ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՆԱՏՕ-Վրաստան․ հայտարարությունների ու իրականության խաչմերուկում

Defense One

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն օրեր առաջ Թբիլիսիում հայտարարությունների մակարդկաով անվերապահ հաստատեց, որ Վրաստանը կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ: Նա շեշտել է, որ այս հարցին համաձայնություն են տվել ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները, և որևէ մեկը դրան չի կարող խոչընդոտել։  Ռազմական դաշինքի քարտուղարը սակայն անդամակցության ժամկետներ, այդպես էլ չնշեց: Ստոլտենբերգը հստակ պատասխան չտվեց նաև հարցին, թե հնարավո՞ր է՝ Թբիլիսին անդամակցի ՆԱՏՕ-ին առանց հարավային Օսիայի ու Աբխազիայի հակամարտությունները կարգավորելու:

Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածը առավել կարևորություն է ներկայացնում այն պատճառով, որ նախանշում է դաշնագիրը ստորագրած կողմերի փոխադարձ պաշտպանության հիմքը: Հոդվածում սահմանվում է․ «զինված հարձակումը մեկ կամ ավելի պետությունների վրա կդիտարկվի որպես հարձակում բոլորի վրա: Յուրաքանչյուր պետություն կաջակցի այն մեկ կամ մի քանի պետություններին, որոնք ենթարկվել են ագրեսիայի»: Ստացվում է, որ Վրաստանի ապագա անդամակցումը Հյուսիսատլանտյան դաշինքին հնարավոր է մի պայմանով. եթե ՆԱՏՕ-ի պայմանագրի հինգերորդ հոդվածը, որը կոլեկտիվ պաշտպանություն է նախատեսում, ժամանակավորապես չտարածվի Աբխազիայի և Հարավային Օսիայի վրա: Այդ հոդվածը Վրաստանի համար նշանակում է հրաժարվել Աբխազիայից և Հարավային Օսիայից:

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Ռուսաստանին «Հարավային Օսիան և Աբխազիան օկուպացնելու համար»  ու աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ ՆԱՏՕ-ի անունից Ստոլտենբերգը Ռուսաստանին կոչ է արել հետ կանչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումն ու դուրս բերել իր զորքերն այդ տարածքներից, որից հետո կհեշտանա Վրաստանի անդամակցությունը դաշինքին։

Վրաստանի վարչապետն էլ իր հերթին ընդգծել է, որ Թբիլիսին հաստատակամ է շարունակել բարեփոխումները՝ օր առաջ ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ դառնալու համար: Նա հայտարերել է, որ իրենց ցանկությունը նաև մայր օրենքով՝ Սահմանադրությամբ է ամրագրված՝ փաստելու, որ որոշումն այլևս անշրջելի է։ Նշենք, որ Սահմանադրության նախաբանում, որտեղ խոսվում է Վրաստանի ժողովրդի ձգտումների մասին նշված է հետևյալ արտահայտությունը. «Զբաղեցնել լիարժեք տեղ ժողովրդավարական պետությունների, անվտանգության ու համագործակցության եվրաատլանտյան համակարգում»: Սահմանադրության վերոնշյալ հոդվածի առկայությունը փաստում է, որ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելը նրա գերակայությունների մեջ է մտնում։

Սակայն հարկ է նշել, որ հայտարարությունների ու ցանկությունների մակարդակը բավական տարբեր է իրականությունից։ Հիմնական ու անբեկանելի փաստարկը կարելի է համարել այն, որ Վրաստանի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին որպես մարտահրավեր է ընկալվում Ռուսաստանի կողմից: Եվրոպան, սահմանակից լինելով Ռուսաստանին, հազիվ թե ցանկանա առավել սրել առանց այն էլ ոչ այնքան փայլուն հարաբերությունները  Ռուսաստանի հետ: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին ինտեգրվելու խնդրում Վաշինգտոնը Վրաստանին իր անվերապահ աջակցությունն է միշտ հայտնել։ 2008թ-ին ԱՄՆ-ն ջանք չէր խնայում, որպեսզի Վրաստանը ստանա Անդամակցության գործողությունների պլանը, սակայն դա բավական չէր, քանի որ չհաջողվեց ստանալ Գերմանիայի համաձայնությունը: Ու մինչև հիմա Վրաստանին չի հաջողել Գերմանիայի հետ համաձայնության գալ։

Որքան էլ Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անունից հայտարարի Վրաստանին իրենց անվերապահ աջակցության մասին, որքան էլ Վրաստանի իշխանությունները ձգտեն դեպի ՆԱՏՕ, կան հարցեր, որոնց վրա աչք փակելն առնվազն անհեռատեսություն է։

Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Աբխազիայի և  Հարավային Օսիայի հակամարտություններով պայմանավորված ռուս-վրացական սրված հարաբերությունների պայմաններում Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը մոտ ապագայում հազիվ թե իրականություն դառնա։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: