիրիայում լարվածության թուլացման գոտիներ ստեղծելու գաղափարը քննարկել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և վերջինս, ընդհանուր առմամբ, դրական է վերաբերվում նաև այս գաղափարին: Դրական մթնոլորտում են անցել նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտգործնախարարի և պետքարտուղարի բանակցությունները վերոնշյալ հարցի շուրջ: Այսինքն, կարելի է ենթադրել, որ որոշակի կոնսենսուս այս հարցի շուրջ վերոնշյալ ուժերի միջև, այնուամենայնիվ, առկա է:

Ցանկացած համաձայնություն Սիրիայի շուրջ շատ փխրուն է

Իհարկե, պետք է հաշվի առնել, որ ցանկացած նման պայմանավորվածություն, ինչպես և նախկինում տարբեր հարցերի շուրջ ձեռքբերված համաձայնությունները, շատ փխրուն է: Նույն Ռուսաստան-Թուրքիա-Իրան առանցքի ներսում բազում տարաձայնություններ կան, իսկ «լարվածության թուլացման գոտիներ» ստեղծելու այս ծրագրի հաջող իրականացման համար անհրաժեշտ է ունենալ նաև սիրիական հակամարտության առանցքային մյուս ուժերի համաձայնությունը, ինչն, ինքնին, խնդրահարույց է: Չի կարելի անտեսել Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների վտանգը (հատկապես այն կազմակերպությունների, որոնք վերահսկողությունից դուրս են), որոնք լուրջ սպառնալիք են ներկայացնում ցանկացած պայմանավորվածության իրականացման համար: Բացի այդ, նույն Աստանայում ներկա ընդդիմիության պատվիրակության շրջանում բազմաթիվ դժգոհություններ հնչեցին, ինչը հավելյալ խնդիրներ է ստեղծելու այս ծրագրի իրականացման ճանապարհին:

Ռուսաստան-Թուրքիա-Իրան առանցքի երկրներն ամրապնդում են իրենց դիրքերը Սիրիայում

Այն հանգամանքը, որը վերոնշյալ գոտիները վերահսկվելու են երաշխավոր երկրների ուժերի կողմից, ի թիվս այլ գործոնների, թույլ է տալիս ենթադրել, որ ծրագիրը նպատակ է հետապնդում էլ ավելի ամրապնդել Սիրիայում Ռուսաստան-Թուրքիա-Իրան առանցքի երկրների դիրքերը (նույն նպատակն էր հետապնդում նաև Աստանայում Ժնևին զուգահեռ սիրիական բանակցություններ սկսելու գաղափարը): Սիրիան, ըստ էության, բաժանված է ազդեցության գոտիների, և նման նախագիծը կարող է կոչված լինել արձանագրելու կամ որոշակիորեն լեգիտիմացնելու երկրում տիրող փաստացի վիճակը:

Ի վերջո, եթե լարվածության թուլացման գոտիներն առաջիկայում ենթադրելու են անվտանգության գոտիների ստեղծում թուրքական ընկալմամբ, ապա դա կարող է լուրջ հարված հասցնել Սիրիայի պետականությանը՝ հիմք նախապատրաստելով երկրի հետագա մասնատման համար:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: