ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի հայ համայնքների համար հնարավորություններ, ոչ թե մարտահրավերներ ստեղծելուն. Կարեն Բեքարյան

6-րդ գումարման Ազգային ժողովի Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Կարեն Բեքարյանը tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ղազախստանի Կարագանդա քաղաքում հայերի մասնակցությամբ միջադեպին: Հարցազրույցը ներկայացնում ենք որոշ կրճատումներով: 

 

- Պարո´ն Բեքարյան, Ղազախստանի Կարագանդա քաղաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ձեր կարծիքով` ՀՀ իշխանություններն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն լարվածությունը թուլացնելու և Ղազախստանի հայերի շահերը պաշտպանելու ուղղությամբ:

- Նախ ցավում եմ Ղազախստանի Կարագանդա քաղաքում հայերի մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ և ցավակցում եմ զոհի հարազատներին, տուժածներին էլ մաղթում եմ շուտափույթ ապաքինում: 

Ստեղծված իրավիճակից լավ կլինի, որ դասեր քաղենք: Ես կարծում եմ, որ մենք պետք է միշտ հիշենք, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի նաև տարբեր երկրներում հայ համայնքների համար հնարավորություններ, այլ ոչ թե մարտահրավերներ ստեղծելուն: Հիմա մենք գործ ունենք Սփյուռքի մի համայնքի առկա և հնարավոր խնդիրների հետ, որոնցով զբաղվելը միայն մեր արտաքին գերատեսչության հարցը չէ: Այս համատեքստում իրավունք չունենք հետևողականորեն չզբաղվելու Սփյուռքի խնդիրներով՝ համայնք առ համայնք, երկիր առ երկիր: Այստեղ էլ հարց է առաջանում՝ արդյո՞ք լավագույն լուծումը Սփյուռքի նախարարությունը փակելն է: Վստահ եմ՝ ո՛չ: Կարելի է բանավիճել ժամերով, ասել, որ Սփյուռքի նախարարությունն իր գոյության տարիների ընթացքում մեր ակնկալիքները ապահովել է կամ չի ապահովել: Վստահ եմ՝ կարծիքները տարբեր են լինելու: Բայց հիմա մեր խնդիրը ո՞րն է․ ժամանակի ընթացքում քարը քարին դնելով ավելի մեծ արդյունքի հասնե՞լը, թե՞ ինչ-որ մի բան ջնջել և նորից սկսել կամ չսկսելը:

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում խորհրդարանական դիվանագիտության անելիքներին, ապա պետք է նշեմ, որ անցումային այս շրջանում, երբ մեր լիազորությունները դե յուրե պահպանվում են մինչև գործող ամսվա հունվարի 14-ը, բայց դե ֆակտո բոլորի համար պարզ է, որ հիմա մենք լիազորություն չունենք, խորհրդարանական բաղադրիչը չի կարող լիարժեք գործել, ուստի գործադիրից ավելի մեծ ուշադրություն և զգոնություն է պահանջվում:

- Թերևս սա առաջին դեպքը չէ, երբ հայերի մասնակցությամբ այս կամ այն երկրում նման միջադեպեր են տեղի ունենում, սակայն նման լարվածության,  սովորաբար, դրանք չէին հանգեցնում: Ըստ Ձեզ` ինչո՞ւ Կարագանդայի դեպքը նման հնչեղություն ստացավ:

- Եթե համադրության մեջ ղազախական մամուլում իրավիճակը բավականին ադեկվատ է, ապա դրսից այլ փորձեր են արվում: Հաշվի առնելով մի շարք գործոններ, նաև Ղազախստանի հանրային տրամադրությունն ու դաշտը, այդ երկրի ներքին, բազմաէթնիկ կառուցվածքը՝ պետք է պատկերացնենք, որ կան և կլինեն մարդիկ և ուժեր, որոնք կփորձեն իրավիճակն այլ կերպ ներկայացնել և արդյունքում ազգամիջյան բախումների համար ֆոն ստեղծել: Իսկ մեզ մոտ կա՞ այն գիտակցումը, որ ովքեր այդ ջրաղացին ջուր են լցնում, դառնում են մեր թշնամիներին օգնողներ և հայ ու ղազախ ժողովուրդների միջև թշնամանք սերմանողներ:

Մենք մոռացե՞լ ենք այն մասին, որ գտնվում ենք որոշակի երկրի հետ տեղեկատվական պատերազմում: Մենք նաև շատ լավ պատկերացնում ենք, որ տեղեկատվական ցանկացած առիթ մեր դիմացինն օգտագործելու է դրանից մաքսիմալ շահ հետապնդելու և մեզ վնասելու համար: 

Այս համատեքստում կարևոր է, որ արագ վերականգնենք մշակված քաղաքականության ավանդույթները՝ արտաքին տեղեկատվական հոսքերի կանխատեսումից և կանխարգելումից մինչև արագ արձագանք՝ հաշվի առնելով տեղեկատվական պատերազմում լինելու իրողությունը: Եթե որևէ հարցում, նաև այս հարցում կանխարգելման հետ կապված գործիքակազմ չունենաս, հետո քեզ համար դժվար իրավիճակ է ստեղծվելու: Արդյունքում դու ստիպված ես լինելու աշխատել արդեն հետևանքների հետ: Հետևանքների հետ աշխատելիս պետք է հաշվի առնել, որ այսօր վիրտուալի և իրականի սահմանները շատ լղոզված են: Հետո դու արդեն հետևանքների հետ կորուստներով ես աշխատելու և արդյունքի հասնելու համար ծախսելու ես էապես ավելի շատ ժամանակ և ռեսուրսներ, իսկ արդյունավետությունն էլ բարձր մակարդակի վրա չի լինելու:

Միևնույն ժամանակ պետք է հիշել, որ քաղաքական, անձնական փիարը չի կարող և չպետք է վեր դասվի չվնասելու սկզբունքից, քաղաքական պատասխանատվության խնդիր կա թե' մեդիա-գործընկերների, թե' քաղաքական գործիչների մոտ: Ղազախստանում հայ համայնքը շատ զգայուն է, և որևէ սխալ քայլ, գործողություն, ներառյալ՝ տեղեկատվական դաշտում, կարող է ունենալ կայծի էֆեկտ, որից կարող են բռնկվել շատ անցանկալի հետևանքներ: Հետևաբար` այս հարցում զգուշավորությունը շատ կարևոր է: Ես նորից եմ կրկնում՝ չպետք է քաղաքական փիարը վեր դասվի չվնասելու սկզբունքից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: