ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սփյուռք սփյուռքի ներսում. Եթովպիայի հայ համայնքը

wikipedia

21-րդ դարում սփյուռքահայության շրջանում ազգային ինքնության հենասյուն պետք է դառնա հայոց պետականության գաղափարը։ Սփյուռքը՝ որպես հայության անուրանալի ու կարևորագույն մաս, մեծ նշանակություն ունի Հայաստանի համար։ Այն դերն ու նշանակությունը, որ խաղացել և խաղում է սփյուռքը Հայաստանի համար, պատմությամբ ու ժամանակով է ապացուցված:

Հայկական մեծ գաղթօջախներին բազմաթիվ անդրադարձեր են եղել, այսօր ցանկանում ենք ներկայացնել փոքրաթիվ, բայց խորն արմատներ ունեցող Եթովպիայի հայկական սփյուռքը:

Եթովպիայում հայերի պատմությունը եզակի է և աներևակայելի հարուստ: Չնայած այնտեղ հայ համայնքի փոքր թվին՝ Ադիս-Աբեբայում դեռ գործում է հայկական դպրոց, եկեղեցի ու ակումբ: Այս հնագույն երկրում հայկական սփյուռքը միշտ էլ կարևոր տեղ է զբաղեցրել պետական, տնտեսական և մշակութային կյանքի բոլոր բնագավառներում: Կրոնի մոտիկությունը միահյուսված էր մշակութային հարազատության հետ. եթովպացի վանականներն ապրում էին հարավային հայկական քաղաքներում` Ուրֆայում, Մարդինում, Տիգրանակերտում (հետագայում` Ամիդ, այժմ Դիարբեքիր):

Հայ-եթովպական առնչությունների մասին առաջին հիշատակությունները գտնում ենք Մովսես Խորենացու վկայություններում: Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ում հիշատակվում է հայ զինվորական առաջնորդ նահապետ Զարմաերի մասին, ով Եթովպիայի բանակի հրամանատարն էր տրոյական պատերազմում: Հնագույն պատմաբանի խոսքով՝ նահապետն ընկավ պատերազմի դաշտում հենց Աքիլեսի ձեռքով, որն, ինքնին, հասկանալի է. հարիր չէ, որ հրամանատարը հասարակ զինվորի ձեռքով սպանվի:

Հայերը Եթովպիայում բնակություն են հաստատել 7-րդ դարից, երբ արաբները, նվաճելով Սիրիան, Պաղեստինն ու Եգիպտոսը, սկսել են հալածել տեղի քրիստոնյաներին, և մեծ թվով հայեր գաղթել ու ապաստանել են մերձակա քրիստոնյա երկրում՝ Եթովպիայում, և ներկայիս Դեսսիե քաղաքի մոտ կառուցել են Սբ. Ստեփանոս եկեղեցին։

Այսօր Եթովպիայում գործող Ս. Գևորգ եկեղեցին կառուցվել է 1934 թվականին, եթովպահայ թեմը Էջմիածնական է: 1960-ական թվականներին Եթովպիայի հայ համայնքը հաշվում է 1200 մարդ: Հեղաշրջումից հետո ծայր առած արտագաղթի հետևանքով Եթովպիայում հայերի թիվը նվազել է (800 հոգի՝ 1977 թվականին)։ Այժմ այնտեղ ապրում է 100-ից էլ քիչ հայ` բոլորը` մայրաքաղաքում:

Չնայած համայնքի փոքրաթիվ լինելուն` եթովպայում գործում են սփյուռքի տարբեր կառույցեր: 1920-ական թվականներից գործում է «Եթովպահայ գաղութային ժողովը», որը համայնքի ղեկավար մարմինն է և ընտրվում է 4 տարին մեկ։ Համայնքում գործում են ՀԲԸՄ Եթովպիայի մասնաճյուղը (1908), Եկեղեցասեր տիկնանց միությունը (1965), Բարեսեր տիկնանց միությունը, «Արարատ» մարզական միությունը (1943), «Արարատ» երգի-պարի խումբը (ղեկ. Տիգրան և Շնորհիկ Որբերյաններ) «Մուրադյան» երգչախումբը (ղեկավար Ներսես Նալբանդյան), «Հայ բեմ» թատերախումբը։ Գործում է հայկական Ազգային Գևորգով վարժարանը, որն ունի մանկապարտեզ և տարրական դասարաններ: Վարժարանում դասավանդվում է հայոց լեզու, հայոց պատմություն, աշխարհագրություն, կրոն, ամհարերեն` Եթովպիայի պետական լեզուն, անգլերեն, ֆրանսերեն: Վարժարանն ունի մեկդարյա պատմություն. հիմնադրվել է 1918 թվականին Վաղինակ և Մարի Բեքարյանների կողմից, մինչև 1932 թվական կոչվում էր Ազգային Արարատյան Վարժարան:

Եթովպահայ համայնքը մշտապես սերտ կապեր է պահպանել Խորհրդային Հայաստանի հետ։ 1960-1970 թվականներին շատ եթովպահայեր բարձրագույն կրթություն են ստացել Հայաստանում։ 

Այս պահին Եթովպիայի հայ համայնքը հիշեցնում է սփյուռք սփյուռքի ներսում: Երեխաներն ու թոռները, որոնք բնակվում են ԱՄՆ-ում և Կանադայում, Ադիս-Աբեբա են այցելում իրենց նախնիների ծննդավայրը տեսնելու համար: Ինչպես կատակում է տեղական համայնքի ներկայացուցիչ Վարդգես Նալբանդյանը, ոմանք եկեղեցի են գալիս միայն հորիզոնական դիրքով: Երկրի մայրաքաղաքում գործում է Սուրբ Գևորգ եկեղեցին, որտեղ միջինը տարեկան հոգեհանգստի երկու արարողություն է լինում և մեկ հարսանիք երեք տարին մեկ անգամ, իսկ մկրտությունը՝ հինգ տարին մեկ անգամ:

Ամփոփելով պետք է նշենք, որ անկախ տվյալ երկրում սփյուռքի մեծաքանակ կամ փոքրաքանակ լինելուց, այնուամենայնիվ, նրա դերը բավական ծանրակշիռ է հայապահպանության ու հայ ինքնության պահպանման տեսանկյունից: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ հայկական սփյուռքի ներկայացուցչներն ավելի լավ են տիրապետում իրենց բնակության երկրների զարգացման փորձին, ինչը կարող է օգտակար լինել Հայաստանի համար։ Այս տեսակետից կարևոր է հատկապես Հայաստանի հետ համեմատելի երկրների փորձը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: