ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիական Քրդստանը կարող է իրականություն դառնա՞լ

SMA/Mustefa Ebdi

Սիրիական հակամարտության շուրջ վերջին զարգացումներն առիթ են տվել դիտարկելու Սիրիայում քրդական ինքնավարության կամ քրդական անկախ միավորի ձևավորման հնարավորությունը: Պատճառը հակամարտության մեջ ներգրավված արտաքին առանցքային ուժերից երկուսի՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի վերջին հայտարարություններն ու քայլերն են:

Նախ, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու իր մտադրության մասին: Դեռևս հայտնի չէ, թե Սիրիայի որ հատվածներում են տեղակայվելու այդ անվտանգության գոտիները, և ինչ է ենթադրելու դրանց գոյությունը: Բայց տեսակետ կա, որ Թրամփի առաջարկած անվտանգության գոտիները կարող են ճանապարհ հարթել Սիրիայում քրդական ինքնավարության համար: Նշենք, որ քրդական ուժերը համարվում են ԱՄՆ ամենաարդյունավետ գործընկերը Սիրիայում:

Գրեթե միաժամանակ Ռուսաստանը ներկայացրեց Սիրիայում նոր Սահմանադրության սեփական նախագիծը:  Որոշ աղբյուրների համաձայն այն նախատեսում է, որ Սիրիան պետք է դառնա ֆեդերատիվ պետություն, որի կազմում քրդերը կկարողանան ստեղծել իրենց ինքնավարությունը: Սահմանադրության նախագծի համաձայն ինքնավար շրջաններում քրդերը կարող են իրենց լեզուն օգտագործել պաշտոնական արաբերեն լեզվի հետ հավասար: Բացի այդ, նախագիծը թույլատրում է երկրի պետական սահմանների փոփոխություն միայն հանրաքվեի միջոցով, որին պետք է մասնակցեն երկրի բոլոր քաղաքացիները:

Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու ամերիկյան գաղափարի և Սիրիայում նոր Սահմանադրության ռուսական նախագծի համադրումը թույլ է տալիս ենթադրել, որ ռուս-ամերիկյան համագործակցության հնարավորությունը Սիրիայում դեռևս սպառված չէ, ավելին, չի բացառվում, որ կողմերը կարողացել են համաձայնության գալ այդքան զգայուն քրդական խնդրի շուրջ:

Հիշեցնենք, որ «արաբական գարունն» ու աշխարհաքաղաքական նոր իրադրությունը մերձավորարևելյան տարածաշրջանում նպաստավոր պայմաններ ստեղծեցին Սիրիայի քրդերի ակտիվացման համար  (Սիրիայում թվաքանակով երկրորդ ազգն են)՝ երկիրը կանգնեցնելով մասնատման լրջագույն վտանգի առջև: Սիրիական հակամարտության գրեթե սկզբից քրդերը ձևավորեցին իրենց սեփական զինված խմբավորումները, որոնք պաշտպանում էին քրդական շրջաններն ապստամբների հարձակումներից:

Բայց իրադարձությունների զարգացմանը զուգահեռ քրդերի պահանջներն ու նկրտումները փոխվեցին: Սրան նպաստեց այդ թվում նաև Արևմտյան կոալիացիայից ստացվող աջակցությունը:  Եթե սկզբում Սիրիայի քրդերն, ընդհանուր առմամբ, հայտարարում էին, որ իրենք նպատակ չունեն մասնատելու երկիրը, այլ կողմ են Սիրիայում ժողովրդավարական բարեփոխումների անցկացմանը և ցանկանում են քրդական խնդիրը լուծել միասնական պետության սահմաններում՝ պահանջելով դադարեցնել "արաբականացման" քաղաքականությունը, վերականգնել քրդերի քաղաքացիական իրավունքները, ճանաչել քրդերի ազգային, քաղաքական, սոցիալական, մշակութային իրավունքները և այլն, ապա այսօր խոսք է գնում Սիրիայում քրդական անկախ պետության ստեղծման մասին: Ընդ որում, քրդաբնակ 3 քաղաքներում արդեն հայտարարվել է ինքնավար կառավարության ստեղծման մասին: Հասկանալի է, որ քրդերն արդեն դժվար թե հեշտությամբ զիջեն իրենց դիրքերը, որոնք ձեռք են բերել սիրիական հակամարտության ընթացքում` անկախ այն հանգամանքից, թե ինչ սցենարով կզարգանան սիրիական իրադարձությունները:

Սիրիայում ռուս-ամերիկյան համագործակցության և քրդական ինքնավարության հեռանկարը բավական անհանգստացնող է հատկապես Թուրքիայի համար: Անկարայի առանջնային խնդիրներից է Սիրիայում քրդական անկախ միավորի ձևավորումը կանխելը, հետևաբար, առանցքային երկու ուժերի կողմից քրդական ինքնավարությանն աջակցելը Թուրքիայի համար իսկական մղձավանջ է: Պատահական չէ, որ Թուրքիան չշտապեց ողջունել Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու Թրամփի գաղափարը՝ չնայած որ վերջին տարիներին Անկարան ամենաշատն էր խոսում դրանց ստեղծման անհրաժեշտության մասին:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: