ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը «մտադիր է սրել» պաղեստինա-իսրայելական հակամարտությունը

edition.cnn.com

Փարիզում 70 պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով միջազգային նախարարական հանդիպում: Այս համաժողովը, որին, ի դեպ, ներկա չէին Իսրայելի և Պաղեստինի ներկայացուցիչները, պաղեստինա-իսրայելական կարգավորումը խթանելու նպատակ ուներ, սակայն այդ ուղղությամբ ոչ միայն դրական զարգացումներ չգրանցվեցին, այլ նաև ավելացավ լարվածությունը:

Փարիզում համաժողովի ֆոնին կրկին ակտիվացան քննարկումներն Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատունը Թել -Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հնարավորության շուրջ: Նման խոստում տվել է ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ: Օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Թրամփը հաստատել է նման հնարավորության առկայությունը:

Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ որոշումը կայացվել է Սենատի կողմից 1995 թվականին, սակայն ամերիկյան վարչակազմերն անընդհատ հետաձգել են այդ որոշման կատարումը: Փորձագետներն ընդգծում են, որ Մերձավոր Արևելքում նման կտրուկ շարժումները հղի են ծանր հետևանքներով: Երուսաղեմի՝ Իսրայելի մայրաքաղաք ճանաչումը ԱՄՆ-ի կողմից ԱՄՆ-ին հակամարտության միջնորդից կվերածի հակամարտության կողմի:

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը Le Figaro-ին տված հարցազրույցում հայտնել է, որ եթե Թրամփը նման քայլի դիմի, ապա Պաղեստինը հետքայլ կանի Իսրայելի ճանաչումից: Պաղեստինի առաջնորդը նաև համաշխարհային առաջնորդներին և տարածաշրջանային կառույցներին նամակ է հղել՝ կոչ անելով թույլ չտալ ամերիկյան դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ: Հորդանանը ևս կտրուկ է արձագանքել նման հնարավորությանը՝ հայտարարելով, որ դեսպանատան տեղափոխումը կանդրադառնա տարածաշրջանում դաշնակիցների հետ ԱՄՆ-ի հարաբերությունների վրա:

Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունը քննադատության է ենթարկվել նաև արևմուտքի կողմից: «Դա, անշուշտ, սադրանք է։ Կարծում եմ, որ դա կունենա չափազանց ծանր հետևանքներ», - հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն:

Երուսաղեմի կարգավիճակը պաղեստինա-իսրայելական համակարտության առանցքային հարցերից է: Իսրայելը Երուսաղեմի արևելյան մասը գրավել է 1967 թվականի վեցօրյա պատերազմի ժամանակ, իսկ 1980 թվականին ընդունել է օրենք, որով միավորված Երուսաղեմը հռչակել է Իսրայելի մայրաքաղաք: Սակայն միջազգային հանրության ճնշող մասը չի ճանաչում Արևելյան Երուսաղեմի նկատմամբ Իսրայելի գերիշխանությունը, ինչպես նաև միացյալ Երուսաղեմի՝ Իսրայելի մայրաքաղաք լինելը: Վերլուծաբանները համոզված են, որ եթե նույնիսկ Թրամփի կատարի իր նախընտրական խոստումը, սա Երուսաղեմի՝ Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցում շղթայական ռեակցիա չի առաջացնի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: