ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մերձավոր Արևելքը՝ քաղաքական ուժերի արտաքին գերակայությունների համատեքստում (համադրական վերլուծություն)

Synthesio

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների շրջանակներում «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի կողմից իրականացված վերլուծական հոդվածների շարք: Հոդվածներն անդրադառնում են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ ընտրարշավում մրցակցող քաղաքական ուժերի տեսլականներին՝համադրելով դրանք: Համադրական վերլուծությունը հիմնված է քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի, ինչպես նաև «Արմեդիա» ՏՎԳ կողմից իրականացված հարցազրույցների վրա: Տվյալները ներկայացվել են նաև աղյուսակավորված տեսքով:

 Թեև մերձավորարևելյան տարածաշրջանն իր արտացոլումը չի գտել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի արտաքին քաղաքական գերակայությունների շարքում, հաշվի առնելով տարածաշրջանի կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար՝ «Արմեդիա» ՏՎԳ-ն Հայաստանի մերձավորարևելյան քաղաքականության շուրջ զրուցել է վերոնշյալ ուժերի ներկայացուցիչների հետ (բացառությամբ՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության, որը հարցազրույց չի տվել):

Ընդհանուր առմամբ՝ քաղաքական ուժերը գիտակցում են Մերձավոր Արևելքի, ինչպես նաև տարածաշրջանում ընթացող զարգացումների կարևորությունը Հայաստանի համար և այս հարցում կարելի է ասել, որ միակարծիք են: Ինչ վերաբերում է տարածաշրջանի նկատմամբ ՀՀ կողմից իրականացվող քաղաքականությանը, ապա այս հարցում քաղաքական ուժերը հիմնականում երկու խմբի են բաժանվում: Նրանց մի մասը գտնում է, որ Հայաստանը մերձավորարևելյան տարածաշրջանի նկատմամբ ակտիվ քաղաքականություն վարելու անհրաժեշտություն կամ հնարավորություն չունի և պետք է սահմանափակվի միայն Մերձավոր Արևելքում բնակվող հայերի պաշտպանության և Հայաստանում նրանց ինտեգրման խնդիրներով: Քաղաքական ուժերի մյուս խումբն էլ կարծում է, որ անհրաժեշտ է շարունակել տարածաշրջանային երկրների հետ երկկողմ հարաբերությունների խորացումը, լինել ակտիվ և դառնալ դերակատար տարածաշրջանում:

Մասնավորապես, «Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքը կարծում է, որ «այս պահին Հայաստանը չի կարող է որևէ քաղաքականություն իրականացնել» Մերձավոր Արևելքի ուղղությամբ: «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքը գտնում է, որ «Մերձավոր Արևելքում բախվում են ուժային կենտրոնների շահերը, և Հայաստանն այս հարցում շատ սահմանափակ է իր ազդեցության և որևէ միջամտության առումով»: Դաշինքը ելնում է նրանից, որ «այս պահին ՀՀ համար շատ դժվար է ձևակերպել մերձավորարևելյան քաղաքականություն՝ որպես այդպիսին»:

Նմանատիպ դիրքորոշում ունի նաև «Ծառուկյան» դաշինքը, որը կարծում է, որ «ճիշտ չի լինի ասել, որ Հայաստանը շատ ակտիվ միջամտություն կարող է ունենալ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին»: «Ելք» դաշինքը ևս կարծում է, որ «Մերձավոր Արևելքի հետ կապված Հայաստանի դերակատարությունը պետք չէ ուռճացնել, ասել, որ մենք ինչ-որ մեծ դերակատարում այնտեղ կարող ենք ունենալ»: Առավել պասիվ դիրքերից է հանդես գալիս Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ պարզապես կարևորելով տարածաշրջանում խաղաղության հաստատումը:

Ինչպես նշվեց, երկրորդ խմբի մեջ մտնում են այն ուժերը, որոնք հանդես են գալիս մերձավորարեևլյան երկրների հետ  առավել ակտիվ համագործակցության օգտին: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը (ՀՀԿ) պատրաստակամություն է հայտնում «շարունակել Մերձավոր Արևելքում մեր բարեկամ երկրների հետ երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ուղղված աշխատանքները՝ հենված փոխադարձ շահերի, քաղաքական և տնտեսական համագործակցության վրա, ինչպես նաև հումանիտար նշանակության խնդիրների շուրջ»: «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» (ՀՅԴ) ևս կարծում է, որ «չնայած առկա անորոշությանը՝ մենք այս ուղղություններով պետք է լինենք ակտիվ, գործունյա, հատկապես Սիրիայի և Իրաքի պարագայում, որտեղ ունենք համայնքներ»: «Այս ուղղություններով էլ պետք է լինենք դերակատար, կողմ հանդիսանալու խնդիր չկա, սակայն մեր անվտանգության հարցերի և այդ երկրներում մեր հայրենակիցների շահերի սպասարկման իմաստով պետք է ակտիվ լինենք», - կարծում է ՀՅԴ-ն:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը գտնում է, որ «Մերձավոր Արևելքի նկատմամբ պետք է ուշադիր լինել»՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մերձավոր Արևելքը մեր անմիջական հարևանությամբ գտնվող տարածք է, և մենք չպետք է թերագնահատենք նախևառաջ առկա ահաբեկչության գլոբալ սպառնալիքը: Բացի այդ, կուսակցության կարծիքով «մենք պարտավոր ենք մտածել մերձավորարևելյան երկրների հետ բնականոն հարաբերություններ պահպանելու և զարգացնելու մասին՝ հանուն մեր հայրենակիցների խնդիրների առավել արագ լուծման»: Եվ վերջապես մենք պետք է հասկանանք, որ այդ հարաբերություններն ուղղակիորեն ազդում են այդ տարածաշրջանի անվտանգության վրա:

Համադրական այլ վերլուծականներ՝

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    08.10.2024
       
    09.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: