ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում ձևավորվող ներքաղաքական խճանկարը դեռ հստակ չէ

Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո թեկնածուներից և քաղաքական ուժերից ոչ մեկը չի դիմել ԿԸՀ արդյունքների բողոքարկման պահանջով: Նրանցից շատերը հանդես են եկել հայտարարություններով, ստորև կանդրադառնանք դրանցից մի քանիսին:

Ե՛վ նախագահի թեկնածուներից ամենաշատ ձայները հավաքած, և՛ ԱԺ-ում ամենաշատ մանդատները ստացած քաղաքական ուժը գլխավորող Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պատրաստ է քաղաքական բոլոր ուժերի հետ համագործակցել: «Ժամանակին հայտարարել եմ՝ այն ուժերի հետ, որոնք կընդունեն օրակարգը. սոցիալ-տնտեսական Արցախի զարգացման, անվտանգության և կա մի կարևոր պայման, որը ես հայտարարել եմ դեռ 2019թ. մայիսի 18-ին: Մի քանի հայտարարություն եմ արել, որ Արցախը Հայաստանն է և վերջ, որ Արցախի իշխանությունները պարտավոր են համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ, և միայն մի հարցում կարող է լինել տարաձայնություն՝ դա Ղարաբաղյան խնդիրն է։ Փառք Աստծո այսօր որևէ տարաձայնություն չկա՝ գոնե մեր քաղաքական ուժի և Հայաստանի դիրքորոշման միջև: Այն ուժերը, որոնք պատրաստ են համագործակցել այս ծրագրի շրջանակներում, մենք համագործակցելու ենք»,- ասել է նա։

Նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Մասիս Մայիլյանը զերծ է մնացել ընտրություններին գնահատական տալուց և հետագա անելիքների մասին խոսելուց: Նա իր հայտարարության մեջ արձանագրել է, որ «ընտրությունները կայացել են արտառոց և աննախադեպ պայմաններում»: Եվ նշել է, որ այժմ իրենք քաղաքական խորհրդատվություններ են անցկացնում և մոտ օրերս հանրությանը կտեղեկացնեն հետագա քայլերի մասին։

Հիշեցնենք, որ այս երկու թեկնածուները շարունակելու են նախագահի պաշտոնի համար պայքարը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:

Երրորդ տեղը զբաղեցրած Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ երկրորդ փուլում չի պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին: «Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին, քանզի նրանց հետ գաղափարական տարաձայնություններն ու տեսակային տարբերություններն ակնհայտ են։ Իմ անցած ուղին և մեզ քվե վստահած ընտրողի պատգամն այլ բան չեն էլ ենթադրում։  Մենք կոչ ենք անում կողմերին հանուն իշխանության մղվող պայքարը ստորադասել Արցախի անվտանգությանը և զերծ մնալ ցնցումներից, ապակայունացումից։ Պաշտոնն անցողիկ է, իսկ մեր երկրի շահը՝ մնայուն»,- ասել է նա:

Բալասանյանի ղեկավարած «Արդարություն» կուսակցությունը երրորդ է խորհրդարանում ստացած մանդատների քանակով, և նրա հայտարարության մեջ այլ ուժերի հետ համագործակցության մտադրության մասին չի հիշատակվում:

Նախագահական ընտրությունների առաջին փուլում Մասիս Մայիլյանին աջակցած Սամվել Բաբայանը, որի քաղաքական ուժը երկրորդն է լինելու մեծությամբ նորընտիր խորհրդարանում, միանշանակ չի արտահայտվել երկրորդ փուլում Մայիլյանին աջակցելու մասին: «Դեռ թող երկրորդ փուլի թեկնածուները հայտարարեն, տեսնենք՝ երկրորդ փուլ լինելո՞ւ է, թե՞ ոչ, նոր կխոսենք»,- ասել է նա: Ի պատասխան այն խոսակցությունների, որ Մասիս Մայիլյանը մտադիր է հրաժարվել երկրորդ փուլից, նա ասել է. «Իմ կարծիքով, արդեն պիտի հայտարարած լիներ, որ չի ուզում մասնակցի երկրորդ փուլին, ինչքան ես գիտեմ: Բայց սպասենք, կհայտարարեն, էլի»: «Ապրիլի 7-ին կհայտարարեն վերջնական արդյունքների մասին, սպասենք այդ օրվան, որից հետո կասենք՝ և՛ ընտրությունների գնահատականը կտանք, և՛ նաև կասենք մեր դիրքորոշումը՝ ում կաջակցենք կամ չենք աջակցի, թե ընդհանրապես ձեռնպահ կմնանք: Իսկ եթե լավ խելոք լինես, ձեռնպահ կմնաս, չէ՞»,- հավելել է նա: Նա նաև տեսականորեն չի բացառել խորհրդարանում կոալիցիայի հնարավարությունը «Ազատ Հայրենիք-ՔԴՄ» դաշինքի հետ. «Եթե մեր պայմաններն ու իրենցը համընկնեն՝ ոնց աշխատել, ինչպես անել, կխոսենք»:

Դավիթ Իշխանյանը, ով նախագահի թեկնածու էր առաջադրվել ՀՅ Դաշնակցության կողմից, զերծ է մնացել մեկնաբանելուց, թե ում իրենց քաղաքական ուժը կաջակցի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Խորհրդարանում հնարավոր համագործակցության հարցին նա անորոշ պատասխան է տվել: «Խորհրդարանը քաղաքական մարմին է, և պետք է տեսնենք օրենսդիրների, որոնք ունեն փորձ կամ փորձառություն, պետք է տեսնենք քաղաքական գործիչների։ Ցավոք սրտի, մեր խորհրդարան անցած կուսակցությունների շարքում չեմ տեսնում այն պատկերը, որ կարող է արտացոլել մեր խնդիրների հանգուցալուծման տեսլականը»,- ասել է Իշխանյանը:

Խորհրդարանում ներկայացված մյուս քաղաքական ուժը՝ Աշոտ Ղուլյանի ղեկավարած Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը, դեռևս միայն կարճ գրառում է արել ֆեյսբուքյան էջում, որում ասվում է. «Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ընտրողներին և վստահեցնում, որ մենք հետամուտ ենք լինելու քարոզարշավի ընթացքում ներկայացրած ծրագրի իրականացմանը»։

 Այսպիսով, քաղաքական ուժերից ոչ մեկը դեռևս չի հայտարարել նախագահական ընտրություններում այս կամ այն թեկնածուին աջակցելու հստակ մտադրության մասին, և միայն Վիտալի Բալասանյանն է միանշանակ հայտնել, որ չի աջակցի ոչ մեկին: Ինչ վերաբերում է ԱԺ-ում հնարավոր կոալիցիաներին, առաջատար, սակայն խորհրդարանական մեծամասնության համար ոչ բավարար ձայներ ունեցող «Ազատ Հայրենիք-ՔԴՄ» դաշինքը ձգտում է համագործակցության, իսկ ուժերից ոչ մեկը հստակ չի մերժել առաջարկը, բացառությամբ թերևս «Արդարություն» կուսակցության: Ուստի, Արցախում դասավորվող ներքաղաքական խճանկարը դեռ հստակ չէ, առջևում բանակցություններ են:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: