ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփի հաջողության գաղտնիքը (մաս I)

Daily Egyptian

Նախորդ շաբաթ ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներն անսպասելի էին շատերի համար: Սակայն շատ հարցեր իրենց պատասխանն են ստանում, երբ համեմատում և վերլուծում ենք ընտրությունների արդյունքներն` ըստ հանրության տարբեր խմբերի քվեարկության տվյալների և ընտրության դրդապատճառների:

Ստորև փորձենք կատարել նման վերլուծություն`օգտվելով «Edison Research for the National Election Pool»-ի կողմից  ընտրություններից հետո ներկայացրած հարցման արդյունքներից: «Edison Research for the National Election Pool»-ը մի քանի կազմակերությունների (ABC News, The Associated Press, CBSNews, CNN, Fox News and NBC News) կոնսորցիում է: Հարցումը ներառում է 24,537 ընտրողների ընտրության արդյունքներ, 350 տարբեր ընտրատարածքներից:

Քվեարկություն ըստ սեռերի

Եթե հաշվի առնենք նախընտրական փուլում կանանց հասցեին հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հնչեցրած վիրավորական մեկնաբանություններն, ինչպես նաև տարածված տեսանյութերը, կանանց քվեարկության արդյունքներն առավել քան բացատրելի և տրամաբանական են դառնում: Թրամփին իրենց քվեն է տվել արական սեռի ներկայացուցիչների 53%-ը, իսկ դեմոկրատ թեկնածու Քլինթոնի օգտին՝ 41%-ը: Մինչդեռ իգական սեռի ներկայացուցիչների 54%-ը իր վստահության քվեն է տվել Քլինթոնի, իսկ 42%-ը Թրամփի օգտին: Փաստը, որ տղամարդկանց կեսից ավելին քվեարկել է Թրամփի օգտին, թերևս խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ում տղամարդիկ դեռևս պատրաստ չեն ունենալ կին նախագահ:

Քվեարկություն ըստ ռասայական խմբերի

Այս դեպքում ևս քվեարկության արդյունքները կանխատեսելի էին թվում:  Սպիտակամորթների 58%-ը քվեարկել է Թրամփի, 37%-ը` Քլինթոնի օգտին: Սևամորթների դեպքում, պատկերը հակառակն է, սակայն շատ ավելի մեծ տարբերությամբ. սևամորթների 88 %-ը քվեարկել է Քլինթոնի օգտին, և միայն 8%-ն է քվեարկել Թրամփի օգտին: Իհարկե, նման քվեարկության արդյունքները խոսում են այսօր ԱՄՆ-ում առկա ռասայական անհաշտության մասին, ինչպես նաև հետևանք են նախընտրական քարոզարշավում սևամորթների հանդեպ հանրապետական թեկնածուի դրսևորած ընդգծված բացասական վերաբերմունքի: Մյուս կողմից սպիտակամորթների 58 %-ը, ովքեր քվեարկել են Թրամփի օգտին, հանդիսանում են Օբամայի այսպես կոչված մերժողական էլեկտորատը (negative vote): Գաղտնիք չէ, որ ընտրողների մեծամասնության կողմից Քլինթոնն ընկալվում էր որպես  Օբամայի թիմի անդամ, և դա  ողջ քարոզարշավի ընթացքում առավելագույնս օգտագործվեց հանրապետական թեկնածու Թրամփի կողմից (հիշենք, թե հեռուստադեբատների ժամանակ նա ինչպես էր դիմում Հիլարի  Քլինթոնին՝ «քարտուղար Քլինթոն»):

Ռասայական մյուս բոլոր խմբերի դեպքում դեմոկրատ թեկնածու Քլինթոնն առաջ է անցել Թրամփից, ինչպես և ակնկալվում էր իսպանախոս/լատինո բնակչության 65%-ը քվեարկել է Քլինթոնի, 29%-ը Թրամփի օգտին: Ասիական բնակչության դեպքում տոկոսային հարաբերակցությունը նույնն է 65%/29%:  ԱՄՆ-ում բնակվող մնացած ռասայական խմբերի 56%-ը քվեարկել է Քլինթոնի, իսկ 37%-ը` Թրամփի օգտին:  Այս խմբերի քվեարկության արդյունքները պետք է պայմանավորել ընտրարշավի ընթացքում Թրամփի ներգաղթյալների հանդեպ դրսևորած կոշտ դիրքորոշումով:

Քվեարկություն ըստ տարիքային խմբերի

Հետաքրքիր է նկատել, որ այս դեպքում քվեարկողների տարիքի աճի հետ մեկտեղ, Քլինթոնի օգտին քվեարկածների տոկոսը նվազում է: 18-ից 26 տարիքային խմբի 55%-ը քվեարկել է Քլինթոնի օգտին, իսկ 37%-ը Թրամփի օգտին: 30-ից 44 տարիքային խմբի դեպքում Քլինթոնի օգտին քվեարկողների տոկոսն արդեն իսկ նվազում է` հասնելով 50%-ի, իսկ Թրափինը բարձրանում` հասնելով 42%-ի: Թեկնածուների օգտին քվեարկողների հարաբերակցության հակառակ պատկերն ենք ստանում 45-ից 64 տարիքային միջակայքում գտնվողների դեպքում. 53%-ը քվեարկել է Թրամփի օգտին, 44% -ը` Քլինթոնի: 65 և ավելի բարձր տարիքային խմբի դեպքում պատկերը նախորդից առանձնապես չի փոփոխվում. 53%` Թրամփ, 45%` Քլինթոն:

Քվեարկության նման արդյունքները նույնպես կարելի է բացատրել շատերի կողմից Քլինթոնին` Օբամայի թիմի անդամ դիտարկվելու հանգամանքով: Ի տարբերություն երիտասարդների, մեծահասակ ընտրողները, թերևս, հասցրել են ավելի շատ հուսախաբ լինել դեմոկրատների վերջին 8 տարիների վարած քաղաքականությունից: Բացի այդ, ելնելով կյանքի ավելի հարուստ փորձից, նրանք, ամենայն հավանականությամբ, պակաս հանդուրժող են դարձել միևնույն ընտանիքի տարբեր անդամների նախագահ դառնալու երևույթի հանդեպ:

 

Քվեարկություն` ըստ կրթական մակարդակի

Կրթական մակարդակի դիտարկման դեպքում ունենք հակառակ պատկերը. որքան կրթական մակարդակը բարձրանում է, այնքան Քլինթոնի օգտին քվեարկածների տոկոսն աճում է. մագիստրատուրա և ավելի բարձր կրթական աստիճան ունեցողների 58%-ը քվեարկել է Քլինթոնի օգտին, իսկ 37 %-ը Թրամփի: Բակալավրիատի աստիճան ունեցողների 49%-ը քվեարկել է Քլինթոնի, 45%-ը՝ Թրամփի օգտին: Մինչդեռ ավագ դպրոց և ավելի ցածր կրթական մակարդակ ունեցողների 51%-ը  քվեարկել է Թրամփի, և միայն 37%-ն է քվեարկել Քլինթոնի օգտին: 

Այս կատեգորիայի քվեարկության արդյունքներին կարել է տալ նման հետաքրքիր բացատրություն. որքան բարձր կրթական մակարդակ ունի անձն, այնքան ավելի հակված է ընտրելու «ճիշտ» նախագահի թեկնածու, ով ունի համապատասխան փորձ, գիտելիք և այլն: Թրամփն այս տեսակետից, իհարկե, չէր կարող համապատասխանել նրանց ունեցած «ճիշտ» նախագահի պատկերացումներին:

Ցածր կրթական մակարդակ ունեցողների դեպքում, ովքեր սովորաբար ունենում են ավելի շատ սոցիալական խնդիրներ և զուտ օրվա հաց վաստակելու խնդիր են հետապնդում, առաջնային են դառնում այլ գործոններ, ինչպես, օրինակ, երկրի սոցիալական վիճակը, արդարության խնդիրը (կլանային համակարգ) և այլն:

 

Ամփոփելով, կարող ենք հանգել հետևյալ տրամաբանական հարցադրման. ինչպե՞ս Թրամփին հաջողվեց հաղթել ընտրություններում, երբ նա ողջ ընտրարշավի ընթացքում ջանք չխնայեց իր դեմ տրամադրելու հանրության առանձին խմբերին (կանայք, սևամորթներ, մուսուլմաներ, ներգաղթյալներ և այլն):

Թրամփն իր ողջ քարոզարշավի ընթացքում կարողացավ առավելագույնս  իր օգտին օգտագործել առկա ժխտողական էլեկտորատի ձայները՝  հաջողությամբ խաղալով հանրության տարբեր շերտերի միջև առկա հակասությունների վրա: Դեմ դուրս գալով կանանց՝նա անուղղակիորեն  դեմ դուրս եկավ կին նախագահ ունենալու գաղափարին, ինչը չէր կարող չգրավել ԱՄՆ հասարակության պահպանողական հայացքներ ունեցող բավական մեծ ընտրազանգվածին: Դեմ դուրս գալով ներգաղթյալներին՝ նա իր կողմ գրավեց տարիների ընթացքում ապօրինի ներգաղթից իրեն տուժած համարող էլեկտորատին: Դեմ դուրս գալով սևամորթներին, նա իր կողմը գրավեց այօսր ԱՄՆ-ում մեծամասնություն կազմող սպիտակամորթ ընտրազանգվածին: Նման հակադրությունների շարքը, իհարկե կարելի է շարունակել…

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: