ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արդյո՞ք Օբաման անուղղակիորեն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից այս տարի ապրիլի 24-ին արված հայտարարությունը դարձավ ամբողջ աշխարհում շատ հայերի հիասթափության պատճառ: Այնուամենայնիվ, ելույթին որևէ գնահատական տալուց առաջ երևի հարկ կլինի անցկացնել Օբամայի վերջին երեք տարիների՝ ապրիլի 24-ին արված հայտարարությունների բովանդակային համեմատական վերլուծություն:

Վերջին երեք տարիներին Օբամայի կողմից արված հայտարարությունների բովանդակային վերլուծությունը վեր է հանում ելույթներում տեղ գտած հետևյալ երկու հիմնական ընդհանրությունները. առաջին՝ բոլոր երեք հայտարարություններում ԱՄՆ Նախագահը 1915 թվականի ջարդերը անվանում է «Մեծ Եղեռն», երկրորդ՝ բոլոր երեք հայտարարություններում նա օգտագործում է հետևյալ ձևակերպումը. «Ես մշտապես հայտարարել եմ իմ սեփական տեսակետը 1915 թվականին կատարվածի վերաբերյալ, և իմ տեսակետը չի փոխվել»:

Ինչ վերաբերում է տարբերություններին, պետք է առանձնացնել հետևյալ հիմնական դրույթները. 2013 և 2014 թվականի հայտարարություններում օգտագործված տեքստը գրեթե նույնական է, և այստեղ չկան առանձնացված հիմնական տարբերություններ: Նույնը չի կարելի ասել Օբամայի՝ 100-րդ տարելիցին արված հայտարարության մասին, որտեղ անհրաժեշտ է մատնանշել հետևյալ հիմնական կետերը. 2015-ի հայտարարության մեջ ԱՄՆ նախագահը հղում է կատարում և ողջունում է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի, Ռաֆայել Լեմկինի և Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի կողմից իրականացված քայլերը: Բավական է ուղղակի նկատել, որ Ռաֆայել Լեմկինն առաջինն էր, ով 1915 թվականի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Ցեղասպանության զոհերին նվիրված հանդիսավոր պատարագի ժամանակ 1915 թվականի կոտորածները բացահայտ Ցեղասպանություն անվանեց: Ինչ վերաբերում է օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին, ապա վերջինիս ավանդը 1915 թվականի հայկական կոտորածների, դրանց դաժանության և օսմանյան կառավարության կողմից միտումնավոր կազմակերպված լինելու բացահայտման հարցում անգնահատելի է:

Վերը նշվածից կարելի է վեր հանել մի քանի տրամաբանական հարցեր և եզրակացություններ: Բոլոր երեք հայտարարություններում Օբաման բացահայտ կերպով փաստել է, որ իր կարծիքը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ չի փոխվել: Արդյո՞ք պետք է մոռանալ, որ սա նույն Օբաման է, ով դեռ սենատորի պաշտոնում 1915 թվականի իրադարձությունները անվանել է «Ցեղասպանություն»: Երկրորդ՝ չնայած Օբաման իր հայտարարություններում չի օգտագործել «Ցեղասպանություն» բառը, սակայն նրա կողմից բոլոր հայտարարություններում ամփոփոխ հնչել է «Մեծ Եղեռն» արտահայտությունը: Արդյո՞ք մենք ճիշտ ենք եղել, որ ի սկզբանե տարբերություն ենք դրել այս երկու տերմինների միջև: Եվ վերջապես երրորդ՝ Օբաման իր 2015 թվականի հայտարարության մեջ հղում է կատարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, Ռաֆայել Լեմկինին, մարդիկ, ովքեր բացահայտ կերպով ընդունել են Հայոց ցեղասպանությունը: Արդյո՞ք Օբամայի այս քայլը վերջինիս կողմից Ցեղասպանության անուղղակի ընդունում չէ:

Առաջ քաշված հարցերը հիմք են տալիս եզրակացնելու, որ Բարաք Օբաման՝ որպես անձ, վաղուց ընդունել է Հայոց ցեղասպանությունը: Այլ հարց է այն փաստը, որ Օբաման՝ որպես ԱՄՆ նախագահ, չի կարողանում արտասանել «Ցեղասպանություն» բառը և ստիպված է Ցեղասպանությունը ճանաչել անուղղակի ճանապարհով, ինչպես և դա արեց իր վերջին հայտարարության մեջ: Սա գալիս է փաստելու, որ աշխարհում դեռ շատ քիչ է մարդկությունը, և մենք պետք է ցավով արձանագրենք, որ իրեն գերտերություն համարող պետությունը, որը նաև հանդես է գալիս որպես համամարդկային արժեքների ակտիվ ջատագով, շարունակում է ստորադասել այդ արժեքները սեփական երկրի շահերին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: