ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բոլոր քաղաքական ուժերը կարևորում են ուժային կենտրոնների հետ ՀՀ հարաբերությունների զարգացումը (համադրական վերլուծություն)

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների շրջանակներում «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի կողմից իրականացված վերլուծական հոդվածների շարք: Հոդվածներն անդրադառնում են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ ընտրարշավում մրցակցող քաղաքական ուժերի տեսլականներին՝համադրելով դրանք: Համադրական վերլուծությունը հիմնված է քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի, ինչպես նաև «Արմեդիա» ՏՎԳ կողմից իրականացված հարցազրույցների վրա: Տվյալները ներկայացվել են նաև աղյուսակավորված տեսքով:

 Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում բավական մեծ կարևորություն են տվել ՀՀ արտաքին քաղաքական կուրսին, մասնակվորապես ՀՀ-ԵՄ, ՀՀ-ՌԴ հարաբերություններին, և միայն որոշ ուժեր են ներկայացրել իրենց մոտեցումները ՀՀ-ԱՄՆ և ՀՀ-Չինաստան հարաբերությունների զարգացման տեսլականի վերաբերյալ:

 ՀՀ-ՌԴ

 ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերությունները բոլոր քաղաքական ուժերի կողմից դիտարկվում են որպես ռազմավարական կարևորություն ունեցող հարաբերություններ՝ առավելապես անվտանգությանն առնչվող ոլորտներում և որպես տնտեսական կարևոր գործընկեր: Ուժերից շատերի կողմից հավասարապես կարևորում են ինչպես ՀՀ-ՌԴ հարաբերությունները, այնպես ՌԴ հետ սերտ համագործակցությունը միջազգային հարթակներուկ՝ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում:

Այս հարցում տարբերվում է «Ազատ դեմոկրատներ» կուսկացության դիրքորոշումը: Այս քաղաքական ուժը կարևորում է ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերությունների պահպանումը և զարգացումը՝ ընդգծելով իրավահավասարության սկզբունքի պահպանման կարևորությունը: Դրա հետ մեկտեղ առաջարկում է դուրս գալ ԵԱՏՄ կազմից, ինչպես նաև վերանայել ՀԱՊԿ հիմնարար պայմանագրերը՝ հասնելով «երկկողմ (հայ-ռուսական) կամ բազմակողմ (եթե հնարավոր է) ձևաչափով Հայաստանին սպառնացող վտանգներին արագ ու վաղօրոք հակազդելու վերաբերյալ» արձանագրությունների ընդունմանը: Հակառակ դեպքում կասկածի տակ է դրվում ՀԱՊԿ-ին անդամակցության նպատակահարմարությունը:

«Ելք» դաշինքն, իր հերթին, արտաքին քաղաքական սխալ է համարում ԵԱՏՄ-ին անդամակցությունը, սակայն չի առաջարկում դուրս գալ միությունից՝ դրա փոխարեն կարևորելով ռիսկերի գնահատումը: Նաև դաշինքն առաջարկում է բանակցություններ սկսել ՀԱՊԿ շրջանակներում «միմյանց անվտանգության ապահովման դաշնակցային պարտավորությունների հստակեցման շուրջ»:

«ՀՅԴ» դիրքորոշմամբ, չնայած ԵԱՏՄ որոշ պետություններ ադրբեջանամետ քաղաքականություն են վարում՝ ի վնաս մեզ: «Սակայն, այդ ամբողջն իմանալով, անհրաժեշտ է, որ մենք այդ ինտեգրումը շարունակենք»,- գտնում է կուսակցությունը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի և Հայկական վերածնունդ կուսակցության նախընտրական ծրագրերում անդրադարձ ՀՀ-ՌԴ հարաբերություններին չկա: Հայկական վերածնունդն ընդգծում է միայն Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ համակարգի զարգացման, նոր ատոմային էներգաբլոկի, աղբավերամշակման գործարանների կառուցման անհրաժեշտությունը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի արտաքին քաղաքականությանը վերաբերող ընդհանրական բաժնում, խոսվում է աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ հարաբերվելիս հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտության մասին՝ նպատակ ունենալով՝ «բարձրացնել ՀՀ ինքնիշխանության և սուբյեկտայնության մակարդակը միջազգային ասպարեզում, ապահովել մեր երկրի անվտանգությունը, ձեռք բերել վստահելի ու հուսալի գործընկերոջ կամ դաշնակցի կարգավիճակ»:

ՀՀ-ԵՄ

Առանց բացառության բոլոր քաղաքական ուժերը կարևորում են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումն ու խորացումը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցությունը համարում է ռազմավարական տեսլական, հեռահար նպատակն է համարում անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Կուսակցությունն առաջարկում է ԵՄ հետ ստորագրելիք նոր պայմանագիրը դարձնել ավելի համընդգրկուն՝ դրանում ներառելով խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման, վիզաների ազատականացման բաղադրիչները:

«Ելք»  դաշինքը նախատեսում է բանակցություններ սկսել՝ ԵՄ-ի հետ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու շուրջ:

ՀՀԿ-ի կողմից հատուկ ընդգծվում է ինչպես ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման, բարեփոխումների շարունակման կարևորությունը, այնպես էլ եվրոպական առանձին երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:

ՀՅԴ-ի ծրագրում ընդգծվում է. «Մենք ամերիկամետ, ռուսամետ, եվրոպամետ չենք, մենք հայամետ և հայաստանակենտրոն ենք: Արտաքին քաղաքականության վեկտորն ընտրելիս պետք է առաջնորդվենք բացառապես մեր ազգային շահով»:

ՀՀ-ԵՄ հարաբերություններին անդրադարձ չի կատարվում Հայաստանի Կոմունիստական կուսակցության, ՀՅԴ-ի, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքնի և Հայկական վերածնունդ կուսակցության նախընտրական ծրագրերում:

ՀՀ-ԱՄՆ

Քաղաքական ուժերը կարևորում են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը: Այդ մասին իրենց նախընտրական ծրագրերում հիշատակում են ՀՀԿ-ն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, ԵԼՔ դաշինքը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն առաջարկում է ընդլայնել ԱՄՆ-ի հետ առևտրատնտեսական, էներգետիկ և բնագավառներում համագործակցությունը՝ ընդհուպ մինչև ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրում: ՀՀԿ-ն, իր հերթին, նախատեսում է նոր թափ հաղորդել ԱՄՆ հետ բարեկամական գործընկերությանը: «Ելք» դաշինքը կարևորում է «արժանապատիվ և փոխշահավետ հարաբերությունների» զարգացումը:

ՀՀ-Չինաստան

Չինաստանի հետ հարաբերություններին իրենց նախընտրական ծրագրում առանձին անդրադարձ է կատարել միայն ՀՀԿ-ն: «Ուրախությամբ ենք արձանագրում Չինաստանի հետ վերելք ապրող մեր հարաբերությունների փաստը՝ մի բան, որ հաստատապես շարունակելու ենք նույն ոգով»,- ասված է ծրագրում: 

Համադրական այլ վերլուծականներ՝


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.10.2024
       
    06.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: