ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 641,16 դրամ ԱՐԾԱԹ - 235,82 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 641,24 դրամ

ՀՀ-ն հավատարիմ է մնում ինտեգրացիոն գործընթացների համադրման քաղաքականությանը

Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո թե՛ միջազգային հանրությանը, թե՛ ՀՀ քաղաքացիներին ու փորձագիտական շրջանակներին ամենահետաքրքրող հարցերից մեկը ՀՀ արտաքին քաղաքականության մեջ սպասվող հնարավոր փոփոխություններն էին: Առավել ևս, արդիական էր ինտեգրացիոն քաղաքականության վեկտորների հարցը: Հետխորհրդային երկրներում հեղափոխությունների վերջին միտումները ցույց էին տալիս աշխարհաքաղաքական վեկտորների կտրուկ շեղում դեպի Արևմուտք: Սակայն Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը յուրօրինակ էր նաև դրանով: Այն ի սկզբանե չուներ արտաքին քաղաքական օրակարգ, աշխարհաքաղաքական ենթատեքստ և ուղղված չէր ՀՀ-ն այս կամ այն կողմ շեղելուն: Եվ այդ միտումը շարունակվեց նաև հեղափոխության ավարտից ու Նիկոլ Փաշինյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո:

Արձագանքները Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուն նույնպես վկայեցին մինչ այդ թե՛ ՌԴ-ի, թե՛ Արևմուտքի հետ տարված հետևողական աշխատանքի մասին: Նույն օրը՝ մայիսի 8-ին, Փաշինյանին առաջինը շնորհավորական ուղերձ հղեց ՌԴ նախագահ Վ.Պուտինը, քիչ անց շնորհավորական ուղերձներ հնչեցին թե՛ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆ. Մոգերինիից և մեր տարածաշրջանում ԵՄ քաղաքականության համար պատախանատու Յ.Հանից, թե՛ ԱՄՆ պետքարտուղարությունից:

Բոլոր գերտերությունները հույս հայտնեցին, որ Հայաստանը կշարունակի զարգացնել և խորացնել իրենց հետ համագործակցությունը: Բացի այդ, Փաշինյանը թե՛ ընտրվելուց առաջ, թե՛ հետո մի շարք հանդիպումներ ունեցավ ՀՀ-ում հավատարմագրված այդ գերտերությունների դեսպանների հետ, իսկ մայիսի 14-ին սպասվում է ՀՀ վարչապետի այցը Սոչի, որտեղ նա ԵԱՏՄ գագաթաժողովին մասնակցելուց զատ առանձնազրույց պետք է ունենա նաև Վ.Պուտինի հետ:

Ինտեգրացիոն երկու վեկտորների համադրման, ԵՄ հետ նոր ստորագրված համաձայնագրի շրջանակներում և ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափերով համագործակցությունը շարունակելու, դրան զուգահեռ ԵԱՏՄ և ՀԱՊԿ ներքո ՀՀ ակտիվ մասնակցությունը, ինչպես նաև ՌԴ հետ ռազմավարական դաշնակցային հարաբերություններն էլ ավելի զարգացնելու իր մտադրության մասին վարչապետ ընտրվելուց հետո բազմիցս հայտարարել է նաև Ն.Փաշինյանը:

ՀՀ ներքաղաքական զարգացումներն ունեն նաև այդ երկու ուղղություններով Հայաստանի համար նոր հնարավորություններ ստեղծելու, առկա ձևաչափերում Հայաստանի մասնակցության արդյունավետությունը բարձրացնելու լրացուցիչ պոտենցիալ: Միայն թե, դրա համար որոշակի ժամանակ և ռազմավարություն է հարկավոր:

Իսկ եվրաինտեգրման և եվրասիական ինտեգրման վեկտորները համադրելու, դրանց միջև բալանսավորման նուրբ սահմանին մնալու անհրաժեշտությունը Հայաստանի ցանկացած իշխանությունների պարագայում ոչ այնքան ճաշակի կամ նախասիրությունների հարց է, որքան աշխարհաքաղաքական իրողություններով թելադրված,  երկրի զարգացման ու անվտանգության վրա ուղղակիորեն ազդող անհրաժեշտություն: ՀՀ նախկին իշխանություններին հաջողվել է բավական բարդ ու հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձնել այդ վեկտորների համադրումը, նոր իշխանությունների խնդիրն է չխախտել առկա բալանսներն ու զարգացնել երկու ուղղությունները:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 36%
Քամի՝ 17.70 կմ/ժ
28 C°
 
17°  31° 
16.08.2018
20°  34° 
17.08.2018
Հարցում

Կազդե՞ն Խաչատուրովի շուրջ վերջին զարգացումները ՀԱՊԿ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: