ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն այն երկիրը չէ, ով որևէ կերպ իր նպաստը կբերի բաժանարար գծերի ստեղծմանը․ Կ․Բեքարյան

©Armenpress

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 21-22-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մասնակցեց Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթաժողովին, իսկ հաջորդ օրը՝ Արևելյան գործընկերության չորրորդ գագաթաժողովին։ ԵԺԿ ամփոփիչ հայտարարությանը Հայաստանը միացավ որոշ վերապահումներով, իսկ ԱլԳ գագաթաժողովի եզրափակիչ հայտարարության քննարկման ընթացքում, ըստ ԶԼՄ-ների, մի շարք հակասություններ ծագեցին մասնակից երկրների միջև։

Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ հարցազրույցը «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Կարեն Բեքարյանի հետ, որտեղ ամփոփվում են նախագահի այցի արդյունքներն ու ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս զարգացումները։

Ռիգա կատարած այցի ընթացքում ՀՀ նախագահը մասնակցել է երկու գագաթաժողովի և մի շարք երկկողմ հանդիպումներ անցկացրել: Ըստ Ձեզ՝ որո՞նք էին այցի հիմնական արդյունքները, և ի՞նչ հիմնական մեսիջներ նախագահին հաջողվեց փոխանցել եվրոպացի իր գործընկերներին: 

- Կարծում եմ՝ առաջին հերթին այն, որ արդեն ամիսներ, տարիներ խոսվում է այն մասին, որ Հայաստանը մնում է հավատարիմ եվրոպական ուղուն, դա դիտում է իր արտաքին քաղաքական գերակայությունների շարքում և հետևաբար իր կողմից անհրաժեշտ քայլերն արել է, անում է, կանի, որպեսզի հնարավորինս ընդգրկուն, համապարփակ համագործակցության դաշտ լինի՝ ներառող բոլոր ոլորտները, այդ թվում տնտեսական:

Այսինքն՝ մեր հիմնական ակնկալիքն այն էր, որ Եվրահանձնաժողովի կողմից ստացվի բանակցային մանդատը, և ընթանան բանակցություններ երկկողմ հարաբերությունների նոր իրավապայմանագրային հիմքի շուրջ։ Այցի ընթացքում առկա երկկողմ հանդիպումները, ինչպես նաև երկու գագաթաժողովները, կարծում եմ, այս ամենին իրենց բավականին մեծ նպաստը բերեցին: 

Իհարկե, նաև օգտագործվեց առիթը, և նախագահը ԵԺԿ և ԱլԳ գագաթաժողովների իր ելույթներում բարձրաձայնեց մեզ համար կարևոր հարցերն ու խնդիրները, անդրադարձ եղավ նաև ղարաբաղյան կարգավորման գործընթացին, Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքին, առիթն օգտագործվեց երախտիքի խոսքեր ասելու եվրոպական գործընկերներին Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված և ցուցաբերած վերաբերմունքի, նրանց արած հայտարարությունների վերաբերյալ և այլն:

Այս ամենը եթե փորձենք ամփոփել, կարծում եմ՝ այցը պետք է գնահատենք բավականին արդյունավետ:

                                                                                                                   

- Ըստ Ձեզ՝ ԱլԳ և ԵԺԿ գագաթաժողովներում մեր դիրքորոշումը որքանո՞վ ընկալվեց եվրոպացի գործընկերների կողմից, և արդյո՞ք դա որևէ կերպ կանդրադառնա ՀՀ-ԵՄ հետագա հարաբերությունների զարգացման վրա:

- Մոտեցումը, որի հիմքում ընկած է հետևյալ սկզբունքը՝ եկե՛ք խոսենք մեր հարաբերություններից, եկե՛ք անդրադառնանք մեր խնդիրներին, մեր գործակցության խորացմանը, այլ ոչ թե փորձենք ամրագրել ինչ-ինչ բաներ` կապված որևէ երրորդ կողմի հետ, մոտեցում է, որն իր մեջ որոշակիորեն սկզբունքայնություն ունի:

Առավել ևս Հայաստանի պարագայում սա նոր բան չէ, որովհետև մեր գործընկերները թե՛ եվրասիական տարածքում, թե՛ եվրոպական տարածքում` երկրների ու կառույցների մակարդակով վաղուց պետք է համոզված լինեին, որ Հայաստանն այն երկիրը չէ, ով որևէ կերպ իր նպաստը կբերի բաժանարար գծերի ստեղծմանը կամ եղածների շեշտադրմանը:

Այս տեսակետից, կարծում եմ, այդ մոտեցումն իհարկե պետք է լիներ ընկալելի և նաև պիտի լինի հարգանքի արժանի, որովհետև եթե այս մոտեցումն ունենային նախկին խորհրդային հանրապետությունները, ապա ԱլԳ մեր գործընկերները շատ-շատ կոնֆլիկտային իրավիճակներից և սրացումներից ԱլԳ տարածքում կարող էին խուսափել: Այսինքն` քաղաքականությունը կառուցել ընդհանրությունների վրա, ոչ թե բախումների. այս տեսակետը հարգանքի է արժանի, որովհետև ունի իր մեջ այդ սկզբունքայնությունը:

 

- ԱլԳ շրջանակներում այսօր Հայաստանն ի՞նչ դերակատարում ունի, և այս գագաթաժողովից հետո մեր հարաբերությունները ԱլԳ և ԵՄ երկրների հետ ի՞նչ վեկտորներով են զարգանալու:

- Դերակատարումը բոլորս պարզ հասկանում ենք. այստեղ հարցին պետք չէ նայել գլոբալ, և արտակարգ կլիներ, եթե ԱլԳ գագաթաժողովի եզրափակիչ փաստաթուղթն ավելի հստակ ամրագրեր դա:

Ունենք այսպիսի իրավիճակ ԱլԳ-ում. ինտեգրացիոն տեմպերի խորության և մոտեցումների տարբերակմամբ և մյուս կողմից արժեքային համակարգի ու եվրոպականին մոտ լինելու տարբերակմամբ եթե երկրներին դասակարգենք, ապա ունենք երեք երկիր` Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, որոնք ավելի խոր փուլ մտան Ասոցացման համաձայնագրերի հաշվին և մի խումբ են կազմում:

 Երկրորդ խմբում միայն Հայաստանն է, որի առնչությամբ եվրոպացի ամենաբարձր մակարդակի պաշտոնյաներն ամրագրել են, թե անցել է թեստերը, ինդիկատորներով բավարարման գործընթացները, և կար պաշտոնական որոշում, որ Հայաստանը կարող է նախաստորագրել ԱՀ-ն, ինչն էլ վկայում էր բարեփոխումների իրականացման ընթացքում գրանցված հաջողությունների մասին։ Սակայն Հայաստանը դա չարեց, քանի որ մենք դարձանք ԵԱՏՄ լիիրավ անդամ, ուստի առաջացան ինտեգրացիոն գործընթացների համադրման հետ կապված հարցեր:

Եվ կա երկրների երրորդ խումբ, թեև իրենք իրենց կարող են համարել մեզ հետ նույն խմբում, թողնենք դա իրենց խղճին։ Խոսքը վերաբերում է Բելառուսին և Ադրբեջանին, որոնց պարագայում երբեք չի էլ հայտարարվել, որ նրանք պատրաստ են ստորագրել կամ նախաստորագրել ԱՀ-երը, հետևաբար նույն թեսթերի առումով նրանք իրենց քննությունը չեն հանձնել: Այս երկրներից, օրինակ, Ադրբեջանը փորձում է աշխարհին ներկայացնել, թե ինքը որոշել է չստորագրել ԱՀ-ն: Առաջանում է ծիծաղելի վիճակ. իսկ կա՞ առաջարկող, որ ստորագրի:

Ուստի եթե մենք հիմնավոր ենք համարում եվրոպական կողմի այն հայտարարությունը, թե իրենք հարգում են գործընկերների ընտրությունը, համագործակցում են այն խորությամբ, որին գործընկերները պատրաստ են, և հարաբերությունները կառուցում ենք ընդհանուր արժեքային համակարգի դաշտում, հետևաբար այս բոլոր հարցերում Հայաստանի Հանրապետությունը որևէ խնդիր չունի: Այն որոշումը, որ մենք պատրաստ էինք նախաստորագրել ԱՀ-ն, լավագույն ապացույցն էր, որ մենք ապրում ենք միևնույն արժեքային դաշտում: Եվրոպական ուղղության մեր ողջ անելիքը պետք է լինի այդ հիմքով:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: