ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղը 2019թ.-ին. խաղաղությունն առաջնահերթություն է

Фото: Евразия Эксперт

2019 թվականն Արցախի համար կարևոր իրադարձություններով հագեցած տարի չէր, սակայն կարելի է առանձնացնել մի քանի հիմնական դրույթներ, որոնք կարևոր են Արցախի զարգացման միտումները հասկանալու և այս հարատև հակամարտությունը լուծելու տեսանկյունից:

Ներքին քաղաքականություն

Արցախում ծավալվեցին ընտրական գործընթացները: Չնայած նրան, որ խորհրդարանական և նախագահական ընտրությունները կայանալու են  2020թ.-ի գարնանը, ամբողջ 2019 թվականն անցավ նախընտրական տրամադրությունների ներքո: Սեպտեմբերին Արցախում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնցում հիմնական շեշտը դրվեց մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար մղվող պայքարի վրա: Հետաքրքրականն այն է, որ այս պաշտոնի համար իրենց թեկնածությունն առաջադրած բոլոր մասնակիցները նախկինում չէին զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, և նրանք բոլորն էլ բավականին երիտասարդ էին ՝ 40-ից 45 տարեկան:

Այս ընտրությունները կարևոր էին քաղաքական ուժերի վերադասավորման առումով. բազմաթիվ քաղաքական ուժեր և ակտիվիստներ դրանք համարեցին նախապատրաստություն 2020 թվականի նախագահական և խորհրդարանական ընտրություններին: Եվ, կարելի է ասել, որ դրանք բավականին սիմպտոմատիկ էին այս իմաստով: ՏԻՄ ընտրությունների ժամանակ բազմաթիվ ընտրատեղամասերում հաղթանակ տարան Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները: Նշենք, որ ներկայումս Արայիկ Հարությունյանն Արցախի նախագահի պաշտոնի թեկնածուներից մեկն է:

Ի դեպ, չնայած Արցախի նախագահի պաշտոնի համար նախընտրական քարոզարշավը դեռ պաշտոնապես չի մեկնարկել, արդեն առնվազն յոթ թեկնածու՝ ներառյալ Արցախի Ազգային ժողովի նախագահը և արտաքին գործերի նախարարը, հայտարարել են, որ իրենք պայքարելու են նախագահության համար: Սպասվում է թեժ պայքար, մասնավորապես այն պատճառով, որ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը նույնպես մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Հատկանշականն այն է, որ դեկտեմբերին Արցախ կատարած իր այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Արցախի նախագահի պաշտոնում առաջադրված չորս թեկնածուների հետ՝ շեշտելով, որ «Հայաստանի կառավարությունը կօգնի ղարաբաղյան իշխանություններին ազատ և արդար ընտրությունների անցկացման գործում»: Հանդիպմանը, որին մասնակցեցին ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը, «ՀՅԴ» կուսակցության անդամ Դավիթ Իշխանյանը (նրանցից երեքն արդեն հայտարարել էին ընտրություններին մասնակցելու մասին, իսկ չորրորդն այդ մասին հայտարարեց ավելի ուշ), չէր հրավիրվել Վիտալի Բալասանյանը, ով նույնպես հայտարարել էր Արցախի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: Այս քայլը ոչ միանշանակ ընդունվեց. որոշ ուժեր ՀՀ վարչապետին մեղադրեցին խտրական մոտեցում ցուցաբերելու և Ղարաբաղի ներքաղաքական գործընթացների վրա ազդելու փորձ կատարելու մեջ:

Արցախ-Հայաստան

2019-ին երկու հայկական պետությունների միջև հարաբերությունները զարգանում էին վայրիվերումներով: ՀՀ վարչապետը մի քանի անգամ հրապարակայնորեն փորձեց «կարգի հրավիրել» Արցախի պաշտոնյաներին ՝ հորդորելով նրանց «հանգիստ նստել տեղները»: Իսկ ղարաբաղցի պաշտոնյաները, մասնավորապես ՝ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, մեղադրեց Նիկոլ Փաշինյանին Ալիևի հետ «վերելակային պայմանավորվածություններ» ձեռք բերելու մեջ:  Չնայած այն հանգամանքին, որ Արցախի և Հայաստանի իշխանությունները «պարկեշտություն» ցուցաբերեցին և ցույց տվեցին, որ սերտորեն համագործակցում են բազմաթիվ ոլորտներում, այնուամենայնիվ, նրանց հարաբերություններում լարվածություն էր նկատվում, որը մերթ նվազում էր, մերթ աճում` կախված Հայաստանի և Արցախի ներքաղաքական ցնցումներից և, միգուցե, բանակցային գործընթացից:

Հետաքրքրականն այն է, որ երկու տարվա ընթացքում անցկացվեց Արցախի և Հայաստանի Անվտանգության խորհուրդների երկու համատեղ նիստ`Ստեփանակերտում և Երևանում, որոնց ժամանակ (մասնավորապես վերջին հանդիպմանը, որը կայացավ դեկտեմբերին) փորձ արվեց սահմանելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում երկու հայկական կողմերի «կարմիր գծերը»: Դրանք են՝

- Արցախի կարգավիճակի հարցն առաջնահերթ նշանակություն ունի,

- եթե Ադրբեջանը փորձում է հարաբերական դարձնել ինքնորոշման իրավունքի կամ ուժի չկիրառման սկզբունքի իրացումը, ապա հարաբերական է դառնում նաև երրորդ սկզբունքը՝ տարածքային ամբողջականությունը,

- չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով,

- կարգավորման որևէ տարբերակ չի կարող վտանգի տակ դնել Արցախի Հանրապետության անվտանգությունը և նրա բնականոն կենսագործունեությունը:

Սրանք այն նշաձողերն են, որոնք չպետք է իջեցվեն, և այն կարմիր գծերը, որոնք երբեք չպետք է խախտվեն:

Արցախյան հակամարտության կարգավորում. խոսքեր, խոսքեր, խոսքեր

Եթե նույնիսկ 2019 թվականին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված կային որոշակի ակնկալիքներ, ապա դրանք հօդս ցնդեցին: Իսկզբանե  պարզ էր, որ Հայաստանի նոր ղեկավարը, չնայած բարձրագոչ հայտարարություններին, չէր կարող պատկերացնել Ղարաբաղյան հակամարտության հարցում հայկական կողմերի և Ադրբեջանի դիրքորոշումների անհամապատասխանությունների ամբողջ խորությունը: Հակամարտություն լուծելը խնձոր կտրել չէ: Եվ ահա, 2019-ի ընթացքում Հայաստանի ղեկավարը մեկ անգամ չէ, որ ստիպված եղավ բախվել այն փաստին, որ Արցախյան հակամարտության համատեքստում ցանկացած բառ, ցանկացած նախաձեռնություն կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

Ստեփանակերտի հրապարակից Փաշինյանի հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», խառնաշփոթ առաջացրեց ղարաբաղյան գործընթացում: Առաջին հայացքից հանգիստ երկխոսությունից Ադրբեջանը նորից անցավ իր ագրեսիվ հռետորաբանությանը՝ հայտարարելով, որ «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան»:

Ամբողջ տարի Հայաստանի ղեկավարն առաջ էր քաշում այն թեզը, որ «Արցախյան հիմնախնդրի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար»՝ միևնույն ժամանակ ապարդյուն փորձելով ստիպել Ալիևին հանդես գալ նույն հայտարարությամբ:  Ընդ որում, Հայաստանի ղեկավարը, բարձրաձայնելով այս՝ առաջին հայացքից խաղաղությանը նպաստող բանաձևը, հաշվի չառավ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը չի կարող ընդունելի կամ անընդունելի լինել: Իրավունքն անքակտելի է: Եվ, հավանաբար, մի օր Ադրբեջանը դա կընդունի:

Փաշինյանի մեկ այլ կարևոր հայտարարությունն էլ այն էր, որ Հայաստանի և Արցախի դիրքորոշումները մինչև վերջին դետալը նույնական են:  Այս հայտարարությունը ոչ միայն ճիշտ չէ (երկու հայկական պետությունների դիրքորոշումները միշտ տարբեր են եղել և ոչ միայն դետալներում, օրինակ՝ Արցախը մերժեց կարգավորման տարբերակը, որին Հայաստանն իր համաձայնությունն էր տվել), այլև հարված է հասցնում Արցախի սուբյեկտայնությանը (այդ դեպքում էլ ինչո՞ւ պետք է Ղարաբաղի ներկայացուցիչները նստեն բանակցությունների սեղանի շուրջ):

2019-ին ղարաբաղյան կարգավորման համատեքստում մեկ այլ անհաջող քայլ էր Փաշինյանի կնոջ կողմից Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևային մուղամ լսելու համար Արցախ հրավիրելը:  Տիկին Փաշինյանը ոչ միայն դա արեց առանց Արցախի առաջին տիկնոջ, այլ նաև արարողակարգային  բոլոր կանոնները ոտնահարելով, առանց համապատասխան հրավերի նաև հայտարարեց, որ պատրաստ է մեկնել Ադրբեջան՝ մի երկիր, որում անգամ «հայ» բառն է վիրավորանք համարվում:

Ղարաբաղյան կարգավորում. ավելի լավ է բանակցել, քան ոչինչ չանել

2019 թվականը բանակցությունների հերթական տարին էր, որի ընթացքում կրկին չհաջողվեց խաղաղության համաձայնության հասնել: Սակայն բանակցությունները միշտ պատերազմից գերադասելի են:

Եվ, իհարկե, 2019-ին տեղի ունեցած բոլոր բանակցությունները, որոնք հանդիպումները արտգործնախարարների կամ Հայաստանի և Ադրբեջանի առաջին դեմքերի մակարդակով, գուցեև չմոտեցրին կողմերին խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, բայց նաև առիթ չդարձան ռազմական գործողությունների համար: Չնայած երկար ժամանակ Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, որ իրենք բանակցություններ չեն վարում, այլ պարզապես հստակեցնում են դիրքորոշումներն ու այս կամ այն խնդիրները, հանդիպումները տարվա ընթացքում բավական շատ էին:

Բանակցողները խոսում էին դիրքորոշումների հստակեցման մասին, հնչեցնում էին ընդհանուր մտքեր, և միայն տարեվերջին արվեցին հայտարարություններ, որոնցից պարզ դարձավ, որ կողմերը ոչ միայն բանակցություններ են վարում, այլ նաև պայմանավորվել են քայլեր ձեռնարկել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու (լրագրողների փոխանակման) ուղղությամբ, ինչպես նաև իրականացնել մարդասիրական նախաձեռնություններ (բանտարկյալների փոխանակում) և քննարկում են կարգավորման սկզբունքները:

 

Միևնույն ժամանակ, պետք չէ հավասարության նշան դնել հակամարտության կողմերի միջև նաև այս հարցում. Ադրբեջանը հավատարիմ մնաց իր դիրքորոշմանը և բարձր ամբիոններից պարբերաբար արեց պահանջատիրական,  հակահայկական ագրեսիվ ռազմատենչ հայտարարություններ, որոնք ուղղված էին ոչ միայն Արցախին, այլ նաև Հայաստանին:

Տարվա ընթացքում ադրբեջանական կողմը, որը երկար տարիներ փորձում էր բանակցային գործընթացը տեղափոխել «միջհամայնքային ձևաչափ», ակտիվացրեց Ղարաբաղի այսպես կոչված «ադրբեջանական համայնքը»՝ փորձելով դրան տալ ավելի շոշափելի կարգավիճակ, քան այժմ: Գործընթացը հասավ այնպիսի կետի, որ Ռուսաստանի արտգործնախարարը և Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, այս կամ այն ձևով, խոսեցին ադրբեջանական համայնքի հետ երկխոսության կարևորության մասին, ինչը մեր դիվանագետների թերի և անհետևողական աշխատանքի հետևանքն է:

Իրականում, հայերի և ադրբեջանցիների միջև երկխոսությունը՝ տարբեր մակարդակներում և ձևաչափերով, ենթադրում է երկխոսություն ադրբեջանցի փախստականների, հայ փախստականների, ինչպես նաև նրանց հետ, ովքեր Արցախը լքել են Ադրբեջանի ԽՍՀ խտրական քաղաքականության և պարտադրված պատերազմի հետևանքով, սակայն ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի ունեցել միջհամայնքային ենթատեքստ, այն միշտ եղել է կոնֆլիկտ ինքնավարության և մետրոպոլիայի միջև: Դա է իրականությունը, որը պետք է արտացոլվի բանակցային գործընթացում:

Տարեվերջին՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, որոշ մանրամասներ պարզվեցին. Փաշինյանն ասաց, որ ձեռք է բերվել երկու կարևոր պայմանավորվածություն, որոնք վերաբերում են խաղաղության համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը և բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն: Ռուսաստանի արտգործնախարարը նշեց, որ ակնկալում է, որ կողմերը, Մինսկի խմբի համանախագահների հետ միասին, դեկտեմբերի 5-ին հանդես կգան համատեղ հայտարարությամբ: Սակայն, կողմերը կրկին չկարողացան համաձայնության գալ: Ադրբեջանը ներկայացրեց իր «կարմիր գծերը»՝ բանակցային գործընթացը մի քանի տարով հետ պտտելով:  Այնուհետև Հայաստանը, ի պատասխան Ադրբեջանի հայտարարության, հայտնեց Արցախյան հարցում իր «կարմիր գծերի» մասին, որոնք բանակցային գործընթացը վերադարձրեցին այն կետին, որից կողմերը երկար տարիներ չէին կարողանում առաջ շարժվել:

Այն հարցը, թե «Ի՞նչ է պատրաստ զիջել Ադրբեջանը» երկար տարիներ մնում է օդից կախված՝ խաղաղության համաձայնագիր կնքելու բոլոր բարի մտադրությունները վերածելով անիրատեսական հույսերի:

Կյանքը Արցախում

Բանակցությունները բանակցություններ, սակայն Արցախի բնակչությունն ունի իր կյանքը: Մարդիկ կառուցում են տներ, բացում խանութներ, իրենց երեխաներին տանում դպրոց և, ինչպես աշխարհի ցանկացած վայրում, երազում են ավելի լավ կյանքի մասին:

Նրանք այնտեղ ապրում են պատերազմի մշտական սպառնալիքի ներքո: Չնայած դրա հետ անհնար է համակերպվել, սակայն կյանքն իրենն ասում է. արցախցիներն`այս հողի վրա ապրող հասարակ մարդիկ, համակերպվել են դրան:  Նրանք կարողանում են նկատել խրամատում գտնվող ծաղիկը և երջանկություն զգալ կորստի ցավը հաղթահարելով: Ապրի՛ր, Արցախ: Խաղաղություն քեզ նոր տարում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: