ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար 3 թեկնածու է առաջադրել

Shabat.am

Հունիսի 27-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է  Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների ընտրության հարցը:

ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը ներկայացրել է Արթուր Առաքելյանի Արա Բաբայանի և Արծրուն Միրզոյանի կենսագրական տվյալներն ու անցած ուղին:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Արթուր Առաքելյանը, ներկայացնելով իր տեսլականը, նշել է, որ իշխանությունների տարանջատման իդեալական կամ գրեթե իդեալական մոդելը ենթադրում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների օրենսդրորեն հավասարակշռված ինքնուրույնություն, երբ պետական մարմիններից յուրաքանչյուրն իրականացնում է օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները՝ չփոխարինելով մեկը մյուսին, բայց և երաշխավորելով ոչ միայն իր, այլև իշխանության մյուս ճյուղերի արդյունավետ գործառնությունը: «Իշխանությունների տարանջատման սկզբունքի կենսագործման վերջնանպատակը պետական իշխանության միասնական ապահովումն է՝ կանոնակարգված սահմանադրական կառուցակարգեր ստեղծելու միջոցով»,-ասել է Արթուր Առաքելյանը:

ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվել է վեթինգի վերաբերյալ թեկնածուի կարծիքով: Արթուր Առաքելյանը նշել է, որ առաջնային է հասկանալ, թե ինչ է առհասարակ իրենից ներկայացնում վեթինգը, որից հետո նոր միայն հասկանալ՝ դրա կիրառումն անհրաժե՞շտ է, թե՝ ոչ: «Իմ կարծիքով՝ համատարած գործողություններ կատարել ցանկացած հարցի վերաբերյալ ճիշտ չէ, պետք է ցանկացած հարցի, ցանկացած մարդու ցանկացած խնդրի մոտենալ կոնկրետ այդ խնդրի հետ կապված հարցերով: Յուրաքանչյուր մարդու վերաբերյալ պետք է լինի անհատական մոտեցում»:

Հաջորդ թեկնածուն՝ Արա Բաբայանը, նշել է, որ Վարչական պալատի կենսագործումը նպաստելու է վարչական արդարադատության արդյունավետության բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռելով լիարժեքորեն իրականացնել Վճռաբեկ դատարանի առաքելությունը՝ ապահովելու օրենքների և այլ նորմատիվ-իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, ինչպես նաև վերացնելու մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները: Արա Բաբայանն այդ կարևորագույն առաքելության իրականացման հարցում իր ներդրումն ունենալու պատրաստակամություն է հայտնել:

Երրորդ թեկնածու Արծրուն Միրզոյանը ևս կարևորել է Վճռաբեկ դատարանի կազմում առանձին մասնագիտացված վարչական պալատի ստեղծումը: Նա անդրադարձել է վարչական դատարանի գործունեությանը, դատական նախադեպի ինստիտուտի առանձնահատկություններին, Վճռաբեկ դատարան ներկայացվող բողոքները վարույթ ընդունելու հարցին, բարձրաձայնել դատավորի բարեվարքությունը բնորոշող իր պատկերացումները: Թեկնածուի խոսքով՝ արդարադատության մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և արդյունավետ: Անձը պետք է հնարավորություն ունենա վիճարկելու իր իրավունքների իրականացմանը խոչընդոտող ցանկացած միջամտություն:

Պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Սերգեյ Բագրատյանի՝ թեկնածուին ուղղված հարցերը վերաբերել են դատարանների բեռնաթափման հարցում Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դերակատարությանը, դատական գործերի ձգձգման պատճառներին, ինչի պատճառով հանրության շրջանում համակարգի նկատմամբ բացասական վերաբերմունք է ձևավորվում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: