ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում ընտրություններին միջազգային արձագանքը

Մի շարք երկրներ և միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններ արձագանքել են Արցախում մարտի 31-ին կայացած համապետական ընտրություններին:

Մասնավորապես, Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների օրինականությունը չճանաչելու մասին հայտարարություններով հանդես են եկել Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան, Ռումինիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան, Իրանը, Թուրքիան, ինչպես նաև Եվրամիությունը, Եվրոխորհրդարանը, ՆԱՏՕ-ն, Թյուրքալեզու պետությունների  համագործակցության խորհուրդը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը: Նշենք, որ այս երկրների մեծ մասը նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաև 2012 թվականին Արցախում կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ: 2015 թվականի խորհրդարանական ընտրություններին միջազգային արձագանքն ավելի պասիվ էր (Եվրամիություն, ԱՄՆ և Թուրքիա):

Թվարկված երկրներից մեծ մասի պարագայում արձագանքը բացատրվում է սեփական հակամարտությունների առկայությամբ, և հետևաբար՝ ինքնորոշման իրավունքի իրացման ու դրա արդյունքների նկատմամբ կողմնակալ վերաբերմունքով:

Թուրքիայի դիրքորոշմանն անդրադառնալու կարիք թերևս չկա՝ հաշվի առնելով Ղարաբաղյան կարգավորման գործընթացում այդ երկրի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմաքաղաքական աջակցությունը և Հայաստանի նկատմամբ իրականացվող թշնամական քաղաքականությունը:

Անդրադառնալով Իրանի դիրքորոշմանը՝ պետք է նկատել, որ այն բավականին զուսպ է. «Կարծում ենք՝ պետք է ձեռնպահ մնալ ցանկացած քայլից, որը բարդեցնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները հարթելու գործընթացը», - այս կապակցությամբ նշել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին՝ դատապարտելով «այսպես կոչված, ընտրությունների անցկացումը»:

Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի պարագայում թեև վերջիններիս դիրքորոշումը մեծապես պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ իրենք ևս ունեն տարածքային խնդիրներ, սակայն դա բնավ չի նշանակում, որ մենք այստեղ աշխատելու դաշտ չունենք: Նշենք, որ Ուկրաինան և Մոլդովան զերծ են մնացել Արցախում նախորդ ընտրությունների վերաբերյալ գնահատականներ տալուց: Եվ եթե Ուկրաինայի պարագայում դա կարելի է բացատրել այն հանգամանքով, որ Կիևը նման հարցերում այդ ժամանակ զգայուն չէր, քանի որ չուներ հակամարտություն սեփական սահմաններում (չնայած հակամարտություն ունենալը չի պարտադրում դիրքորոշում արտահայտել այլ հակամարտությունների վերաբերյալ), Մոլդովայի պարագայում, որն, ի դեպ, ԱլԳ երկրներից ամենակոշտն է արտահայտվել Արցախում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ, այդ բացատրությունը չի աշխատում: Մոլդովայի հայտարարությունը նաև վերջին շրջանում հայ-մոլդովական հարաբերությունների որակի ցուցիչ է:

Ինչ վերաբերում է Արցախում կայացած ընտրությունների վերաբերյալ Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի դիրքորոշումներին, ապա, ըստ էության, դրանք արդեն իսկ արտահայտված էին այս կապակցությամբ Եվրամիության տարածած հայտարարության մեջ: Հեղափոխությունից հետո ակնկալվում էր, որ մենք էական առաջընթաց կարող ենք ունենալ  հենց Եվրոպայի հետ հարաբերություններում, սակայն որոշ երկրների կողմից առանձին հայտարարություններով Արցախի ընտրությունների վերաբերյալ դիրքորոշում ընդգծելու փաստը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ մենք չենք կարողացել հեղափոխությունը կապիտալիզացնել ոչ միայն Եվրոպական միության, այլև եվրոպական առանձին երկրների հետ երկկողմ հարաբերություններում:

Ինչ վերաբերում է Կանադայի դիրքորոշմանը, ապա Թուրքիայում Կանադայի դեսպանատան թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրությունում նշվում է, որ Արցախում կայացած ընտրությունները խաթարում են հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Սակայն պետք է նկատել, որ Արցախում ընտրությունների վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը նման գնահատական չի պարունակում: Այսպիսով, կարելի է փաստել, որ Կանադայի հետ հարաբերություններում հեղափոխությունից հետո ձևավորված դրական ֆոնը մեր կողմից արդյունավետորեն չի օգտագործվում:

Ինչ վերաբերում է միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների արձագանքներին, պետք է նկատել, որ ՆԱՏՕ-ի և Եվրախորհրդարանի գնահատականները կրկնում են Եվրոպական միության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում արտահայտած դիրքորոշումները:

Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհուրդը ևս կարծում է, որ Արցախի ընտրությունները խաթարում են Մինսկի խմբի ջանքերը, իսկ  Իսլամական համագործակցության կազմակերպությունն էլ իր հայտարարությունում հղվում է բացառապես Ադրբեջանի շահերն արտահայտող միջազգային բանաձևերի վրա: Նշենք, որ թեև այս երկու կազմակերպություններում վերջին տարիներին բավականին մեծացել է Թուրքիայի և Ադրբեջանի դերակատարումը, դա չի նշանակում, որ մենք այս ուղղությամբ աշխատելու հնարավորություն չունենք: Այդ կազմակերպությունների անդամ երկրների մեծ մասի հետ Հայաստանն ունի բավականին լավ հարաբերություններ, որոնք կարող են օգտագործվել հակահայակական հայտարարությունները բացառելու կամ ավելի օբյեկտիվ ձևակերպումներ ունենալու համար:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: