ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյան-Ալիև հանդիպում․ արդյունքներն ու բանակցությունների զարգացման հեռանկարը

Դրական գնահատականներ, շոշափելի արդյունքների բացակայություն։ Թերևս համառոտ այդպես կարելի է բնութագրել Վիեննայում մարտի 29-ին տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումը։

Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը դրական է գնահատել հանդիպումը՝ միաժամանակ ընդգծելով, որ բանակցային գործընթացում ճեղքում չի արձանագրվել։ «Սկսվել է մի գործընթաց, որը հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, պատկերացումների, խնդիրների մասին»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Իր հերթին, հանդիպումը դրական է գնահատել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Հանդիպումը կարևոր է նրանով, որ նոր սկիզբ է դրվել բովանդակության շուրջ բանակցային գործընթացին»,- ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում նշել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևն իր խոսքում մի քանի անգամ կարևորել է այն հանգամանքը, որը բանակցային ձևաչափն անփոփոխ է մնում։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Արցախի լիարժեք ներգրավումը բանակցային գործընթացին այսօր անհրաժեշտություն է, իսկ հանդիպման նախօրեին հայտարարել էր, որ ներառելու է այդ հարցը հանդիպման օրակարգում։ Հանդիպմանն ընդառաջ՝ մարտի 9-ին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության տարածած հայտարարությունը, ինչպես նաև ներկայիս հայտարարության մեջ Արցախի ներգրավման հարցը չհիշատակելը, ցույց են տալիս, որ առնվազն այս փուլում Հայաստանի իշխանություններն այս հարցում հաջողություն չեն արձանագրել։ Ավելին, Հայաստանի այդ պահանջը, իսկ ավելի ճիշտ հենց այս պահին Արցախը ներգրավելու հրատապությունը, միջնորդների և միջազգային հանրության համար ընկալելի չէ։ Միջնորդները բազմիցս հայտարարել են, որ սկզբունքների համաձայնեցումից հետո է Արցախը ներգրավվելու բանակցություններին՝ Խաղաղության համաձայնագրի բանակցման ընթացքում։ Ուստի, հայկական կողմերն իրենց նպատակին հասնելու համար բավական մեծ անելիք ունեն, որպեսզի ընկալելի դարձնեն, թե ինչու է անհրաժեշտ Արցախն անհապաղ լիարժեք ներգրավել բանակցային գործընթացում։ Եվ լեգիտիմության թեզը, կարծես, դրա համար բավարար չէ։ Այս համատեքստում չպարզաբանված է մնում ևս մեկ հարց․ այսօր ո՞ւմ անունից է բանակցում Հայաստանի վարչապետը։

Հանդիպումից առաջ Հայաստանի իշխանությունների կողմից բարձրաձայնված մյուս հարցը, որը պետք է օրակարգային դառնար Ալիևի հետ հանդիպման ընթացքում, կարգավորման սկզբունքների և տարրերի պարզաբանման անհրաժեշտությունն է։ Դատելով մարտի 29-ի հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և միջնորդների համատեղ հայտարարությունից՝ այս հարցը եղել է օրակարգում. «առաջնորդները կարծիքներ են փոխանակել կարգավորման գործընթացի կարևորագույն հարցերի և բովանդակային գաղափարների շուրջ»։ Սակայն հանդիպումից հետո Իլհամ Ալիևի արած հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի համար գերակայություն է մնում այսպես կոչված «Ադրբեջանի տարածքների դեօկուպացիան», տպավորություն է ստեղծում, որ պարզաբանումներն իրական արդյունք չեն տվել։ Եթե պարզաբանումն ավարտվել է, և սա է արդյունքը, ապա դա մտահոգության տեղիք է տալիս, իսկ եթե պարզաբանումներն ավարտված չեն, ապա առնվազն պետք է պայմանավորվածություն ձեռք բերվեր չանել մեկնաբանություններ մինչև գործընթացի ավարտը։

Դրա հետ մեկտեղ, ընդգծվում է, որ անհրաժեշտ է կառուցողական միջավայր ապահովել բանակցային գործընթացում հետագա հստակ և շոշափելի քայլերի համար։ Ուստի, միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու, մոտեցումները պարզաբանելու այս գործընթացը չի կարող երկար տևել, և անհրաժեշտ են լինելու հստակ քայլեր։ Իսկ այս փուլում, առնվազն՝ առկա միջավայրում, դժվար է պատկերացնել, թե դրանք ինչ բնույթ կարող են կրել։

Մյուս ուշադրության արժանի հարցը վստահության միջոցառումների ձեռնարկումն է։ Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ հղվելով Դուշանբեի պայմանավորվածություններին` երկու առաջնորդները վերահաստատել են հրադադարի ամրապնդման և ուղիղ հաղորդակցության մեխանիզմների բարելավման անհրաժեշտությունը։ Որևէ հղում չի կատարվում Ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված և այդպես էլ կյանքի չկոչված Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածություններին։ Ադրբեջանը հետևողականորեն փորձում էր խուսափել դրանցից, քանի որ այդ պայմանավորվածությունները ենթադրում էին միջազգայնորեն վերահսկելի և թափանցիկ մեխանիզմի ներդրում, որը հնարավորություն կտար արձանագրել հրադադարի խախտման դեպքերն ու ֆիքսել մեղավոր կողմին։ Պաշտոնական Բաքուն շտապեց օգտագործել Դունշաբեի բանավոր և երկկողմ ձևաչափով՝ առանց միջազգային հանրության ներգրավման, ձեռք բերված պայմանավորվածությունները՝ նախորդներից ձերբազատվելու համար։ Ինչ-որ պահի դրանցից ուշադրության շեղումը բերեց այդ պայմանավորվածությունների անտեսման, և հարց է՝ հնարավո՞ր է արդյոք հետ վերադարձնել դրանք օրակարգ, թե՞ կարելի է համարել, որ Ադրբեջանն այս հարցում հաջողեց։  

Եվ ևս մեկ դիտարկում․ եթե վերջին օրերին Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ չէր բացառել գերիներին փոխանակելու հնարավորությունը՝ առաջին հերթին, հաշվի առնելով Կարեն Ղազարյանին վերադարձնելու անհրաժեշտությունը, հանդիպումից հետո նա հայտարարեց, որ եթե չի հաջողվում փոխանակել, ապա անհրաժեշտ է առնվազն հնարավորություն ընձեռել նրանց ընտանքի անդամներին՝ այցելելու իրենց գերեվարված հարազատներին։ Ուստի, կարելի է ենթադրել, որ այս փուլում փոխանակման սցենարը քիչ հավանական է։ Դրա փոխարեն հայտարարության մեջ նշվում է «հումանիտար ոլորտում միջոցների ձեռնարկման» անհրաժեշտությունը։

Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ այս շփումներն ու կառուցողական երկխոսությունը կարևոր և անհրաժեշտ են տարածաշրջանում խաղաղություն պահպանելու տեսանկյունից։ Սակայն, բանակցությունները երկար չեն կարող կառուցվել ծանոթացումների և դիրքորոշումների պարզաբանումների շուրջ, աստիճանաբար ավելի արդիական է դառնալու բովանդակային հարցերի համաձայնեցումը ու հստակ քայլերի ձեռնարկումը։ Այդ փուլում հայկական կողմերից պահանջվելու է շատ մեծ ճկունություն, զգուշավորություն և հաշվարկված քաղաքականություն՝ Հայաստանի և Արցախի շահերն առաջ մղելու համար։ Պակաս կարևոր չի լինելու նաև այնպիսի փաստարկների կիրառումը, որոնք ընկալելի և ընդունելի կլինեն, առաջին հերթին, միջնորդների և միջազգային հանրության համար, ինչը կապահովի նրանց աջակցությունը և կամրապնդի մեր դիրքերը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: