ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստան-Արցախ հարաբերությունների տեսլականը Արցախի ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի և նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերում

2020 թվականի մարտի 31-ին Արցախում կկայանան նախագահական և խորհրդարանական ընտրություններ: «Արմեդիա» ՏՎԳ-ն արդեն անդրադարձել է առաջադրված կուսակցությունների (դաշինքների) և թեկնածուների նախընտրական ծրագրերին՝ դրանց առանձին դրույթներ ներկայացնելով աղյուսակի տեսքով: Այժմ այդ դրույթների վերլուծության արդյունքում փորձենք հասկանալ՝ ինչպե՞ս են տեսնում Հայաստան-Արցախ հարաբերությունների զարգացումն առաջադրված քաղաքական ուժերն ու թեկնածուները:

Իրենց նախընտրական ծրագրում Հայաստան-Արցախ հարաբերություններին անդրադարձել են նախագահի պաշտոնի համար առաջադրված 14 թեկնածուներից 13-ը (չկա անդրադարձ միայն ինքնաառաջադրված թեկնածու Դադայան Աշոտի նախընտրական ծրագրում): Իսկ խորհրդարանական ընտրությունների համար առաջադրված 12 քաղաքական ուժերից թեմային անդրադարձ կա 10-ի նախընտրական ծրագրում (բացակայում է «Արցախի հեղափոխական կուսակցության» և «Անկախության սերունդ» կուսակցության նախընտրական ծրագրերում):   

Հայաստան-Արցախ հարաբերությունների տեսլականն ու զարգացման հարցում ունեցած մոտեցումներն առաջադրված թեկնածուների ու քաղաքական ուժերի մոտ բավական տարբեր են՝ «կեղծանկախության բեմականացումը» դադարեցնելու և ՀՀ-ին միանալու առաջարկներից (նախագահի թեկնածու Վահան Բադասյան և իրեն ներկայացրած «Միացյալ Հայաստան» կուսակցություն) մինչև «Վերահսկողական գործառույթներով օժտված Համահայկական ազգային պալատ հիմնելու» մասին առաջարկներ (Վիտալի Բալասանյան):

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից 6-ի նախընտրական ծրագրերում Արցախի ապագա կարգավիճակը հստակ ներկայացվում է մայր Հայաստանի կազմում (Բալայան Քրիստին (ինքնաառաջադրված), Բաբայան Դավիթ (Արցախի պահպանողական կուսակցություն), Խանումյան Հայկ («Ազգային վերածնունդ» կուսակցություն), Բադասյան Վահան («Միացյալ Հայաստան» կուսակցություն), Մայիլյան Մասիս («Մայիլյան-Նոր Արցախ» դաշինք), Իսրայելյան Ռուսլան («Անկախության սերունդ» կուսակցություն)): Ի դեպ, թեկնածուներից Վահան Բադասյանի ծրագրում Արցախի անկախ պետություն լինելը ներկայացված է որպես «տասնամյակների կեղծ քարոզչություն»՝ առաջարկելով «Սահմանադրությունը համապատասխանեցնել Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորման մասին 1989թ․ դեկտեմբերի 1-ի պատմական որոշմանը և ՀՀ անկախության հռչակագրին»:

Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքման անհրաժեշտությունն ընդգծված է նախագահի թեկնածուներից 4-ի նախընտրական ծրագրերում (Բալասանյան Վիտալի («Արդարություն» կուսակցություն), Ամիրյան Սերգեյ (ինքնաառաջադրված), Լալայան Բելա (ինքնաառաջադրված), Իշխանյան Դավիթ (ՀՅ Դաշնակցություն)):

Հայաստան-Արցախ-Սփյուռք եռակողմ հարթակի ստեղծման առաջարկը տեղ է գտել թեկնածուներից երկուսի՝ Վիտալի Բալասանյանի և Աշոտ Ղուլյանի (Արցախի ժողովրդավարական կուսակցություն) նախընտրական ծրագրերում:

Մայր հայրենիքի և սփյուռքի հետ նոր որակի հարաբերությունների կառուցում է խոստանում Հարությունյան Արայիկը («Ազատ Հայրենիք-քաղաքացիական միացյալ դաշինք»): Իսկ ինքնաառաջադրված թեկնածու Պողոսյան Մելսիկն առաջարկում է Արցախի Հանրապետության քաղաքականությունը կառուցել «համահունչ ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության» վրա:

Գրեթե նույնական է պատկերը և Արցախի խորհդարանական ընտրություններում առաջադրված կուսակցությունների և դաշինքների պարագայում, որոնց նախընտրական ծրագրերը հիմնականում նույնական են իրենց կողմից ներկայացված կամ աջակցվող նախագահի թեկնածուի նախընտրական ծրագրերի հետ: Փոքր ինչ այլ իրավիճակ է «Միասնական հայրենիք» կուսակցության պարագայում: Վերջինս, չնայած նրան, որ հայտարարել է նախագահական ընտրություններում Մասիս Մայիլյանին աջակցելու մասին,  խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով, նաև առանձին ծրագրային դրույթներով: Հայաստան-Արցախ հարաբերությունների համատեքստում կուսակցությունը որպես վերջնանպատակ սահմանում է մայր հայրենիքին դե-յուրե միացումը՝ ԱՀ սահմանադրությամբ ամրագրված տարածքների պահպանմամբ:

Նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրած Արցախի կոմունիստական կուսակցությունն էլ, գտնում է, որ «արտաքին քաղաքականության հիմքում պետք է ընկած լինի Լեռնային Ղարաբաղի փաստացի անկախության միջազգային ճանաչումը, բարեպատեհ ժամանակներում մայր Հայաստանին մաս կազմելու հեռանկարով»:

Այսպիսին է Արցախում սպասվող ընտրություններում առաջադրված թեկնածուների և քաղաքական ուժերի դիրքորոշումը Հայաստան-Արցախ հարաբերությունների վերաբերյալ: Այսպիսով, մարտի 31-ին արցախցին ընտրելու է ոչ միայն նախագահ ու խորհրդարանի կազմ, այլև Հայաստան-Արցախ հարաբերությունների ձևավորման հայեցակարգ ու տեսլական:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: