ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ փոխնախագահը կարող է նպաստել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

«Գլխավոր բացատրող», «գլխավոր բուժող»… սրանք են այն մականունները, որ Դոնալդ Թրամփը տվել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին: 57-ամյա Մայք Փենսն ԱՄՆ 48-րդ փոխնախագահն է, ով Դոնալդ Թրամփի հետ մասնակցում էր 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին: Նա մինչև վերջերս իր հայրենի նահանգի՝ Ինդիանայի նահանգապետն էր չորս տարի ժամկետով: Նախքան նահանգապետ ընտրվելը՝ Փենսը վեց անգամ եղել է  կոնգրեսական:

Մայք Փենսը մեծացել է իռլանդական կաթոլիկ ծնողների ընտանիքում: Նա ամուսնացել է 1985 թ.-ին, ունի երեք երեխա: Մայքլը՝ 24 տարեկան, ծովային ուժերի սպա է, Շառլոտը՝ 23 տարեկան, կինոռեժիսոր և Օդրին՝ 21 տարեկան, «սոցիալ - լիբերալ» լրագրող է, հաղորդում է express.co.uk-ը:

Փենսը հիմնականում հայտնի է Իրաքի պատերազմին իր աջակցությամբ, ինչպես նաև ԼԳԲՏ համայնքի հանդեպ իր բացասական դիրքորոշմամբ: 2006 թ.-ին Փենսը քվեարկել է հօգուտ նույնասեռականների ամուսնությունն արգելելու սահմանադրական փոփոխության, իսկ 2015 թ.-ին՝ որպես Ինդիանայի նահանգապետ, պաշտպանել է կրոնական ազատության վերականգնման ակտը, որը խտրական է համարվում լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսֆեստիտների հանդեպ:

Սակայն, Մայք Փենսը նաև այն մարդն է, ով 2013 թ.-ին 1.1 մլրդ դոլարի գործարք կնքեց, որով կրճատեց ամենամեծ հարկային բեռն ԱՄՆ ​​պատմության մեջ, ինչպես նաև հատուկ ֆինանսական միջոցներ հատկացրեց ենթակառուցվածքների բարեփոխումների համար: Ըստ Biography.com-ի՝ 2016 թ.-ին Ինդիանան $ 2 միլիարդ բյուջեի ավելցուկ էր վայելում:

Ի վերջո ինչո՞ւ Մայք Փենսը 

Ի տարբերություն Դոնալդ Թրամփի, ով ավելի անկանխատեսելի է, Փենսը նկարագրվում է որպես բավականին հավասարակշռված անձնավորություն: Բացի այդ, որպես Ինդիանայի նահանգապետ և Կոնգրեսի նախկին անդամ, Փենսն ունի բավական մեծ վարչական փորձ: Նա համարվում է Վաշինգտոնի «ինսայդեր», ինչը ստիպում է շատերին կարծել, որ Փենսն առանցքային դեմք կլինի Թրամփի կառավարման ժամանակ: Ավելին, նա կլինի այն մեկը, ով կարող է օգնել «վաճառել» Թրամփի առաջարկները Կոնգրեսին:

Փենս-Թրամփ տարաձայնությունները 

Հետաքրքիր է, որ նախքան ԱՄՆ փոխնախագահ լինելը, դեռևս նահանգապետի պաշտոնում, Մայք Փենսը քննադատել էր մահմեդականների մուտքն արգելելու Թրամփի ծրագրերը:

«Մահմեդականների մուտքն ԱՄՆ արգելող կոչերը վիրավորական և հակասահմանադրական են», - գրել էր նահանգապետը։ Սակայն, այն բանից հետո, երբ Թրամփը ներկայացրեց իր միգրացիոն արգելքը մահմեդականներին յոթ երկրներից, արդեն փոխնախագահ Փենսը պաշտպանեց այդ որոշումը:

Սիրիայի հարցում ևս Փենսը հավատում էր, որ ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի ռազմական ուժ հավաքագրել Ասադի ռեժիմի դեմ գործադրելու համար, իսկ ՌԴ հաքերության վերաբերյալ, Փենսը հակված էր հավատալուն, որ Ռուսաստանն իրոք ներգրավված է եղել այդ ամենում: Սակայն, այսօր Փենսը դարձել է երկրորդ կարևորագույն քաղաքական գործիչն ԱՄՆ-ում, ով ակտիվորեն պաշտպանում է Թրամփի վարած քաղաքականությունը:

Փենսը և Հայաստանը 

Հետաքրքիր է նշել, որ Մայք Փենսը նաև բավականին լավ տեղյակ է Հայոց ցեղասպանության հարցին և բազմիցս կողմ է արտահայտվել դրա ճանաչմանը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 2001-13 թվականներին ծառայելու ժամանակ: Որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ՝ նա կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության շուրջ բանաձևին 2005 թվականին, սակայն դեմ է քվեարկել 2007 և 2010 թթ.-ին՝ մտահոգված ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների համար դրա հնարավոր հետևանքներից:

«Ես հավատում եմ, որ ցեղասպանություն է իրականացվել հայ ժողովրդի նկատմամբ անցյալ դարի սկզբին, և այն երբեք չպետք է մոռացվի ... Այն փաստը, որ ավելի քան 1 մլն քրիստոնյա է սպանվել, ինձ համար առավել անձնական է դարձնում այդ կորուստը», - ասել է Փենսը՝ միևնույն ժամանակ հավելելով. «Թեև մենք երբեք չպետք է մոռանանք այս ցեղասպանությունը և մարդկային բոլոր կորուստները, ես դժբախտաբար չեմ կարող աջակցել այս բանաձևի ընդունմանը ... Թուրքիան հանդիսանում է մեր ռազմավարական գործընկերը և՛ Իրաքում, և՛ Աֆղանստանում»:

Թեև այսօր Մայք Փենսն արդեն ԱՄՆ փոխնախագահ է, ակնկալել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հանդեպ իր դիրքորոշումը կարող է փոփոխվել, տրամաբանական չէր լինի՝ հաշվի առնելով Թրամփի վարչակազմի վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ: Սակայն, եթե հետևողական և համակարգված աշխատանք իրականացվի, ինչպես Հայաստանի, այնպես էլ հայկական սփյուռքի կողմից, գուցե կհաջողվի առաջընթաց արձանագրել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: