ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստան-Արցախ հարաբերություններ. ո՞ր տարբերակն ընտրեց արցախցին

2020 թվականի մարտի 31-ին Արցախում տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Դրանց նախնական տվյալների համաձայն՝ Արցախի խորհրդարանում ներկայացված կլինի հինգ քաղաքական ուժ՝ «Ազատ հայրենիք-ՔԴՄ» դաշինքը, «Միասնական հայրենիք» կուսակցությունը, Արցախի «Արդարություն» կուսակցությունը, ՀՅ Դաշնակցությունը և Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը:

Նախագահի պաշտոնի համար պայքարող թեկնածուներից և ոչ մեկին չհաջողվեց ստանալ ընտրողների քվեների 50 տոկոսից ավելին, ինչը նշանակում է, որ Արցախում նախագահ կընտրեն երկրորդ փուլով: Օրենքի համաձայն՝ երկրորդ փուլը կկայանա ապրիլի 14-ին՝ առավելագույն ձայներ հավաքած թեկնածուների՝ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի (49.26%) և արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի (26,4%) միջև:

«Արմեդիա»  ՏՎԳ-ն արդեն անդրադարձել է Արցախի համապետական ընտրություններում առաջադրված կուսակցությունների (դաշինքների) և թեկնածուների նախընտրական ծրագրերին՝ դրանց առանձին դրույթներ ներկայացնելով աղյուսակի տեսքով: Միաժամանակ, առանձին վերլուծությամբ ներկայացրել ենք առաջադրված քաղաքական ուժերի մոտեցումները Հայաստան-Արցախ հարաբերությունների և արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ: Այժմ փորձենք հասկանալ՝ Հայաստան-Արցախ հարաբերությունների ո՞ր տարբերակը ընտրեց արցախցին և այս համատեքստում ի՞նչ են առաջարկում խորհրդարան անցած քաղաքական ուժերն ու նախագահի պաշտոնի համար պայքարում առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները:

«Արցախը Հայաստան է, և վերջ», - ընտրությունների ավարտից հետո հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց ավելի քան 49 տոկոս քվե ստացած Արայիկ Հարությունյանը, ով նախընտրական ծրագրում խոստանում էր «նոր որակի հարաբերություններ հաստատել Մայր Հայրենիքի և Սփյուռքի հետ»: «Անկախացել ենք բոլորից: Ո՛չ», - իր նախընտրական ծրագրում պնդում է երկրորդ տեղը զբաղեցրած Մասիս Մայիլյանը՝ պարզաբանելով, որ Արցախի Հանրապետության հռչակումը 1991թ սեպտեմբերի 2-ին և դեկտեմբերի 10-ի հանրաքվեն չեն ենթադրել Արցախի անկախությունը Հայաստանից և որ պայքարի վերջնանպատակը «միացումն» է:  Այսպիսով, անկախ նրանից, թե ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում ով կընտրվի Արցախի Հանրապետության նախագահ, մոտեցումը Հայաստան-Արցախ հարաբերությունների վերաբերյալ էականորեն չի տարբերվի:   

Մոտեցումը նույնն է և Արցախի խորհրդարանական ընտրություններում առավելույն ձայներ ստացած «Ազատ հայրենիք-ՔԴՄ» դաշինքի նախընտրական ծրագրում (ծրագիրը նույնական է նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի ծրագրի հետ): Ինչ վերաբերում է «Միասնական հայրենիք» կուսակցությանը, ապա վերջինս ևս որպես վերջնանպատակ սահմանում է Մայր Հայրենիքին դե յուրե միավորումը՝ «ԱՀ սահմանադրությամբ ամրագրված տարածքների պահպանմամբ»:

Արցախի «Արդարություն» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում նշում է, որ «Արցախի համար Հայաստանն ու Սփյուռքը պետք է դառնան հայկական պետականությունը որպես միասնական առանցք ունեցող ցանցային ամբողջական համակարգ»՝ կարևորելով երկկողմ հետևողական աշխատանքը՝ ներդրումների իրականացման նպատակով։

ՀՅ Դաշնակցությունն առաջարկում է Հայաստանի և Արցախի միջև կնքել ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր՝ շարունակելով խորացնել համագործակցությունն ու կապերը կյանքի տարբեր ոլորտներում:

Իր նախընտրական ծրագրում եռակողմ (Հայաստան, Արցախ, սփյուռք) գործակցությունը ներկայացնող որևէ ձևաչափով քաղաքական մարմնի (օրինակ՝ Համահայկական Սենատի) ստեղծում է առաջարկում Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը։

Այսպիսով, ի տարբերություն նախագահի թեկնածուների՝ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի՝ գրեթե նույնական մոտեցումներին, Արցախի նոր խորհրդարանում ներկայացված ուժերի մոտցումներն Հայաստան-Արցախ հարաբերությունների համատեքստում ունեն նրբերանգային տարբերություններ (ռազմաքաղաքական պայմանագրի կնքումից մինչև Համահայկական Սենատի կազմավորում): Սակայն կարևոր է նշել, որ այս տարբերությունները դրականորեն կարող են օգտագործվել՝ հնարավորություն տալով Արցախի բարձրագույն օրենսդիր մարմնին բովանդակային քննարկումների ու բանավեճերի արդյունքում ձևավորել տվյալ պահի առաջնահերթություններից բխող օրակարգ:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: